«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն եւ երգչուհի Շակիրան միջերկրածովյան շրջագայության ընթացքում Իսրայել են այցելել, որտեղ նրանց ընդունել է երկրի նախագահ Շիմոն Պերեսը:
Զույգը նաեւ այցելել է իսրայելական եւ պաղեստինյան դպրոցներ, շփվել աշակերտների հետ: Նրանք ինքնագրեր են բաժանել եւ լուսանկարվել երեխաների հետ: Ուսումնական հաստատություններում երգչուհին եղել է որպես «UNICEF»-ի բարի կամքի դեսպան՝ առաջ տանելով միջազգային կրթական ծրագրերը:
Պարզվում է, Շակիրայի այցը Իսրայել՝ ոչ բոլորին է դուր եկել: Եգիպտոսում «Facebook» սոցիալական ցանցում որոշ անձինք կոչ են անում չեղյալ հայտարարել Կահիրեում հունիսի 29-ին կայանալիք համերգը: Իսկ որոշ հակաիսրայելական ակտիվիստներ նույնիսկ կոչ են անում ոչ ցանկալի անձ ճանաչել Շակիրային: