Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դատապարտել է Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը:
Այսօր ողջ բժշկական հասարակությունը եւ, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին:
Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:
Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ եւ որպես առողջապահության նախարար, իմ խորին վիշտը եւ խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երեւույթի նկատմամբ:
Հավատացնում եմ, որ հետեւողական կլինեմ, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին՝ ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երեւույթին: Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա:
Իմ եւ ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցություն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին՝ ողբերգական մահվան կապակցությամբ: