Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ ԷՐ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Հունիս 29,2011 00:00

Թուրքիայի նորընտիր խորհրդարանը երեքշաբթի օրը անդրանիկ նիստն էր գումարելու: Սակայն խորհրդարանում երդման արարողությունը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, սպառնում էր սկանդալային ընթացք ստանալ, քանի որ առաջին նիստը բոյկոտելու մասին հայտարարել էին ընդդիմության ներկայացուցիչները՝ բողոքելով, որ դատարանը մերժել է ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, առաջին անգամ երկրի պատմության ընթացքում նորընտրիր Մեջլիսը նախատեսում էր իր աշխատանքը սկսել պատգամավորների բոյկոտի պայմաններում:

Երկրի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել ընդդիմությանը ներկա գտնվել նիստին եւ ընդգծել է, որ խորհրդարանը լավագույն վայրն է խնդիրները բարձրաձայնելու եւ դրանք հարթելու համար:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, այդուհանդերձ, հայտարարել է, որ իր վերջնական որոշումը կհայտնի նիստի մեկնարկից անմիջապես առաջ:

Կուսակցությունը սպառնացել է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները իր երկու անդամների՝ Մուսթաֆա Բալբայի եւ Մեհմեդ Հաբերալի ձերբակալության պատճառով, որոնք մանդատ են ստացել հունիսի 12-ի ընտրությունների արդյունքում:

Այս ձերբակալությունները կատարվել են «Էրգենեկոնի» աղմկահարույց գործի շրջանակներում: «Ժողովրդա-հանրապետականի» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը չի մասնակցի երդման արարողությանը, քանի դեռ դատախազությունը կոնկրետ քայլեր չի իրականացրել Բալբային եւ Հաբերալին ազատ արձակելու գործում: Բացառություն կարվի միայն Օքթայ Էքշիի համար, ով խորհրդարանում ամենատարեց պատգամավորն է եւ, ըստ կանոնակարգի, մինչ նոր խորհրդարանական ղեկավարության ընտրությունը վարելու է առաջին նիստը:

Կուսակցությունը հույս ունի, որ վերաքննիչ դատարանը իրենց բողոքը կընդունի. այդ դեպքում նրանք կմասնակցեն երդման արարողությանը: Թուրքիայում նորընտիր խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին հայտնում են նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, պատճառը իրենց կուսակիցներից մեկին՝ Հաթիփ Դիջլեին պատգամավորական մանդատից զրկելն էր՝ այն հիմքով, որ նա ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարի ութ ամիս բանտարկության:

Խորհրդարանի աշխատանքների բոյկոտը կարող է հանգեցնել մասնակի արտահերթ ընտրությունների: Վերլուծաբանների կարծիքով՝ հենց դրան է ձգտում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ում՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, Սահմանադրությունը միանձնյա փոփոխելու համար, խորհրդարանում միայն մի քանի տեղ չի բավականացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել