Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի

Հունիս 29,2011 00:00

\"\"Մշակույթի նախարարն ու փոխնախարարը սեփական անկարողությունը կոծկելու եւ հանրության աչքին «թոզ փչելու» փորձեր են անում

Մշակույթի նախարարության վրա Պողոսյան ազգանունը չի գալիս. այն շարունակ ասոցացվում է սկանդալային իրավիճակների հետ: Վկան՝ ԶԼՄ բազմաթիվ հրապարակումները՝ սկսած Թամար Պողոսյանի թեմայից, վերջացրած Հասմիկ Պողոսյանով: Կա նաեւ մեկ այլ Պողոսյան, խոսքը մշակույթի նախարարի ներկայիս տեղակալ եւ ընդհանրապես ողջ կարիերայի ընթացքում սպորտի, երիտասարդության եւ մշակույթի դաշտերում ոչ մի լուրջ դերակատարմամբ աչքի չընկնող, մշտական փոխնախարար Արթուր Պողոսյանի մասին է: Հայտնի է, որ պարոն Պողոսյանի ու մյուս փոխնախարար Արեւ Սամուելյանի միջեւ տարաձայնություններ կան, որովհետեւ այն հարցերը, որ նախկինում Պողոսյանն էր համակարգում, հիմա Սամուելյանին են անցել: Ու այսպես, խանդի հողի վրա պարոն Պողոսյանը որոշել է «Արմենպրեսին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված «Խաչքարի արվեստը» խորագրով տապալված ցուցահանդեսի մասին հարցազրույց տալ: Եվ ահա հունիսի 24-ի թողարկման մեջ Արթուր Պողոսյանն ասում է, որ «Միջազգային հանրությունը եւս մեկ անգամ տեղեկացավ հայկական խաչքարերի նկատմամբ թուրքական եւ ադրբեջանական կողմերի իրականացրած վանդալիզմի մասին… ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը աշխատեց հօգուտ հայկական կողմի: Սակայն, այդ ամենով հանդերձ՝ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրեն ոչ հարիր պահեց»:

Պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, թե ՀՀ մշակույթի նախարարությունը չի՞ պատրաստվում դատի տալ միջազգային այդ կառույցին՝ Ա. Պողոսյանը ծիծաղելի պատասխան է տվել. «Դրա փոխարեն մենք արդեն որոշել ենք ստեղծել մի շարք երկրների հետ կոալիցիաներ, որոնց միջոցով մեր մշակութային արժեքներն առավել պաշտպանված կլինեն եւ հանրահռչակված»: Սա վերջն է, ստացվում է՝ փոխնախարարը պատրաստվում է «դավադրություն» կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ, նրա ներսում նրա դեմ աշխատելով: Ի դեպ, այս փոխնախարարը, որ արտաքուստ կտրուկ քայլեր չի անում, մյուս կողմից էլ ամենեւին Սամուելյանից հետ չի մնում պետության հաշվին ծառայողական տուրիզմով զբաղվելու հարթությունում: Վերջերս, չգիտես ինչու, նա Վենետիկի բիենալեին էր մեկնել տիկնոջ հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասով «կիքսերը», սակայն, Արեւ Սամուելյանով եւ Արթուր Պողոսյանով չեն սահմանափակվում: Հունիսի 22-ին նախարարության mincult.am կայքում կարդում ենք, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Վատիկանի մշակույթի հարցերի պատասխանատու, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիին, վերջինս էլ իր մտահոգություններն է կիսել մշակույթի հավատից հեռանալու, հոգեւոր բովանդակությունից արժեզրկվելու կապակցությամբ: «Դա, ըստ նրա` ակնհայտ է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում»,- ասվում է գերատեսչության կայքում, որը իրազեկում է, թե իբր կարդինալ Ռավասին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հարաբերությունների հստակեցմանը, «փաստելով, որ անհասկանալի է միջազգային այդ կառույցի նման պահվածքը»: Փոխնախարար Պողոսյանի նման, նախարար Պողոսյանն էլ իր հերթին է հակաՅունեսկօյան կոալիցիա ձեւավորելու քայլեր անում, սակայն, քիչ հավանական է, որ վատիկանյան կարդինալը միջնորդի դեր ստանձնի, քանի որ նա այդպիսի լիազորություններ ուղղակի չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել