Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՆՈՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Հունիս 30,2011 00:00

\"\"Իսկ մինչ «հատուկ քննչականն» այդ ուղղությամբ «ջանքեր» է գործադրում,  ԱՄՆ-ում «Մարտի 1»-ը համեմատում են «Հոկտեմբերի 27»-ի հետ:

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանն ու մարտիմեկյան բազմաթիվ գործերով դատախազ Հարություն Հարությունյանը դարձյալ հանդիպել են լրագրողների հետ՝ հերթական անգամ հայտարարելու համար, որ այդ գործով ոչ մի նոր հայտնագործություն՝ բացահայտում, առավել եւս՝ 10 սպանությունների հանգամանքների համատեքստում, չկա: Մասնավորապես՝ ՀՔԾ-ին չի հաջողվել պարզել, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր 2008թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ Լեո-Պարոնյան հատվածում ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից հորիզոնական ուղղությամբ կրակոցներ են արձակել: Հիշեցնենք, որ այդ տեսագրությունը հայտնվել էր YouTube- ում (https://www.youtube.com/
watch?v=8Cuy0XUYyqw), եւ ՀՔԾ-ն այն սկսել էր ուսումնասիրել դեռ մայիսից: Պարզվել է, որ կրակողները ոստիկանության աշխատակիցներ են (ոչ ոք, թերեւս, չէր էլ կասկածում- Ն. Մ.), սակայն, ըստ Վ. Հարությունյանի, չի հաջողվել նույնականացնել նրանց դեմքերը՝ «տեսապատկերները, մեր փորձագետների տրամադրության տակ ունեցած տեխնիկայի միջոցով, ենթակա չեն նույնականացման»: Մի նորություն, այնուամենայնիվ, կա. ՀՔԾ-ն ի հայտ է բերել համացանցում այդ տեսագրությունը տեղադրողին, որը գործում ներգրավվել է որպես վկա ու առաջիկայում հարցաքննվելու է: Ըստ էության, սա է այն արդյունքը, որ ՀՔԾ-ն արձանագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի՝ «Մարտի 1»-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականից հետո ընկած երկամսյա ժամանակահատվածում, իսկ Վ. Հարությունյանի մյուս հայտարարություններն ու մեկնաբանությունները ոչինչ չասող բաներ են:
Իսկ մինչ ՀՔԾ-ն «տքնաջան» աշխատում է «նոր թափ հավաքած» նախաքննությունն առաջ տանելու ուղղությամբ, զուգահեռաբար մեծանում է զոհերի հարազատների դժգոհությունը: Բացի սա, այդ ընթացքում ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներն էլ հնարավորություն ստացան հունիսի 11-ին դիտելու մարտիմեկյան դեպքերի մասին գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած՝ «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրության առիթով ԱՄՆ էին մեկնել ինքը՝ ֆիլմի հեղինակը, «Փաստահավաք խմբի» ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը: Ֆիլմի ցուցադրությունն անցել էր «Սթարս» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում: «Արձագանքը շատ բուռն էր: Հետո ներկաների հետ հարցուպատասխան եղավ, մի քանի օր անց եղավ առանձին մի հանդիպում, որտեղ եղան հարցեր ու պատասխաններ, ելույթներ»,- արդեն Երեւան վերադառնալուց հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց Տ. Պասկեւիչյանը: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ էր ֆիլմի հանդիսատեսը՝ նախկին հայաստանցինե՞ր, ԱՄՆ-ում վաղուց ապրող սփյուռքահայե՞ր, ի վերջո՝ արդյոք միայն հայաստանյան ընդդիմության համակիրնե՞ր էին, թե՞… «Մարդիկ, ովքեր հետաքրքրված էին Հայաստանի ապագայով. կային ե՛ւ հայաստանցի հայեր, ե՛ւ պարսկահայեր, բեյրութահայեր: Կային տարբեր շերտերի ներկայացուցիչներ: ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրության առիթով տեւական գովազդային արշավ էր եղել, եւ ում դա հետաքրքրել էր՝ եկել էր ֆիլմը դիտելու»,- մեր հարցադրմանն ի պատասխան պարզաբանեց հրապարակախոսը: ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները, ավելի քան որեւէ այլ երկրում ապրող հայերը, միշտ հայաստանյան իրադարձություններին արձագանքող ամենաակտիվ հատվածն են: Նրանք ֆիլմը դիտելուց հետո հայաստանցիներին որեւէ մեսիջ ուղղեցի՞ն, ասենք՝ «Մարտի 1»-ի բացահայտման պահանջատեր լինելու հարցում քաջալերելու իմաստով: «Բոլորն էլ, անշուշտ, հետաքրքրված են եւ ուզում են, որ «Մարտի 1»-ը բացահայտվի եւ որքան շուտ՝ այնքան լավ: Շատերն էին իրենց ելույթներում, հարցադրումներում խոսում նաեւ «Հոկտեմբերի 27»-ի մասին»,- արձանագրեց Տ. Պասկեւիչյանը՝ մանրամասնելով, որ ամերիկաբնակ մեր հայրենակիցներն այդ երկու ողբերգություն-ոճրագործությունների միջեւ կապ են տեսնում: Թե ի՞նչ իմաստով՝ արդյոք ա՞յն, որ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել այս ռեժիմի օրոք, թե՞ որ երկու դեպքում էլ հեղաշրջում է եղել: Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ն էլ, «Մարտի 1»-ն էլ շատերն են որակել որպես գործող իշխանության կողմից կատարված հեղաշրջում: Տ. Պասկեւիչյանի ասելով, զուգահեռները տարվել են ե՛ւ որպես տեղի ունեցած դեպքերը նույն ռեժիմի օրոք իրականացված լինելու, ե՛ւ դրանց նույն ձեռագրի իմաստով. «Շատերը համարում էին նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտված չլինելն է նաեւ պատճառը, որ տեղի ունեցավ «Մարտի 1»-ը»:
Ե՛վ 2003-ին, ե՛ւ 2008-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկահայությունն ակտիվ մասնակցություն ունեցավ, եւ, որպես արդեն կանոն դարձած երեւույթ, երկու դեպքում էլ ԱՄՆ-ից Հայաստան հասնող մեսիջներն ու կոչերը ընդդիմադիր «բովանդակություն» ունեին. մի դեպքում նրանք պաշտպանում էին Ստեփան Դեմիրճյանի, մյուս դեպքում՝ ավելի բուռն ու կազմակերպված ձեւով, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ու ժողովրդական շարժումները: «Մարտի 1»-ի դեպքում նրանք փորձո՞ւմ են գոնե իրենց ներդրումն ունենալ այդ գործի բացահայտմանը նպաստելու, ՀՀ-ին այդպիսի պահանջներ ներկայացնելու իմաստով: «Իրենք որոշակի ակտիվություն ունեցող մարդիկ են, բայց դժվար է պատկերացնել, թե ԱՄՆ-ից ինչ կարելի է անել: Ինչ-որ ակցիաներ ժամանակ առ ժամանակ անում են, բայց թե դրանք որքանով են արդյունավետ՝ ինքս չգիտեմ»:
Երբ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլը ցուցադրվում էր ԱՄՆ-ում, իշխանությունները հայաստանցիներիս զբաղեցնում էին համացանցում եւ հատկապես Facebook-ում ակնհայտորեն իշխանական ճամբարից շրջանառության մեջ դրված «Մարտի 1»-ի մասին, իբր, պատմող մեկ-երկու կարճ տեսաֆիլմերով կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ տեսաֆիլմի պարոդիաներով: Դրանք «անանիմկա» էին, առավել եւս լուրջ աշխատանքի արդյունք համարվել չէին կարող, բայց նպատակ ունեին «Մարտի 1»-ի եւ սպանությունների մեղքը, բացառապես տեսաֆիլմին ուղեկցող մեկնաբանությունների «շնորհիվ», բարդել ընդդիմության եւ նրա առաջնորդի վրա: Ընդ որում, ակնհայտորեն փորձ էր արվել տեսաֆիլմը դարձնել Պասկեւիչյանի ֆիլմի «հակակշիռը», այնտեղ նույնիսկ մեկնաբանություններ էին հնչում Պասկեւիչյանի ձայնին ու տոնայնությանը նմանեցված: Այդ երկու տեսաֆիլմերը դիտելու «բախտ» է ունեցել նաեւ Պասկեւիչյանը: Մեր հարցին՝ իր կարծիքով՝ դա համարժե՞ք պատասխան էր իր հեղինակած ֆիլմին, հրապարակախոսը պատասխանեց. «Իհարկե, համարժեք չէր: Դա շատ ծիծաղելի էր: Ես ուղղակի թեստ անելու համար այդ տեսաֆիլմերը նայած մի քանիսին խնդրեցի՝ ձեր բառերով բացատրեք, թե ինչ հասկացաք նայելուց հետո՝ ի՞նչ է եղել «Մարտի 1»-ին: Եվ՝ ոչինչ: Ես հիմա էլ եմ այդ ֆիլմը տեսած բոլորին խորհուրդ տալիս մի երկու նախադասությամբ ասել՝ ի՞նչ հասկացան այդ ֆիլմը նայելուց հետո: Բայց ամենակարեւորը՝ այդ ֆիլմը հեղինակ չունի: Իմ արածը կարող են սուբյեկտիվ համարել, բայց դա հեղինակ ունի, եւ ես ներկայանում եմ իմ անունից: Իսկ ո՞ւմ անունից էր այդ «ֆիլմը» ներկայացվում: Հակաքարոզչությունն էլ է, ի վերջո, քարոզչություն: Դա էլ կարելի է անել հեղինակի անունից, ավելի գրագետ ու այնպես, որ նայողը բան հասկանա: Ի դեպ, դա շատ նման էր Արտյոմ Խաչատրյանի («Պազոլինիի»- Ն. Մ.), 2008-ի փետրվարին Տեր-Պետրոսյանի դեմ արվող ֆիլմերին»,- ասաց Տ. Պասկեւիչյանը՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի իշխանական «վերսիան» իր նպատակին չծառայեց, մարդկանց վրա չազդեց եւ չէր էլ կարող. «Ի վերջո, մարդիկ որեւէ ֆիլմ դիտելուց, առաջին տպավորությունից հետո, այնուամենայնիվ, իրենք իրենց հարցնում են՝ լավ, ի՞նչ տեղեկություն ստացան այդ ֆիլմից, ի՞նչ հասկացան: Այդ իմաստով ֆիմը շատ թույլ էր եւ ազդեցություն գործել չէր էլ կարող: Խորհուրդ եմ տալիս իշխանություններին՝ ընդդեմ մեր ֆիլմի ավելի լավ ֆիլմ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել