Արդեն տեղեկացրել ենք, որ Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ 27 երկրների թիմային պայքարում գրավելով 5-րդ տեղը:
Իննսունականներից ի վեր, առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունից տուն են վերադառնում երեք մեդալ նվաճած: Վերջին տարիներին նույնպես առաջին անգամ է, որ նրանք թե մեդալների քանակով եւ թե թիմային պայքարում շրջանցում են հունահռոմեական ոճի ըմբիշներին: Երեկ «Առավոտը» զրուցեց մեր երիտասարդականի գլխավոր մարզիչ, երիտասարդ մասնագետ Ավետիք Վարդանյանի հետ:
– Գո՞հ եք տղաների ցույց տված արդյունքից:
– Ընդհանուր առմամբ՝ այո, թեեւ առաջին օրը «բրոնզ» կարող էինք ունենալ նաեւ 60 կգ քաշային կարգում, եթե 3-րդ տեղի համար պայքարում Նարեկ Սիրունյանը վերջին վայրկյաններին չպարտվեր: Գոհ եմ նաեւ, որ հանդես գալով թերի կազմով՝ ճանաչվեցինք Եվրոպայի հինգերորդ երկիրը:
– Տղաների մրցելույթները երկու խոսքով կներկայացնե՞ք:
– 50 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանն ընդամենը մեկ գոտեմարտ անցկացրեց ու պարտվեց աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն վրացի մարզիկին: Բայց ինչպե՞ս: Առաջին մրցափուլը վրացունն էր՝ 5:3: Երկրորդում 8:0 հաշվով հաղթեց Արտակը: Եվ երրորդում, երբ 2:2 էր եւ հաղթում էր մեր ըմբիշը, վերջին վայրկյաններին սխալ թույլ տվեց ու մեկ միավորի տարբերությամբ ցավալի պարտություն կրեց: Վրացին հասավ կիսաեզրափակիչ եւ եթե այնտեղ էլ հաղթեր, Արտակը 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն էր ստանալու: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա մրցագորգ չմտավ ու մեր ըմբիշը, որ ի վիճակի էր նաեւ չեմպիոն դառնալ, զրկվեց գոնե «բրոնզ» նվաճելու շանսից: 55 կգ քաշային Մաթեւոս Սարոյանը տարավ երեք հաղթանակ, կրեց մեկ պարտություն եւ գրավեց 3-րդ տեղը: Ի դեպ, Մաթեւոսը պարտության մատնեց աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների արծաթե մեդալակրին եւ անցած տարվա երիտասարդների աշխարհի չեմպիոնին: Նարեկ Սիրունյանը (60կգ) նույնպես երեք հաղթանակ տոնեց, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտվեց մեկ միավորի տարբերությամբ՝ հանգրվանելով 5-րդ հորիզոնականում: Չորս գոտեմարտ շահելուց հետո միակ պարտության պատճառով 66 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բավարարվեց երրորդ մրցանակային տեղով: Շատ լավ հանդես եկավ 74 կգ քաշային Գեւորգ Համբարձումյանը: Նրա «զոհերից» են անցած տարվա աշխարհի առաջնության երրորդ մեդալակիր ադրբեջանցի ըմբիշը, այնուհետեւ՝ գերմանացի մրցակիցը, որի նկատմամբ մաքուր հաղթանակ տոնեց: Սակայն, այնուհետեւ, հավասար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին: Եվ, վերջապես, արծաթե մեդալ նվաճած Վահե Թամրազյանը (84 կգ) չորս հաղթանակից հետո եզրափակչում պարտվեց վրացի Դաթո Մարսաղիշվիլուն:
Ընդհանուր առմամբ մեր բոլոր տղաներն էլ պատրաստ էին պայքարին: Սա ասում եմ նրանց վարած գոտեմարտերից ելնելով, թեեւ, կրկնում եմ, կարող էին ավելի հաջող մասնակցել:
– Առաջընթաց, վերջապես, արձանագրվեց: Ինչո՞ւ էր դա այսքան ժամանակ ձգձգվում:
– Ես ընդամենը մի քանի ամիս է, ինչ նշանակվել եմ երիտասարդականի գլխավոր մարզիչ: Ինձնից առաջ աշխատած մասնագետների աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ: Միայն կարող եմ ասել հետեւյալը. եթե մարզաձեւի ֆեդերացիան, օլիմպիական կոմիտեն եւ նախարարությունը ոչինչ չեն խնայում, եւ մարզիչներն ու թիմը աշխատում են նվիրվածությամբ, հաջողությունն անպայման գալիս է:
– Բայց եկեք խոսենք մեր «հին հայկական թերության» մասին: Տարիներ ի վեր գրեթե ամեն մի մրցումից հետո մարզիչներից լսում ենք, թե մեր տղան հաղթում էր, բայց վերջին վայրկյաններին զգոնությունը կորցրեց, տակտիկական սխալ թույլ տվեց կամ ժամանակից շուտ հավատաց իր հաղթանակին ու… պատժվեց: Այդ մտածելակերպի դեմն առնելու ոչ մի ելք չկա՞:
– Ցավոք, ձեր դիտարկումը ճիշտ է: Մենք յուրաքանչյուր մարզման ժամանակ տղաների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք: Բայց առայժմ սպասվող արդյունքը չկա, չնայած՝ որոշակի դրական տեղաշարժ նկատելի է: Դա, երեւի, իսկապես հայկական գիծ է, որից ձերբազատվելը, իրոք, հեշտ չէ:
– Հիմա երիտասարդական հավաքականն ի՞նչ ծրագրեր ունի:
– Նախապատրաստվել հուլիսի 28-ին Բուխարեստում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ կրկին վեց ըմբիշով կմասնակցենք: Ժամանակը շատ սուղ է: Բայց մտադիր ենք կարճատեւ երկու ուսումնամարզական հավաք կազմակերպել:
– Եվրոպայի առաջնությանը մասնակցած տղաները կմնա՞ն թիմում:
– Հավաքները ցույց կտան:
– Իսկ եթե որեւէ մեկը չհասցնի վերականգնվել, երկրորդ համարները ի վիճակի կլինե՞ն փոխարինել:
– Մեր երկրորդ համարները հիմնական կորիզին գրեթե չեն զիջում: Ավելին, քաշային կարգեր կան, որտեղ հավասարազոր ուժեր են:
– Սեպտեմբերին աշխարհի մեծահասակների առաջնությունն է Ստամբուլում, որտեղ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Մեր երիտասարդների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք կարող են համալրել ազգային հավաքականը:
– Բացառված չէ: Սակայն դա հայտնի կդառնա աշխարհի երիտասարդների առաջնությունից հետո: Իսկ եթե այս տարի չհաջողվի, կարծում եմ, որ 2012-ին նշանակված վարկանիշային մյուս մրցաշարերում երիտասարդներ անպայման կարող ենք ունենալ:
– Իսկ պատանեկանից համալրում ունենո՞ւմ եք:
– Անցած տարվանից երկու քաշային կարգում՝ 55 եւ 74 կգ, համալրում ունեցանք: Իսկ եկող տարվա համար՝ դժվար թե, կամ էլ լավագույն դեպքում 50 կիլոգրամում՝ մեկ ըմբիշ: