Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԿԱ, ՉԿԱ, ՉԿԱ»

Հունիս 30,2011 00:00

\"\"Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի «ականջների» մասին է

Օրերս Երեւանում կայացավ Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության հիմնադիր համագումարը: Միությանն անդամակցում են հայաստանյան մոտ 200 եւ ռուսաստանյան 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք գործում են տարբեր ոլորտներում` ազգային, կրթամշակութային, իրավապաշտպան, հայրենասիրական, երիտասարդական եւ այլն: Հայաստանի եւ Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների այս միավորման նախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ նախաձեռնության հեղինակը նախկինում Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար, ներկայումս ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն է: Ի դեպ, երբ ուսումնասիրում էինք միությանն անդամակցող կազմակերպությունների ցանկը, հետաքրքիր տեղեկություններ ի հայտ եկան: Ասենք, ռուսաստանյան վեց հիմնադիր կազմակերպություններից մեկի ղեկավարը, ՌԴ նախկին առաջին փոխարտգործնախարար, Պետդումայի ներկայիս պատգամավոր Ֆյոդոր Շելով-Կովեդյաեւն է, ում ղեկավարած «Հասարակական-քաղաքական կենտրոնի» հիմնադիրը ՌԴ նախագահի ադմինիստրացիան է:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում նախաձեռնության հեղինակը փորձում էր հավաստիացնել, որ միությունը ապաքաղաքական կառույց է եւ փորձելու է ապահովել հայ-ռուսական հարաբերությունների նոր ձեւաչափի ձեւավորումը հասարակական սեկտորում: Ուրիխանյանը հավաստիացնում էր, որ միության հիմնական նպատակն է կոնսոլիդացնել առկա հսկայական մարդկային ներուժը, որը դուրս է որոշումների կայացման դաշտից, փորձել համատեղ ջանքերով ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված աշխատանք տանել՝ ակնկալելով համարժեք արդյունք: Նա կարեւոր է համարում նորաստեղծ միության գործունեությունը հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում՝ շտկումներ ու լրացումներ մտցնելու առկա թերացումներում: Ուրիխանյանը վստահ է, որ «այս մասշտաբի» կազմակերպությունը կկարողանա «հազար ու մի հարց» բարձրացնել թե ՀՀ եւ թե ՌԴ իշխանությունների առջեւ. «Սա աննախադեպ պահ է պատմության մեջ, երբ միավորվել են տարբեր ոլորտները ներկայացնող այսքան շատ հասարակական կազմակերպություններ: Մեր խորին համոզմամբ՝ այս համագործակցությունը թույլ կտա եւս մեկ աստիճանով բարձրացնել մեր երկու երկրների ռազմավարական համագործակցությունը»: Այս համատեքստում հետաքրքրվեցինք՝ հանդես գալով այս նախաձեռնության կնքահոր դերում, արդյոք ԲՀԿ-ն հստակ ակնարկնե՞ր է ուղղում Արեւմուտքին, որն այսօր Հայաստանում փորձում է առավել ակտիվ գործունեություն ծավալել: Իբրեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ՝ Ուրիխանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը շարունակելու է հանդես գալ բոլոր երկրների հետ համաչափ, բազմակողմանի հարաբերությունների զարգացման դիրքերից, բայց կան գերակայություններ, եւ դա Ռուսաստանի հետ առավել սերտ, բազմակողմանի համագործակցությունն է, հատկապես ՀՀ-ի անվտանգության ապահովման շրջանակներում: Հավաստիացումները՝ հավաստիացում, բայց հետաքրքիր է, որ այս նախաձեռնությունը սկսվեց եւ միս ու արյուն ստացավ առաջիկա ընտրությունների շեմին: Այն, որ ՀՀ քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը մշտապես եւ սերտորեն կապված է եղել ԲՀԿ-ի հետ՝ նորություն չէ: Նորություն չեն նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ ՌԴ-ի հետ ունեցած տնտեսական կապերը: Ինչպես նաեւ նորություն չեն քաղաքականություն վերադառնալու երկրորդ նախագահի հավակնությունները: Հետեւաբար, հնարավո՞ր է, որ հեռանկարում այս միությունում կոնսոլիդացված ներուժը նպաստի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաները բավարարելուն: «Առավոտի» հարցին Ուրիխանյանը պատասխանեց. «Ես որեւէ կապ Ռոբերտ Քոչարյանի եւ տվյալ նախաձեռնության միջեւ երբեւիցե ոչ միայն չեմ նկատել, չեմ դիտարկել, այլեւ չեմ էլ ձեւավորել՝ որպես տվյալ գործի նախաձեռնող խմբի ղեկավար: Այնպես որ՝ ի՞նչ կապ ունի սա ձեր կողմից նշված անձի, առավել եւս՝ նրա տնտեսական, քաղաքական կամ ինչ-որ այլ գործունեության հետ: Չկա, չկա, չկա»: Նկատեցինք, որ հասարակական կազմակերպությունների այս համախմբումը շատ նման է ՌԴ վարչապետի՝ վերջերս ցուցաբերած «ազգային ճակատ» ստեղծելու նախաձեռնությանը, ու հետաքրքրվեցինք՝ արդյոք սա պուտինյան գործունեության հայաստանյան արձագա՞նքն է: Ի դեպ, հայաստանյան շատ ռուսամետ գործիչներ՝ Արտաշես Գեղամյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ այլք, այժմ ջանում են քայլել պուտինյան ուղիով: Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ոչ, բացարձակապես եւ միանշանակ»: Ավելին, նա նկատեց, որ Ռուսաստանում ծնված «ազգային ճակատի» նախաձեռնությունը եղել է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միություն ստեղծելու իրենց նախաձեռնությունից ուղիղ չորս ամիս անց: Իրենք պարզապես համեստ են գտնվել եւ մինչ հիմնադիր համագումարն այդ մասին չեն բարձրաձայնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել