Լրահոս
Օրվա լրահոսը

Հին Երեւանի կենդանի առասպելը…

Հունիս 29,2011 00:00

Ես հին երեւանցի եմ եւ ինձ իրավունք եմ տալիս խոսել մի երեւույթի մասին, որ դուրս է մնացել իշխանությունների, ի մասնավորի՝ քաղաքապետարանի ուշադրությունից։

ԵՍ չեմ անդրադառնալու մեր չքնաղ (իր բազմաթիվ թերություններով հանդերձ) Երեւանի՝ իրար հրմշտող բարձրահարկ շենքերի, կանաչ տարածությունների վերացման եւ այլ տհաճ երեւույթների մասին։ Դրանք շատ են։ Դրանց մասին ասվում, խոսվում է անդադար, անընդմեջ։

Խոսքս մեր քաղաքին իրենց կյանքը նվիրաբերած, ամբողջ մի կյանք Երեւանից դուրս չեկած մարդկանց մասին է, որոնք, չնայած իրենց անբասիր աշխատանքի եւ հայրենիքին բոլորանվեր նվիրումի առկայությամբ իսկ, դուրս են մնացել ուշադրությունից։

Ովքե՞ր են մեր քաղաքի «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը կրող մարդիկ. հիմնականում մտավորականներ ու արվեստագետներ։ Այն էլ՝ փոքրաթիվ, շա՜տ փոքրաթիվ։ Իսկ ահա, անվաստակ վաստակավորների թիվը… (թույլ տվեք փակագծերը չբացել)։

Ո՞ւր են այն պատվավոր քաղաքացիները, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ հող են ստեղծել իսկապես արժանի մարդկանց համար, որպեսզի նրանք դառնան «Երեւանի պատվավոր քաղաքացի»։

Չէ՞ որ մեր քաղաքում կան պարզ, հասարակ մարդիկ, որոնք նույնքան արժանի են այդ կոչումը կրելու։ Ինչո՞ւ են նրանք դուրս մնացել եւ մնում իշխանավորների ուշադրությունից։

– Հենրիկ ջան, մի քանի սովորական պատվոգրերից բացի, ոչնչով չեն արժեւորել իմ 60 տարվա գործունեությունը,- ասում է երեւանցիներին քաջ հայտնի «Կազիրոկ» կոչված ամենահին բացօթյա սրճարանի տեր եւ տնօրեն Հռիփսիկը։

Եվ սա ասում է մեկը, որ երբեւէ եւ ոչ մի օր քաղաքից դուրս չի եկել, ավելին՝ 60 տարի ոչ մի հանգստյան օր չի ունեցել։ Հեշտ է ասելը, 60 տարի, օրը 16-17 ժամ աշխատել։ Իրոք անհավատալի, բայց ես վկան եմ այդ իրողության։

Էն հեռավոր օրերին, 1957թ.-ի աշնանն էր, որ ես եւ իմ կինը՝ Մարիետան, որպես երաժշտական ուսումնարանի ուսանողներ, ծանոթացանք Հռիփսիկի հետ, ու ահա 54 տարի է՝ գիտենք նրան։ Մենք հենց առաջին իսկ օրվանից ենք հարազատ դարձել։ «Կազիրոկը» մեր տունն է, բացօթյա բնակարանը Երեւանի եւ Լոս Անջելեսի բնակարանների կողքին։

– Հերիք է աշխատես, Հռիփսիկ, արի քեզ գոնե մեկ ամիս Լոս Անջելես տանեմ, աշխարհ կտեսնես,- ասում եմ նրան։

– Ի՞նչ ես ասում, Հենրիկ ջան, բա ես կարո՞ղ եմ էս իմ գործը թողնել,– զարմացած ասում է նա։

Եվ կյանք, իսկական ամուսնական երջանկություն էլ չի ունեցել մեր Հռիփսիկը, երջանիկ, տաք օջախ։ Վաղո՜ւց կորցրել է ամուսնուն, հետո էլ՝ երկու զույգ տղաներին, որոնց զավակներին ու հարսներին է տարիներ շարունակ օգնել, թոռներին էլ՝ վճարովի ուսման տաճար առաջնորդել։

«Կազիրոկից» բացի, ուրիշ ոչինչ չունի Հռիփսիկը, ոչ մի հաճույք։

«Կազիրոկն» ու Հռիփսիկը վաղուց են նույնացել։ Կարելի՞ է, արդյոք, Երեւան ասել ու «Կազիրոկը» չհիշել։ Էլ ով ասես, որ չի անցել «Կազիրոկով»։ Էլ՝ Շիրազ ու Սեւակ, Փափազ ու Ներսիսյան (Լեւոն), էլ Մհեր ու Շերենց, գիտության եւ արվեստի քանի՜-քանի հարյուր գործիչներ, օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ Նար Հովհաննիսյանով, Գոհար Գասպարյանով, Տիգրան Լեւոնյանով, Միքայել Թավրիզյանով եւ այլ բազմաթիվ արվեստի գործիչներով։

…Երեւանում եղած ժամանակ ես գրեթե ամեն օր եմ գնում «Կազիրոկ», Հռիփսիկի մոտ։ Դժվար չէ նկատել, որ այցելուները գնալով պակասում են: Հներն էլ չեն մնացել։ Երիտասարդները նախընտրում են օպերայի շրջակա թանկուկրակ սրճարանները։

«Կազիրոկի» հարեւանությամբ երկու տարի է՝ անպաճույճ շքեղությամբ մարդու հոգին է լուսավորում «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսների հրաշալի ձուլածո քանդակը։ Այդ հերոսները «Երեւանի պատվավոր քաղաքացի» չդարձան, սակայն այսօր չարժե՞ այդ քանդակի հարեւանությամբ գրեթե 60 տարի գործող «Կազիրոկ» սրճարանի տեր, աննման Հռիփսիկին, կենդանի լեգենդ դարձած կնոջն ու հայրենասերին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը։

Մի բան, որ չարեցինք պարզ, հասարակ մարդկանց համար, որոնք Հռիփսիկի նման Երեւանի դեմքն էին, ինչպես, ասենք՝ Կարաբալան, Միլիցա Անդրեն, Դալուլեն եւ ուրիշներ։

Մի ուշացեք արժանին տալ արժանավորին, հարգելի հայրենի իշխանավորներ, ապագային կարող ենք զղջալ չարածի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել