Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ԱՏԱՄՆԵՐԸ ՓՉԱՑԵ՞Լ ԵՆ

Հունիս 30,2011 00:00

\"\"Բնապահպանները ահազանգեր են ստանում, որ դելֆինարիումում շահագործվող դելֆինները ջերմություն ունեն

Մեր տեղեկություններով՝ Երեւանի դելիֆինարիումի գլխավոր հերոսները՝ դելֆինները հիվանդացել են: Նրանք ջերմություն ունեն, իսկ ջերմության պատճառը ատամնացավն է: Դելֆինների ատամները մեր քաղցրահամ ջրից սկսել են փչանալ, չնայած դրան՝ խեղճ կենդանիները շարունակում են հարկադրված թռիչքներ անել, պարել ու զվարճացնել հայ հասարակությանը:
«Ես արդեն մի քանի ամիս է՝ ահազանգեր եմ ստանում այդ մասին, բայց ոչինչ անել չեմ կարող, մեզ թույլ չեն տալիս զննել դելֆիններին ու որեւէ օգնություն ցույց տալ նրանց: Մենք մեռանք ասելով՝ մեր ձայնը տեղ չի հասնում: Այդ մարդիկ օրինական դաշտում չեն աշխատում, տանջում են կենդանիներին ու այդ ամենը անում են խիստ գաղտնի պայմաններում: Ոչ մի ինֆորմացիա չկա, թե իրենց մոտ ինչ մասնագետներ ունեն, ինչպես են պահում ու ինչպես են վարվում դելֆինների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով՝ «Դելֆինարիումում խմելու ջուր են օգտագործում, իսկ խմելու ջուրը քլորացված է, իսկ քլորը դելֆինների առաջին թշնամին է»: Տիկին Ադամյանը մասնագիտորեն բացատրեց, որ մեր ջրից իսկապես հնարավոր է, որ դելֆինների ատամները փչանան, իսկ դրանից նրանք հաստատ ջերմություն էլ կունենան. «Դա անտանելի ցավ է, ես չեմ ուզում ու չեմ կարող այդ դելֆինարիում գնալ ու դելֆիններին տեսնել, մենք դիմել ենք, որպես մասնագետ, ու խնդրել զննել դելֆիններին՝ մեզ թույլ չեն տալիս, բնապահպանության նախարարությունը նույնպես մատը մատին չի տալիս՝ ասելով, որ իրենք գործ չունեն: Փաստորեն, Հայաստանում կենդանիները բացարձակ պաշտպանված չեն, մենք նույնիսկ դատարան հայց ենք ներկայացրել նախարարության դեմ՝ նրանց անգործության համար»: Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ գոնե որպես այցելու մտնել, իբր լուսանկարվել դելֆինի հետ ու ուսումնասիրել նրա առողջական վիճակը, ատամները, տիկին Ադամյանն ասաց, որ ոչ. «Բերանի խոռոչը լավ ուսումնասիրել է պետք, մյուս կողմից էլ մենք մինչեւ ինքներս չտեսնենք, չենք կարող կոնկրետ քայլեր ձեռնարկել ու բոլորին ոտքի հանել»:
Նշենք, որ հուլիսի 4-ին հայ բնապահպանները նշելու են բանտարկված դելֆինների պաշտպանության միջազգային օրը: Նրանք պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել՝ կենդանասերների նյարդերի հաշվին Երեւանի Կոմիտասի անվան այգու հարեւանությամբ կառուցված դելֆինարիումի մի շարք խախտումների դեմ:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «եթե քաղցրահամ ջուրը արհեստականորեն աղի են դարձնում, դա նույն ծովի ջրի կազմը, միեւնույն է, չի ունենում, ու ենթադրում եմ, որ հնարավոր է դելֆինների ատամները փչանան: Այդ է պատճառը, որ ԱՊՀ երկրների բնապահպանները պայքարում են դելֆինարիումների դեմ, այն քաղաքներում, որտեղ հնարավոր է ջուրը ծովից վերցնել կամ մոտ է ծովին, դելֆինարիումն ընդունելի է, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ մեր երեխաները զվարճանան եւ ուրախանան դելֆինների հնարքներով, բայց մեր երկրի պայմաններում դա հնարավոր չէ: Բացի այդ, մի շարք էկոլոգիական խնդիրներ են առաջանում երկրի համար: Իրենք վերցնում են քաղցրահամ ջուր, դարձնում են այն աղի ու բաց են թողնում: Ո՞ւր է այդ ջուրը գնում, հավանաբար՝ Հրազդան գետ, արդյունքում՝ մեր հողերը աղակալում են»: Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ դիմել կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունների, մեր բնապահպանության նախարարությանը ոտքի հանել, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Ես մեր նախարարությանը չեմ մեղադրում, որովհետեւ մեր երկրում ամեն ինչ օլիգարխիկ բիզնեսն ու շահն է որոշում, շատ մեծ նշանակություն ունի, թե ով է բիզնեսի տերը եւ ով է գումար վաստակում՝ կարեւոր չէ, թե ում կամ ինչի հաշվին է դա արվում»:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ նման նախագիծ կա, եւ Երեւանում դելֆինարիում է կառուցվելու, մի շարք բնապահպաններ բողոքի մեծ ալիք բարձրացրին: Նրանք համոզված են, որ մեր ջուրը դելֆիններին ի վերջո կուրացման կտանի, բացի այդ, տարածքի նեղ պայմանները կենդանիներին սթրեսի կենթարկեն: Բնապահպաններն ահազանգեցին, հայտարարություններ արեցին, գոռացին, բայց՝ ապարդյուն: Դելֆինարիումը սպասարկող ուկրաինական «Ներում» ընկերությունն օր օրի ավելացնում է դելֆինների շահագործումը, ցերեկային ժամերին մի քանի անգամ 40 րոպեանոց ներկայացումներից բացի, սկսել են գիշերային շոուներ կազմակերպել՝ 4000 դրամ տոմսի արժեքով, եւ հետո, դելֆինների հաշվին այլ բիզնես ծառայություններ էլ են սկսել մատուցել, օրինակ՝ ծնունդների, քեֆերի, միջոցառումների անցկացում՝ դելֆինարիումում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել