Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություններ՝ Արարատում եւ Արտաշատում

Հունիս 30,2011 00:00

«Քվեն ուժ է» միավորման դիտորդները հույս չունեն,  որ դրանք արդար կանցնեն

Արարատի գործող քաղաքապետն այս անգամ ընտրակաշառք չի բաժանելու: Այսպես նա «անկեղծորեն» խոստովանել է «Քվեն ուժ է» միավորման ադամների այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել թեկնածուն՝ ազատ, արդար ընտրություն անցկացնելու համար: «Ընտրակաշառքը, կարծես, մեր ընտրությունների բաղադրիչ մասն է դարձել»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քվեն ուժ է» միավորման անդամներից Նելլի Բաղդասարյանը:
Վերոնշյալ շարժումը 22 հ/կ-ների միավորում է, որի անդամներն ընտրություններին հանդես են գալու դիտորդական առաքելություններով:  Իր «առաքելությունը» «Քվեն ուժ է» միավորումը որոշել է սկսել ՏԻՄ ընտրություններից: «Արարատն ու Արտաշատը կարծես նվեր էին մեր կազմակերպությանը»,- ասում է Ն. Բաղդասարյանը: Այդ քաղաքներում հուլիսի 3-ին քաղաքապետի ընտրություններ են լինելու: Հասարակության շրջանում հարցումներ անելուց հետո շարժման անդամները որոշում են հանդիպել քաղաքապետի թեկնածուների հետ: Միավորումը Արարատում եւ Արտաշատում ապշել ու զավեշտ է ապրել իր լսածից ու տեսածից՝ քաղաքապետերի հետ հանդիպումների ժամանակ: «Կարծես նրանք գնում են ոչ թե ընտրությունների, այլ ռազմի դաշտ, որովհետեւ նրանց մոտ բացակայում էր քաղաքակիրթ ձեւով պայքարելու մշակույթը»,- փաստում է Ն. Բաղդասարյանը: «Քվեն ուժ է» միավորման անդամները զարմացել են՝ միշտ քաղաքապետի թեկնածուներով առատ այս քաղաքներում այս տարվա ընտրություններին միայն երկուական թեկնածու են առաջադրվել. քաղաքացիները պատմել են, թե մյուսները տեղի ուժային կառույցների պնդմամբ են հանել իրենց թեկնածությունը: Տիկին Բաղդասարյանը պատմում է՝ չի հաջողվել միայն խոսել Արարատ քաղաքի թեկնածու եւ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի հետ. Երեւանում էր, մամուլի ասուլիս էր հրավիրել: Ըստ շարժման ներկայացուցիչների, ոչ մի քաղաքապետ իր ձախողումների մասին չի պատմում, իսկ, օրինակ՝ Արտաշատի քաղաքապետի համար ձեռքբերում էր շուրջօրյա ջրամատակարարման անցկացումը. «Մինչդեռ քաղաքապետարանում ջուր չկար»: Ն. Բաղդասարյանի փոխանցմամբ, իրենք նաեւ հանդիպել են քաղաքացիների հետ եւ փորձել պարզել՝ իրազեկվա՞ծ են, պատրա՞ստ են մասնակցելու ընտրությանը: Նա ափսոսանք է հայտնում. «ՏԻՄ ընտրությունները միշտ անցնում են պասիվ, առանձնապես ակտիվություն չկա եւ բնական է՝ մարդիկ դադարել են հավատալ: Սա մտահոգիչ է, որովհետեւ ընտրությունները պետք է սկսել հենց ՏԻՄ-ից: Եթե այնտեղ չեղավ արդար ընտրություն, ապա չեմ կարծում, որ հանրապետական ընտրությունները կանցնեն արդար եւ ազատ»:
Բանախոսի ձեւակերպմամբ, պետական մասշտաբով քննարկման առարկա պետք է դառնա այն, որ քաղաքապետերը ընտրության նախօրյակին որոշում են ասֆալտապատել քաղաքը՝ համայնքի գումարը ծառայեցնելով ի նպաստ քարոզարշավի. «Ի՞նչ եք կարծում, պետական մասշտաբով ընտրակաշառք չէ՞ դա, չէ՞ որ պետական գումարն է ծախսվում տվյալ թեկնածուի համար»: Միավորման անդամները մեծ սպասելիքներ չունեն, թե ընտրությունները կանցնեն օրինական:
«Մեր հասարակության հիմնական թերություններից են իրազեկվածության եւ քաղաքացիական զգացումի պակասը»,- ասում է միավորման անդամներից Արմեն Պողոսյանը: «Ընդունված տերմիններ են՝ թափանցիկ, բաց եւ ազատ ընտրություններ, ես ընդունում եմ մի հասկացություն՝ օրինական, այն իր մեջ ամեն ինչ ներառում է,- ասում է Արմեն Պողոսյանը եւ առաջարկում,- լավ կլինի նկարահանվեն ընտրատեղամասերը»:
Հ.Գ. Օրերս Արարատի պետական քոլեջում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունն էր, որն առավել նման էր նախընտրական քարոզարշավի. արարողությանը մասնակցում էր Արարատի գործող քաղաքապետ եւ թեկնածու Աբրահամ Բաբայանը, իսկ ներկաները նույնիսկ մի պահ մոռացել էին հավաքման բուն նպատակը: Քոլեջի տնօրենը, մինչ դիպլոմների հանձնման արարողությունը, ողջունեց Արարատի գործող քաղաքապետին եւ ներկաներին հորդորեց ընտրել հենց այդ թեկնածուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել