Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիայի ընդդիմության պատվիրակները ժամանել են Մոսկվա

Հունիս 29,2011 00:00

Սիրիացի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք երեքշաբթի օրը բանակցություններ վարելու համար ժամանել են Մոսկվա, հույս են հայտնել, որ Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի Սիրիայի ղեկավարության վրա՝ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար: BBC-ի մատուցմամբ, սիրիական պատվիրակության ղեկավար, իրավապաշտպան Ռադվան Զիյադեն ասել է, թե Ռուսաստանը կարող է ճնշումներ գործադրել Սիրիայի ռեժիմի վրա՝ հստակ ուղերձ հղելով առ այն, որ նման վարքագիծն անթույլատրելի է: Իրավապաշտպանը նաեւ ասել է, թե Սիրիայում զոհվածների թվում նաեւ ՌԴ քաղաքացիներ կան, թեեւ այդ տվյալներն այլ աղբյուրներ չեն հաստատում:

Սիրիայի ընդդիմության կարծիքով, Ռուսաստանը պետք է դադարի հակազդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայում քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները դատապարտող բանաձեւի ընդունմանը:

Սիրիացիների պատվիրակությունը հանդիպել է ՌԴ նախագահի՝ Աֆրիկայի հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովի հետ: Ընդսմին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե սիրիացի ընդդիմադիրների ու իրավապաշտպանների այցը Մոսկվա՝ մասնավոր բնույթ է կրում, եւ որ պաշտոնական ոչ մի հանդիպում կամ ընդունելություն ծրագրված չէ: Ըստ այդմ, Մարգելովը պատվիրակությանն ընդունել է ոչ թե որպես ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, այլ՝ Ասիայի եւ Աֆրիկայի ժողովուրդների հետ համերաշխության ռուսական համայնքի ղեկավար: Ի դեպ, սիրիական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել հենց այդ կազմակերպության հրավերով:

Պատվիրակության հետ հանդիպումից հետո Մարգելովը հայտարարել է, թե իր համար կարեւոր է եղել հասկանալ, թե Սիրիայում ծավալվող զարգացումների առնչությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը, եւ որ Մոսկվայի համար կարեւոր է Սիրիայում բռնություններն անհապաղ դադարեցնելն ու քաղաքական երկխոսություն սկսելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել