Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Հունիս 30,2011 00:00

Նրանք ոչ մի դեպքում նման վիրահատություն չեն անի

\"\"

Հայաստանում առաջին պլաստիկ վիրահատությունը տեղի է ունեցել 1980-ականներին՝ Միքայելյան ինստիտուտում: Դա եղել է բութ մատի վիրահատություն: Այդ վիրահատությամբ, ինչպես նաեւ դրան հաջորդող պատերազմական գործողությունների արդյունքում մարդկանց ստացած վնասվածքները սկիզբ են դրել Հայաստանում պլաստիկ վիրաբուժությանը:
Արդեն 25 տարի Հայաստանում պլաստիկ վիրահատություններ են կատարվում:
Այս կապակցությամբ այս օրերին Երեւանի պետական բժշկական համալսարանում ընթանում է «Անցանկալի ելքերն ու բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով համաժողովը, որի կազմակերպիչներն են Պլաստիկ վերականգնողական ու էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան (AAPRAS) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը, որոնց աջակցել են Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնությունը (IPRAS), Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության ու էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիան (ESPRAS): Մասնակցում է 20 երկրի 150 պլաստիկ վիրաբույժ:
AAPRAS նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, համաժողովը նպատակ ունի հնարավորություն տալ տեղացի վիրաբույժներին փորձի փոխանակման եւ շփումների միջոցով զարգացնել Հայաստանում դեռեւս երիտասարդ մասնագիտությունը: Մեր զրուցակիցը, սակայն, սրտնեղում է, որ համաժողովի ընձեռած հնարավորությունից քչերն են օգտվում. «Սա բացառիկ հնարավորություն է հայ վիրաբույժների համար: Սա իսկապես մեծ պատիվ է մեզ համար, որ եվրոպական միջազգային պլաստիկ վիրաբուժությունների ասոցիացիաների նախագահներն ու մեծ անուն վայելով վիրաբույժներ եկել են Հայաստան: Այս մարդիկ գրեթե ոչ մի երկիր չեն գնում՝ այն էլ միասին: Համաժողովը նվիրված է պլաստիկ վիրաբուժության մեջ սխալների, դժվար դեպքերի, բարդությունների քննարկմանը, փորձի փոխանակմանը: Ցավով պիտի նշեմ, բայց հայ վիրաբույժների մեծ մասին, ասես, չի էլ հետաքրքրել, թե ովքեր են ներկա լինելու, ինչ հարցեր են քննարկվելու: Մոտ կեսը, ովքեր աշխատում են այս ասպարեզում, ներկա չեն: Այնպես չի, որ գաղտնի է հայտագրումը եղել: Բոլորն էլ տեղյակ էին, բայց…»:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, վիրաբուժությունն այնպիսի մասնագիտություն է, որ պետք է անընդհատ սովորես. «Հայաստանում դեռեւս 25 տարվա պատմություն ունենք այս ոլորտում: Եվ կարիք ունենք ամփոփելու մեր արդյունքները, բացթողումները, սխալները, ինչպես նաեւ լսել ուրիշների կարծիքներն ու փորձը, ունեցած եզրակացությունները այդ ասպարեզում»:
Համաժողովում դռնփակ քննարկվում են տարբեր խնդիրներ՝ քթի էսթետիկ վիրահատություն, լիպոսակցիա, ճարպից ազատում եւ նոր կրծքագեղձի ստեղծում, կրծքագեղձի վերականգնում, դեմքի տրանսպլանտացիա եւ այլն:
Նշենք, որ Հայաստանում վերոնշյալ վիրահատությունները բոլորն էլ կատարվում են: Միակ վիրահատությունը, որը դեռեւս Հայաստանում չի փորձարկվել, պլաստիկ վիրահատության միջոցով սեռի փոփոխությունն է: Երբ այս մասին հարցրինք՝ Ա. Հովհաննիսյանը այլայլվեց. «Ճիշտ է, Հայաստանում դեռ ոչ ոք պաշտոնապես չի դիմել պլաստիկ վիրաբույժներին սեռը փոխելու ցանկությամբ, բայց, պարզվում է, հայ բժիշկները միանշանակ դեմ են, որ անգամ երբեւէ այդ փորձը Հայաստանում արվի, այն էլ՝ հայ վիրաբույժների կողմից: Հայերիս շատ պե՞տք է, որ սեռային փոփոխության վիրահատություն կատարվի: Այդ հարցը այստեղ չի քննարկվում: Ավելի կարեւոր հարցեր կան. օրինակ՝ բնածին արատների շտկումը, քթի էսթետիկ վիրահատությունը, կրծքագեղձերը, լիպոսակցիան»:
Մեր զրուցակիցը մեծ գոհունակությամբ արտահայտվեց իր հայրենակից կոլեգաների մասին: Սակայն փաստն այն է, որ պլաստիկ վիրահատության ենթարկվածների մեծ մասը դժգոհում է արդյունքներից: Այս մասով էլ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Վիրաբուժության մեջ անգամ ամենափոքրիկ երեւույթը շատ մեծ է երեւում: Օրինակ՝ կույրաղիքի վիրահատությունից հետո եթե սպին մի փոքր հաստանա, ոչ ոք չի դժգոհում: Բայց քանի որ պլաստիկ վիրաբուժությունը արտաքին վիրահատություն է եւ հիմնականում գեղեցկացնելու միտում ունի, քթի կամ կրծքի վիրահատությունից հետո մնացած սպին եթե մի փոքր հաստ լինի՝ վատ արդյունք է համարվում հասարակության կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել