Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ԴԵՌ ԱՐԳԵԼՎԱԾ Է YOUTUBE-Ը

Հունիս 30,2011 00:00

2010-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշանակվել էր զեկուցող «Էլեկտրոնային ԶԼՄ-ներում արտահայտման եւ տեղեկատվության ազատությունը» թեմայով: Երեկ «Հայացք» ակումբում ասուլիսում նա հայտնեց, որ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովում արդեն քննարկվել է իր զեկույցն ու բանաձեւի եւ հանձնարարականների նախագիծը. «Դրանք նախնական քննարկումների փուլում են: Եվ հավանաբար հունվարին կքննարկվեն լիագումար նիստում»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք զեկույցում անդրադարձե՞լ է Հայաստանում առկա վիճակին՝ Զարուհի Փոստանջյանը հայտնեց. «Իհարկե», եւ մանրամասնեց, որ անդրադարձել է 2008-ի մարտի 1-ից հետո արտակարգ դրության պայմաններում համացանցի նկատմամբ կիրառված սահմանափակումներին. «Ես նաեւ հարցում եմ հղել Հայաստանի ԱԺ նախագահին՝ խնդրելով, որ տրամադրի պարզաբանում, թե ինչո՞ւ է մինչ օրս խորհրդարանի համակարգիչներում ֆիլտր դրված, եւ փակ է YouTube-ը: Մարտի 1-ից հետո դրվեցին այդ ֆիլտրները, եւ մինչ այսօր մեզ հնարավորություն ընձեռված չէ այդ կայքն այցելել: Մինչդեռ հենց բանաձեւում է ասվում, որ նման կայքերը՝ YouTube-ը, Facebook-ը եւ այլն, շատ մեծ դերակատարություն ունեն տեղեկատվության արագ տարածման եւ խոսքի ազատության համար»: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը tert.am-ին պարզաբանել է. «Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ Ազգային ժողովի աշխատակազմն աշխատանքի ժամերին զբաղվի աշխատանքով ու չմտնի ժամանցային կամ իր աշխատանքի հետ չառնչվող կայքեր»: Ըստ պարզաբանման՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մամուլը գրել է, թե պատգամավորներն աշխատանքի ժամին «չաթ են անում», եւ որոշ կայքերի մատչելիությունը սահմանափակելու որոշումը կապ չունի ո՛չ 2008թ. մարտի 1-ի դեպքերի, ո՛չ էլ այլ քաղաքական խնդիրների հետ։ Թե ինչ կապ ունի YouTube-ը «չաթ անելու» հետ՝ մնում է չպարզաբանված:

Հ. Գ. Զարուհի Փոստանջյանն ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն հուլիսի 20-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել