Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր հանրահավաք է

Հունիս 30,2011 00:00

Ի՞նչ սպասելիքներ կարող են լինել ընդդիմության հերթական հանրահավաքից

Այսօր տեղի կունենա ՀԱԿ հերթական հանրահավաքը: Փորձենք պարզել, թե կոնկրետ այսօրվա հանրահավաքից ինչ է հնարավոր ակնկալել եւ ինչի վրա չարժե հույս դնել: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մեր հարցերը փաթեթային տարբերակով լսելուց հետո շատ հոգնած ձայնով նկատեց, որ ինքը ոչ մի սպասելիք չունի հանրահավաքից, եւ բացատրեց, թե ինչու:  ՀՀԿ փոխնախագահը համոզված ասաց. «Մենք հանրահավաքից ոչ մի բան էլ չենք սպասում, մենք ասել ենք, որ կա երկխոսություն, կա բարեփոխումների պրոցես, եւ մենք դա իրականացնում ենք: Իրենց ներկայացրած վերջին առաջարկը՝ ցուցակների մասին, եւս պատասխան ստացել է՝ մենք ասել ենք, որ իրենք ազատ են, եթե ասելու եւ լսելու բան ունեն, կարող են դիմել պետական կառույցների ղեկավարներին՝ ԱԺ նախագահին, վարչապետին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին: Բայց իրենք փորձ չեն արել դիմելու, իրենք որեւէ նորմալ ռեակցիա չեն տվել դրան, բայց եւ ասել են, որ եթե չլինի հատուկ պատվիրակություն, իրենք կգնան ջրբաժանի եւ այլն: Չգիտեմ էլ, թե ինչ բան է այդ ջրբաժանը, պարզապես ես իրենց խորհուրդ չէի տա նորից ետ գնալ. դա տխուր տեսարան կլինի: Երկխոսության պրոցեսը ընթացքի մեջ է, այն պահանջները, որ իրենք դնում են, եւ միաժամանակ մենք ենք դրել, գուցե եւ համընկել են: Այո, իրենց պահանջները եւ մեր՝ բարեփոխումների ծրագրերը համընկել են, եւ դրա մեջ մենք վատ բան չենք տեսնում, ընդհակառակը՝ կարծում ենք, կարելի է դա շարունակել: Ի՞նչ է, պարտադի՞ր է այդ արտահերթ, անկապ ընտրությունների մասին անընդհատ խոսել: Ես այդ հանրահավաքից որեւէ պրոցես չեմ ակնկալում, պարզապես իրենք իրենց մտքերը կարտահայտեն, գուցե եւ հասկանանք, թե ինչ են ի վերջո ուզում: Որովհետեւ, ի վերջո, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, բարեփոխումները, լավ թե վատ, ընթանում են, ինչպես ՀՀ նախագահն է ասել, եւ եթե դա իրենց ձեռք չի տալիս, ես չգիտեմ, թե ուրիշ ի՞նչ են ուզում էս փոքրիկ Հայաստան երկրից»։
Մեր հարցին՝ եթե հավատանք իշխանություններին, ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, իսկ ընդդիմությունն ասում է, որ երկիրը կործանվում է եւ գահավիժում. արդյոք հանրահավաքը պետք չէ՞ այդ առումով դիտել նախընտրական տրամաբանության մեջ: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ «եթե ընտրություններին 7-8 ամիս է մնացել, էլ ուրիշ ի՞նչ տրամաբանության մեջ դիտարկել այս հանրահավաքները: Հազիվ հասցնեն նախապատրաստվել, իրենց շուրջը պահել որոշակի ընտրազանգված, որպեսզի գնան ընտրությունների, առավել եւս՝ եւ մեր հայտնի սոցիոլոգները, եւ հոգեբանները խոսում են այն մասին, որ ՀԱԿ-ը կարող է գալ եւ տեղ զբաղեցնել Ազգային ժողովում, ուրեմն էլ ի՞նչ է պետք: Նույնիսկ եթե արտահերթ լիներ, ավելի քիչ ձայն կհավաքեին, իսկ նորմալ-սահմանադրական ճանապարհով կկարողանան հավաքել իրենց բաժինը: Այնպես որ՝ խորհուրդ կտամ արտահերթ ընտրությունների մասին չխոսել, որովհետեւ դրա համար հիմք չկա, այլ ճիշտ կանեն՝ գնան եւ պատրաստվեն հերթական, նորմալ ընտրությունների, խնդրեմ, այսօրվա հանրահավաքն էլ թող օգտագործեն իրենց նախընտրական քարոզարշավի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել