Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարազատները հույսով սպասում են

Հունիս 30,2011 00:00

«Ազատամարտ» կոմիտեն նշեց
\"\"Հունիսի 29-ը Անհայտ կորած ու անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է: Կապանում ամեն տարի նշում են այս օրը, հիշում ու հավատով սպասում արցախյան պատերազմի տարիներին ռազմի դաշտ մեկնած ու տուն չվերադարձած կապանցի 18 ազատամարտիկներին, որոնց վերադարձին հուսո աչքերով են սպասում հարազատները:
Կապանցի Ալեքսանդր Գաբրիելյանն իր որդուց տեղեկություն չունի արդեն 17 տարի: Որդին՝ Լեւոն Գաբրիելյանը, լեռնային ինժեներ էր աշխատում: Արցախյան գոյամարտը սկսվելուն պես թողեց աշխատանքն ու մեկնեց ռազմի դաշտ: Ամուսնացած չէր ու երեխաներ չուներ: Ծնողները սպասում էին որդու վերադարձին, պատրաստվել էին, որ մեծ հարսանիք անեն, բայց 1994 թվականի հունվարի 4-ին Հորադիզում շրջափակման մեջ ընկավ եւ մինչեւ այսօր ոչ մի նորություն չեն ստացել որդուց:
«Հունվարի 19-ին 30 տարեկան պետք է դառնար, բայց հունվարի 4-ին անհետ կորավ ու այդպես էլ չհասցրինք միասին նշել տարեդարձը: Ամեն տարի նշում ենք էս օրը: Հատկապես նման օրերին ենք մենք ավելի հավատով ներշնչվում, երբ մեր կողքին տեսնում ենք նաեւ այլ հարազատների, որոնք նույնպես հույսները չեն կտրում եւ մեր բոլորիս միացնող ցավի շուրջ համախմբվելով՝ մեզ ավելի ուժեղ ենք զգում: Քանի որ անհայտ կորած են, հավատ կա, որ մի օր հնարավոր է տուն գան, հույսով սպասում ենք ու մեզ սփոփում դրանով», – ասում է 82-ամյա Ալեքսանդր պապը, ով շատերի պես այս օրը Բաղաբուրջի հուշահամալիր է այցելում, ծաղիկներ դնում անհայտ կորածների պատվին կանգնեցրած խաչքարին:
Նախկինում Կապանում չկար հուշարձան, ուր կարող էին այցելել ազատամարտիկների հարազատները: 7 տարի առաջ մարզային եւ համայնքային իշխանությունների համատեղ ուժերով խաչքար տեղադրվեց Կապանի Բաղաբուրջ թաղամասում: Բացի հարազատներից, այսօր Բաղաբուրջ են գալիս նաեւ անհայտ ճակատագրով ազատամարտիկների մարտական ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչները, զինվորականները:
Ինչպես ամեն տարի, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ ու մոմավառություն կազմակերպվեց ազատամարտիկների համար: Հարազատները համոզված են, որ իրենց որդիներն ու ամուսինները կենդանի են, եւ մոմ են վառել նրանց համար, որպեսզի որտեղ էլ որ գտնվեն՝ առողջ, անփորձանք ու լավ լինեն:
Վանաձորում՝
առաջին անգամ

Վանաձորում առաջին անգամ հարգանքի տուրք մատուցեցին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվորներին: Վանաձորի Տիկնիկային թատրոնի մատույցներում տեղադրված խաչքարի մոտ էին հավաքվել վանաձորցի անհետ կորած հինգ զինվորների հարազատները, ընկերները, ղեկավար այրեր:
Վանաձորցի անհետ կորած զինվորների ընտանիքներին աջակցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրանց ցուցակներում մինչ հրադադարը անհետ կորած 15 զինծառայող կա: «Յուրաքանչյուր անհետ կորածի համար պետությունը պետք է քննություն անցկացնի եւ հստակ ուսումնասիրի յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական խնդիրն ու ամենակարեւորը՝ հոգեբանական գործոնը հաղթահարվի», – կարծում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Պաշտոնական արարողությունն ավարտվել էր, պաշտոնյաներն ու զինվորները խաչքարին ծաղիկ դրել, խոնարհվել ու հեռացել էին, սակայն որդեկորույս մայրերը դեռ գլխիկոր կանգնած արտասվում էին: «Է, ի՞նչ արեցին, ցավս թարմացրին»,- ասում է Աննա Պետրոսյանը:
Ավելի ցավալի խնդիր կա, շատ դեպքերում ծնողից պահանջում են որդուն զոհված համարի, ծնողները չեն համաձայնում. «Ոչ ոք չգիտի, անձը զոհվա՞ծ է, թե՝ ոչ, ոնց են ինձանից պահանջում նման բան»,- ասում են նրանք:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը պարզաբանում է, որ շիլաշփոթը տեղի է ունեցել ԱԺ ներկայացված առաջարկից, որպեսզի անհետ կորածի ընտանիքին չառանձնացնեն զոհվածի ընտանիքներից, նույն կարգավիճակն ու արտոնություններն ունենան:
Շուտով Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի անհետ կորածների մասին օրենքի նախագիծ, որը հստակություն կմտցնի այս հարցում: «Զոհվածների հարազատները գնում են իրենց որդիների կամ դուստրերի գերեզմանին եւ քրիստոնեաբար հարգում են նրանց հիշատակը, անհետ կորածների ընտանիքները դրանից էլ են զրկված»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:

Հ.Գ. Ըստ տարբեր աղբյուրների, Ղարաբաղի պատերազմի ժամանակ անհետ կորել է 300-400 ազատամարտիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել