Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼ Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ

Հունիս 30,2011 00:00

Կամ՝ ինչպես չափել գիտական անգրագիտությունը

Պարզվում է՝ Երկիր մոլորակի վրա կա «տառաճանաչ» մարդ, որը կարծում է, թե Դավիթ Սեդրակյանը ավելի վատ ֆիզիկոս է, քան Ախպերջանյան Աշոտը: Դավիթ Սեդրակյանը վերջին մի քանի տասնամյակի ամենավառ անհատականությունն է հայկական գիտության մեջ: Ուսանողական նստարանից մինչեւ ակադեմիկոս ընտրվելը (հազվագյուտ դեպք Հայաստանի պատմության մեջ) նրան «մատով» են ցույց տվել՝ որպես տաղանդավոր մարդու օրինակ: Աշոտ Ախպերջանյանը Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնտեսվարն է: Սեփական պաշտոնի անվանումը տառասխալներով էր գրում եւ ավել էր բաժանում հավաքարարներին, բայց վատ բաժանելու համար հանեցին աշխատանքից: Հայկական իշխանությունները գտնում են այդ «տառաճանաչ» մարդուն եւ ասում՝ արի ղեկավարի հայկական գիտությունը: Նրա համար նույնիսկ նոր կառույց են ստեղծում, անունը դնում՝ Գիտության պետական կոմիտե: Նա էլ հավաքում է իր նման լուսավոր ու գրագետ անհատների: Ու ստացվում է լուսաշխատողի շրջանային մշակույթի տան ասմունքի խմբակի եւ հետամնաց «կոլխոզի» գյուղսովետի խառնուրդ կազմակերպություն՝ ԳՊԿ վերնագրով: ԳՊԿ-ն էլ, ունենալով արժեքների սեփական սանդղակ եւ ինչ-որ անհայտ պատվիրատու՝ ֆինանսավորում է ավել բաժանողի գիտությունը: Ոչ ավել, ոչ պակաս՝ Նամիբիայի անապատներում գիտափորձ անելու համար: Երեւի մի հատ էլ սպիտակ ուղտ գնեն, որ ականավոր ավել բաժանողը կարողանա հասնել անապատի խորքերը: Իսկ նրա մյուս գործընկերը, որը ԳՊԿ-ի գրագիրն է, մանր-մանր քայլերով կվազի ուղտի պոչից բռնած՝ գարշահոտություն տարածելով անապատներում: Իհարկե, անհայտ պատվիրատուի՝ «ամեն մի լուսավոր բան ոչնչացնելու» հանձնարարականը կատարելու մեջ Ս. Հարությունյանն իր թիմով հետեւողական է: Երիտասարդ սերնդի գիտնականների (ոչ միայն ֆիզիկոսների) մեջ դժվար է գտնել Ա. Ալլահվերդյանի տվյալներով որեւէ մեկին: Նրա հրապարակումների ցանկը բավարար է, որ պարզապես Ս. Հարությունյանը իր թիմով «հեռու քաշվի»: Որովհետեւ այս երիտասարդն է, որ կարող է դառնալ Հայաստանի գիտության ապագան: Բայց չէ, անհնար է: Պետք է ճանապարհ բացվի կլոնավորման ճանապարհով ԳՊԿ-ից առաջացած հաջորդ սերնդի տհասների համար, որոնք այսօր արդեն տարբեր պատվոգրեր են փախցրել եւ բութ հայացքով սպասում են պաշտոնավարման իրենց հերթին: Լկտի համառությամբ, կատարելով պատվիրատուի հանձնարարականը, Ս. Հարությունյանը պարզապես հիստերիկ վիճակում սեփական պատասխանատվությամբ մերժում է նաեւ այս թեմայի ֆինանսավորումը: Տաղանդավոր մարդ լինելուց բացի, Ա. Ալլահվերդյանը ուրիշ «հանցանք» էլ է գործել: Համագործակցում է ինձ հետ: Միայն գիտական հարցերում՝ ոչ մի քաղաքականություն, ոչ մի ԳՊԿ… Բայց դա էլ հերիք է, որ ԳՊԿ-ից էստաֆետը խլեն նախկին Ֆիզիկայի ինստիտուտի «վոժդերը»: Արմեն Ալլահվերդյանը այլեւս չի աշխատում Հայաստանում: Որ ԳՊԿ աշխատակիցներից ոչ մեկի հետ իմաստ չունի խոսել գիտությունից, դա ես գիտեի շատ վաղուց: Որ նրանց աշխատանքի ոճն ու որակը խեղկատակ թյուրիմացություն է՝ կասկածում էի, բայց համոզվեցի, երբ ՀՀ նախագահի վերահսկողականի հետ ստուգում էի ԳՊԿ-ն: Իմաստ չեմ տեսնում դիմել մարդկանց այդ խմբին որեւէ առաջարկով կամ հարցով: Խոսքս ուզում եմ ուղղել նրանց, ովքեր նշանակել ու հիմա էլ հովանավորում են ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանին: Ի՞նչ եք ուզում: Ի՞նչ անի այդ գորշ մարդն իր թիմով, որ հասկանաք, թե այդպես այլեւս չի կարելի: Պահում եք, որ ի՞նչ: Խելքի ու գիտելիքների չափը ԷՈՒՇ-աբանությունը չէ՞ր: Միայն այն փաստը, որ կառավարության նիստին Ս. Հարությունյանը կողմ է քվեարկում տարրական անգրագիտությանը եւ ստորագրվում է գիտության պատմության մեջ աննախադեպ որոշում (N310 Ն, 19.02.2009թ.) (Է)ներգիայի (ՈՒ)ղղաձիգ (Շ)արժման մասին (տես «Առավոտ», 24.08.2010թ.), բավական չէ՞ր, որ հասկանայիք՝ ձեզ էլ է վարկաբեկում: Այդ կարգի որոշում ընդունելուց հետո, երբ բացահայտվում է գիտական անգրագիտության չափը՝ վերանայվում է կադրային քաղաքականությունը ոչ միայն գիտության ղեկավարման մեջ:
Ամեն անգամ, երբ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը որեւէ անհեթեթ քայլ է անում, մեր ընդհանուր ծանոթներից շատերը լուրջ տեսքով ինձ են պախարակում՝ «էս ընկերդ ի՞նչ է արել»: Չեմ լսել որեւէ դեպք, որ նրա «թիմից» որեւէ մեկին հարցնեն՝ «էս շեֆդ ինչ է արել»: Նման վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ԳՊԿ-ն բացելու եւ նրան նախագահ նշանակելու պահին, երբ մարդկանց մեջ դեպի լավը փոխվելու հույսեր էին հայտնվել, ես իմ հնարավորությունների սահմանում օգնում էի նման կարծիքը ամրապնդելուն: Եվ հարցը նրա մեջ չէր, թե ով էր նոր կառույցի նախագահը: Կարեւոր էր, որ ստեղծվում է նոր հնարավորություն գիտության ասպարեզը «խելքի բերելու»: Բայց երեւի ժամանակն է, որ ես հարցնեմ Ս. Հարությունյանի հովանավորներին՝ «ի՞նչ եք ուզում»: Ձեր ընկերն է՝ «փեշ» փող տվեք՝ ինչ ուզում է, թող անի: Ում ուզում է թող բաժանի: Ոչնչացնելու բան էլ չկար՝ մնացել էր գիտությո՞ւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել