Հունիսի 21-ին եւ 22-ին «Նախընտրական Արարատ» հրապարակմամբ ներկայացրել ենք Արարատի մարզի Արարատ քաղաքում հուլիսի 3-ին կայանալիք քաղաքապետի ընտրության թեկնածուներ՝ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի եւ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի փոխադարձ մեղադրանքները:
Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Թովմասյանը կրկնել է մեղադրանքները: Ըստ Թովմասյանի, Աբրահամ Բաբայանն իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է կազմակերպել եւ ինքն էլ դարձել է այդ աճուրդի հաղթողը, ստորագրություն կեղծելով իրականացրել է մի շարք գործարքներ՝ օտարել է մանկապարտեզ, պատկերասրահ եւ քաղաքապետարանի նիստերի դահլիճը:
Հակոբ Թովմասյանն ասել է, որ երբ ինքն այս ամենի մասին բարձրաձայն խոսել է եւ դիմել իրավապահներին՝ իրեն հեռացրել են Հանրապետական կուսակցությունից: