Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանը Ստեփանակերտից օրինակ պետք է վերցնի

Հունիս 30,2011 00:00

Լեռնային Ղարաբաղում շուտով առանց ջրի կորստի շուրջօրյա ջրամատակարարում կլինի

\"\"Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգաբնակչությանը խմելու ջրով ապահովելը տեղական իշխանություններին հուզող առաջնահերթ խնդիրներից է մնում: Մինչ այսօր ոչ միայն գյուղերն ու շրջկենտրոնները, այլեւ մայրաքաղաք Ստեփանակերտը զրկված են շուրջօրյա ջրամատակարարումից: Մայրաքաղաքում խմելու ջրի խնդրից բացի, հրատապ է կենցաղային կեղտաջրերը քաղաքի սահմաններից հեռացնելու հարցը: Բանն այն է, որ կեղտաջրերն ինքնահոս լցվում են քաղաքի տարածքում գտնվող ձորակները, հոսում դեպի Կարկառ գետը՝ ստեղծելով անտանելի հակասանիտարական վիճակ: 24-ժամյա ջրամատակարարումից զուրկ Մարտունի քաղաքում էլ ներքին բաշխիչ ցանցն է ծայրահեղ քայքայված վիճակում եւ գոտիավորված չէ: Այդ պատճառով ջուրը տրվում է գրաֆիկով եւ ցանցի մաշվածության պատճառով քիչ թվով սպառողների է հասնում: Մեկ տարուց Ստեփանակերտի եւ Մարտունու բնակիչների համար այս հարցերը լուծված կլինեն: Մարտունիում հին ցանցը վերանորոգելու փոխարեն կնախագծվի նորը: Ներկայումս երկու քաղաքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացնում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ «Հայջրնախագիծ» ինստիտուտի մասնագետները: Նախագծային խումբը հունիսի 20-24-ը Ստեփանակերտում եւ Մարտունիում հետեւել է աշխատանքների ընթացքին:
Ծրագրի կոորդինատոր, համալսարանի կրթական բարեփոխումների վարչության պետ Արեստակ Սարուխանյանի փոխանցմամբ, 2008 թվականից մեկնարկած ծրագրի շինարարական աշխատանքների 50%-ից ավելին ավարտվել է: Նախատեսվում է, որ 2012 թվականին ստեփանակերտցիներն այլեւս շուրջօրյա ջրամատակարարում կունենան: Նրա \"\"խոսքով, Ստեփանակերտում ծրագիրն իրականացվել է ԼՂՀ կառավարության միջոցներով, իսկ Մարտունիում ջրամատակարարման ու ջրահեռացման համար «Հայաստան համահայկական հիմնադրամն» է աջակցել: Ըստ ծրագրի համակարգողի, Ստեփանակերտում, ի տարբերություն հին ջրամատակարարման համակարգի, որի դեպքում մինչեւ 90% ջրի կորուստ էին ունենում, նոր համակարգը, շնորհիվ նորամուծությունների, բացառելու է ջրի կորուստը: Համեմատության համար պարոն Սարուխանյանը նշեց, որ Երեւանում այսօր, պաշտոնական տվյալներով, ջրի կորուստը 84% է: Մեր հարցին՝ արդյոք աշխատանքները որակո՞վ են իրականացվում եւ ջրի խողովակները մի քանի տարի անց փոխելու ենթակա չե՞ն լինի, Ա. Սարուխանյանը պատասխանեց. «Աշխատանքների սկզբում որոշված էր, որ խողովակները պետք է դիմանան մեկ մեգապասկալ ճնշման, բայց խողովակների որակը չի բավարարել մեր պահանջներին: Հայ ենք, չէ՞… Պարզվեց, որ արտադրողը պարզապես վերցրել է ուրիշ հումք, ներկ է խառնել, հարմարեցրել գույնը: Շահագործումից հետո տեսանք, որ ճնշմանը դրանք չդիմացան: Հիմա շատ զգուշավոր ենք ամեն հարցում եւ խողովակների տեխնիկական պարամետրերի համար չենք վստահում արտադրողներին, ինքներս փորձարկում ենք՝ նոր տեղադրում»:
Անդրադառնալով ԼՂ մայրաքաղաքից կեղտաջրերի հեռացմանը՝ պարոն Սարուխանյանը նշեց, որ նախորդ տարի կատարվել է նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակում, որի իրականացումով կենցաղային կեղտաջրերը կհեռացվեն քաղաքի սահմաններից, կբարելավվի քաղաքի էկոլոգիական վիճակը, եւ ներկայիս համաճարակային օջախ հանդիսացող ձորակները կդառնան գրավիչ՝ բնակիչների ու զբոսաշրջիկների համար: Այս մասով արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են, քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվել է 450 մետր երկարությամբ կոլեկտոր, որով կենցաղային կեղտաջրերը Ստարավոյտովա փողոցից կտեղափոխվեն դեպի Կարկառ գետը: Հետագայում նախատեսվում է նաեւ մաքրման կայան ունենալ: Ա. Սարուխանյանի խոսքով, ծրագրերը շարունակական կլինեն, եւ ոչ միայն ԼՂՀ մայրաքաղաքը նոր տեսք կունենա, այլեւ ծրագիրը կներառի նաեւ շրջկենտրոններն ու գյուղերը: «Մի քանի տարուց Լեռնային Ղարաբաղում կյանքը գրավիչ ու հաճելի կլինի: Համոզված եմ, որ Ստեփանակերտում ունենալու ենք այնպիսի օրինակելի ջրամատակարարման համակարգ, որից Երեւանը պետք է օրինակ վերցնի: Ստեփանակերտցին այսօր հաղթականորեն գիտի՝ ինքն է իր տան տերը, եւ իր տունը կառուցում է ավելի մեծ պատասխանատվությամբ, քան մենք՝ Երեւանում»,- կարծում է Ա. Սարուխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել