Հաագայի քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, նրա որդուն՝ Սաիֆ ալ-Իսլամին եւ երկրի հետախուզության ղեկավար Աբուդուլլա ալ-Սենուսսիին կալանավորելու սանկցիա է տվել: Նրանք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը:
Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն (նկարում) դեռ մայիսին խնդրել էր կալանավորման թույլտվություն տալ Լիբիայում ցուցարարների «կանխամտածված» սպանության համար: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիշյալ հարցով դիմել էր դատարան:
Քադդաֆին «բացարձակ, լիակատար եւ անվիճելի վերահսկողություն ունի» Լիբիայի պետական ապարատի եւ երկրի անվտանգության ծառայությունների նկատմամբ: Այդ մասին ասել է դատավոր Սանջի Մմասենոնո Մոնագենտը՝ դատարանի որոշման հրապարակման ժամանակ՝ հավելելով, որ Քադդաֆին ու նրա որդին «ստեղծել ու իրականացրել են ցանկացած գնով ժողովրդական ցույցերը ցրելու եւ ճնշելու ծրագիր», իսկ ալ-Սենուսսին օգտագործել է իր իշխանությունն այդ հարձակումն իրականացնելու համար:
Միջազգային քրեական դատարանը իր որոշման մեջ շեշտել է, թե «բավարար հիմքեր» կան ասելու, որ Քադդաֆին եւ նրա որդին, նաեւ ալ-Սենուսսին կատարել են հանցագործություններ, որոնք ընդդատյա են քրեական դատարանին, եւ որ դատարանը նրանց նկատմամբ տրիբունալ հարուցելու թույլտվություն պիտի տա:
Այդուհանդերձ, հիշյալ անձանց կալանավորումը դատարանի համար դժվարին խնդիր է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանն իր ոստիկանությունը չունի եւ այդ հարցում ստիպված է ապավինել իր մասնակից պետությունների օգնությանը:
Քադդաֆիի կառավարությունը հերքում է խաղաղ քաղաքացիների վրա հարձակման փաստը՝ դրանում մեղադրելով ՆԱՏՕ-ին: