Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁ, ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հունիս 29,2011 00:00

\"\"Ֆրանսիացի հնագետների նպատակը մեզ հնագիտական ժառանգության պահպանության միջոցները սովորեցնելը չէ, այլ դրանց եվրոպական փորձը ներկայացնելը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկվանից երկօրյա սեմինար են անցկացնում Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը եւ Ֆրանսուա Ֆիշեն Դը Կլերֆոնտենը: Մասնագետները դասախոսությունների ընթացքում ներկայացնում են հնագիտական ժառանգության արդի մոտեցումները եւ սկզբունքները՝ հիմնվելով ֆրանսիական փորձի վրա: Գիտեն՝ կառուցապատման նոր նախագծերն ամենուր հանդիպում են առճակատման. մի կողմից՝ մշակութային եւ բնության պահապանների, մյուս կողմից՝ նրանց, ովքեր կողմնակից են տնտեսական զարգացմանը: Նոր կառուցապատման աշխատանքներ սկսելուց առաջ պետք է անպայման կատարվեն հնագիտական ուսումնասիրություններ, բայց մասնագետները գիտակցում են՝ կառուցապատումից առաջ հնագիտական ժառանգության նախապես գնահատումն ունի իր դժվարությունները, իսկ այդ ժառանգության պատճառով կառուցապատման նախագծերի փոփոխումը վերածվում է եւ՛ տնտեսական, ե՛ւ մշակութային, եւ նաեւ՝ քաղաքական խնդիրների: «Առավոտի» հետ զրույցում պարոն Դեշամպը կարեւորեց Հայաստանում նմանօրինակ սեմինարների անցկացումը՝ հնագույն երկիր է եւ ունի մեծ ժառանգություն, որի պահպանության հարցը պետք է ամուր հիմքերի վրա դրվի: Նա պատմում է՝ եվրոպական երկրներում կառուցապատման աշխատանքներ սկսողներն իրենց հաշվարկներում ներառում են հնագիտական հետազոտության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ մինչ շինարարական աշխատանքներ սկսելը, «ով փչացնում է, նա էլ վճարում է» սկզբունքով: «Ֆրանսիայում նույնիսկ պաշտոնյաները բավականին լուրջ են վերաբերվում դրան: Նրանք պարտավոր են հետեւելու: Գումարի չափը շատ մեծ թվերի է հասնում, դրա պատճառով երբեմն մարդիկ ետ են կանգնում կառուցապատում սկսելու իրենց որոշումից»,- ասում է ֆրանսիացի հնագետը: Իսկ հարցին՝ Հայաստանում այս տարբերակը կգործի՞, նա պատասխանեց. «Չի բացառվում, ինչու՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել