Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշամրցաշարը կանցկացվի նոր ձեւաչափով

Հունիս 29,2011 00:00

Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը սեպտեմբերին Մոսկվայում մասնակցելու են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարին:

Մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լեւիտովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ի որոշմամբ 2011 թվականը հայտարարվել է Միխայիլ Բոտվիննիկի տարի եւ հուշամրցաշարն այդ առիթով կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներից մեկն է ու, թերեւս, ամենաներկայացուցչականը, քանի որ տղամարդկանց պայքարին մասնակցելու հրավիրվել են համաշխարհային դասակարգման չորս առաջատարները, իսկ կանանց պայքարին՝ աշխարհի ներկայիս լավագույն գրոսմայստերներից չորսը:

Սովորաբար, շախմատիստները խաղացված պարտիաները վերլուծում են դրա ավարտից հետո միայն: Սակայն ՌՇՖ-ն տեղեկացնում է, որ Բոտվիննիկի հուշամրցաշարում մի ուշագրավ նորամուծություն է մտցվել, որը լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի պայքարի ընթացքին: Ամեն մի հանդիպման միջնամասում ժամացույցները կանգնեցվելու են եւ զույգերից մեկը մեկուկես-երկու րոպեում հանդիսականին պատմելու է, թե ինչու է ընտրել սկզբնախաղի տվյալ տարբերակը եւ գնահատելու է տվյալ պահին խաղատախտակի վրա ստեղծված դիրքը: Այդ ընթացքում նրա մրցակիցն ականջակալով երաժշտություն է լսելու, իսկ հետո դերերը փոխվելու են: Ի. Լեւիտովն ավելացրել է նաեւ, որ սեպտեմբերի 4-ին միաժամանակյա խաղի սեանս է կազմակերպվելու 80 խաղատախտակի առջեւ, ինչի համար ֆեդերացիան իր միջոցներով Ռուսաստանի դաշնության տարբեր վարչական շրջաններից Մոսկվա է բերելու 80 առավել օժտված երեխաների, որոնց հետ մրցաշարի մասնակիցներից յուրաքանչյուրը կխաղա 10 պարտիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել