Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հունիս 30,2011 00:00

\"\"Հայաստանի իշխանությանը կոչ է արված ԵԽԽՎ 1827 բանաձեւում

Հունիսի 24-ին, ինչպես արդեն հաղորդել ենք, ԵԽԽՎ-ն ընդունել է «Վեհաժողովի դիտարկման ընթացակարգի առաջընթացը (2010 հունիս-2011 մայիս)» թիվ 1827 բանաձեւը: ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Դիք Մարթիի (լուսանկարում) հեղինակած այս փաստաթուղթն անդրադարձ է դիտարկման ներքո գտնվող 10 երկրների եւ հետդիտարկման երկխոսության ներքո գտնվող 4 երկրների: Այս հրապարակման մեջ առանձնացրել ենք բանաձեւի այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանին:
Բանաձեւի 12-րդ կետում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերաբերյալ նշվում է. «Ընդդիմադիր որոշ կարեւոր ուժեր դուրս են մնացել խորհրդարանից, ու չի նախաձեռնվել քաղաքական երկխոսություն արտախորհրդարանական ընդդիմության հետ»: Նույն կետում նշված է, որ Վրաստանում իշխանությունների ջանքերը հանգեցրել են կառավարության եւ ընդդիմության զգալի մասի միջեւ երկխոսության: Մինչդեռ Ալբանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Մոլդովան նշված են իբրեւ երկրներ, որտեղ քաղաքական հիմնական ուժերի անկարողությունը՝ հասնելու փոխխահամաձայնության, հանգեցրել են քաղաքական լուրջ ճգնաժամի: Սակայն բանաձեւի 18.2.2 կետում հենց Հայաստանի ու Վրաստանի իշխանություններին է կոչ արված «շարունակել քաղաքական երկխոսությունը ընդդիմության հետ»:
1827 բանաձեւի 15-րդ կետում նշվում է. «Գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն եւ ԱԺ-ի կարողությունների ամրապնդման կարիք կա դեռ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Ռուսաստանի Դաշնությունում, Սերբիայում եւ Ուկրաինայում»:
Ընտրությունների եւ քաղաքական բազմակարծության առնչությամբ Վեհաժողովը բանաձեւի 18.1.2 կետում կոչ է արել. «Հայաստանի խորհրդարանին՝ շարունակել գործընթացն ուղղված ընտրական համակողմանի բարեփոխումների իրականացմանը՝ նպատակ հետապնդելով երաշխավորել արդար եւ հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար եւ մեծացնել հասարակության վստահությունը ընտրական գործընթացի, ներառյալ՝ դիմումների եւ բողոքների ընթացակարգի նկատմամբ՝ մինչեւ 2012 թվականի մայիսի ընտրությունները»:
Բանաձեւի 18.3.2. կետում նշված է, որ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանները պետք է հետամուտ լինեն «իրականացնելու սահմանադրական փոփոխություններ»: Ի դեպ, 18.3.1. կետում էլ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի խորհրդարաններին է կոչ արված վերանայել իրենց սահմանադրությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել խորհրդարանական վերահսկողության դերը գործադիր իշխանության գործունեության նկատմամբ:
ԵԽԽՎ-ում այս բանաձեւի քննարկման ժամանակ Գերմանիայի պատվիրակ Մարինա Շուստերը  Ադրբեջանի վերաբերյալ ելույթում նշեց, որ կյանքի չեն կոչվում Վենետիկի հանձնաժողովի արած առաջարկությունները, եւ անցած նոյեմբերին կայացած ընտրություններն ազատ եւ արդար պայմաններում չեն անցկացվել, որի արդյունքում ընդդիմադիր միայն մեկ ուժ է հաղթել: Նաեւ նշեց. «Հայաստանում ընդդիմության համար քիչ անցողիկ են խորհրդարանական ընտրությունները: Պետք է լինեն համակարգի համապարփակ բարեփոխումներ մինչեւ 2012 թվականի մայիսի ընտրությունները, որ ապահովվեն անհրաժեշտ պայմաններ՝ մեծացնելու հանրային վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ»:
ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Ալեքսանդր Պոչինոկը, որը մեկն է այն 3 պատվիրակներից, որոնք դեմ էին քվեարկել այս բանաձեւին՝ ելույթում նշեց, թե շատ մտահոգված է դրա ձեւակերպումներով. «Օրինակ՝ 3 երկրների խնդրել են փոխել իրենց սահմանադրությունը, ինչն ուղղակի հարձակում է նրանց ինքնիշխանության հանդեպ»: Եվ հարց տվեց, թե արդյոք ԵԽԽՎ-ն նպատակ ունի դասեր տալ բոլորի՞ն իրենց սահմանադրությունների վերաբերյալ: Ալեքսանդր Պոչինոկը հետաքրքրվեց, թե ո՞րն է իմաստը, երբ փաստաթղթում նշվում է, որ ՌԴ-ում, Ադրբեջանում եւ Հայաստանում ընդդիմության մեծ մասը դուրս է մնացել խորհրդարանից. «Ընտրողնե՛րն են որոշում, թե ով է լինելու խորհրդարանում»: Նաեւ հիշատակեց, որ Հայաստանում կան 80 տարբեր կուսակցություններ:
Հայաստանի պատվիրակությունից այս բանաձեւի քվեարկությանը մասնակցել էին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որոնք քվեարկել են կողմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել