Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 29,2011 00:00

ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից  \"\"անդամներ բաց նամակով իրենց վրդովմունքն են արտահայտել օրերս  Գյումրիում կատարված շտապօգնության բժշկի սպանության առիթով:
Նամակը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Հունիսի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ եւ ապա՝ «Լրաբերի» թողարկումից, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Գյումրիում մասնագիտական պարտականություններ իրականացնելիս (անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելիս) հիվանդի հարազատի կողմից վայրենաբար ծեծի ու խոշտանգման է ենթարկվել բուժաշխատող Ա. Գրիգորյանը, որը ստացված ծանրագույն վնասվածքներից մահացել է:

Առողջապահության աշխատակցի նկատմամբ այս անմարդկային վերաբերմունքը վրդովմունք է առաջացրել հանրապետության ամբողջ բժշկական հասարակության շրջանում: Մենք բոլորս խիստ վրդովված ենք կատարվածով եւ գտնում ենք, որ հարկ կա ամենայն լրջությամբ եւ խստությամբ վերաբերվել այս հարցին:

Վերջին ժամանակներս առողջապահական կազմակերպությունները հեղեղվել են հիվանդի շահերը պաշտպանելու մասին տարաբնույթ դրույթներով ու շրջաբերականներով:

Իսկ ո՞վ պետք է զբաղվի բժիշկների շահերի պաշտպանությամբ, բժիշկների անվտանգության հարցերով: Մինչ այսօր գոյություն չունի բժիշկների ու բուժաշխատողների իրավունքները պաշտպանելու գեթ մեկ փաստաթուղթ:

Սա վտանգի տակ է դնում առողջապահական համակարգի գործունեությունը եւ հղի է այլ հետեւանքներով, քանի որ պրակտիկ բուժաշխատողների մեջ թերահավատություն է առաջանում մասնագիտական պաշտպանվածության, անվտանգության եւ հետագա գործունեության վերաբերյալ:

Մենք խիստ դատապարտում ենք նման արարքները եւ պահանջում ենք ամենայն խստությամբ վերաբերվել նշված հարցերին, քանի որ համոզված ենք, այս հարցերն անպատասխան թողնելը կարող է լրջորեն սպառնալ առողջապահական ողջ համակարգի հետագա գործունեությանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ՝

Ռ. Պ. Ստամբոլցյան,

Վ. Պ. Հակոբյան,

Ա. Ա. Գալոյան,

Կ. Գ. Ադամյան,

Լ. Լ. Օսիպյան:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ՝ Հ. Մ. Գալստյան,

Ա. Ռ. Մելիքյան,

Ռ. Ա. Աբրահամյան,

Ժ. Ի. Հակոբյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել