Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԱՔԸ ԴԱՐՁԱՎ ԴԱՆԱԿ

Հունիս 30,2011 00:00

Նախորդ օրը «168 ժամ» թերթը հարցազրույց էր տպագրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որտեղ, ըստ թերթի, վարչապետն ասել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»: Այս արտահայտությունը նախորդ երկու օրերին հայաստանյան մամուլի թեժ քննարկումների առարկա էր, որոնք, մեղմ ասած, հօգուտ վարչապետի չէին: Երեկ ի պատասխան «Առավոտի» հարցադրման՝ կառավարության լրատվական ծառայությունից տրամադրեցին հարցազրույցի այդ կտորի սեփական ձայնագրությունը, ըստ որի՝ տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը: Լրագրողը հարցնում է. «Պարոն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրիտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետեւ մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել»: Վարչապետը վրա է բերում. «Եվ հարցն ինչո՞ւմն է»: Լրագրողը հավելում է՝ «Եվ վիճակն իսկապես…»: Վարչապետը ընդհատում է. «Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն (ծիծաղում են): Բայց ինչպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է մենք այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում, եթե դու սկսում ես Հայաստանում կյանքը բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է, ավելանում է զանգվածը, որն աջակցում է իշխանություններին, եւ դա իշխանությունների հաջողությունն է: Իսկ եթե իշխանությունները ունենում են անհաջողություն, ժողովուրդը ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ոչ մի իշխանություն, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի, այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»: Վարչապետի օգնական Արամ Անանյանը ասաց, որ ինքն արդեն զրուցել է թերթի լրագրողի հետ, ով խոստացել է շտկել վրիպակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել