Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Հունիս 29,2011 00:00

\"\"Այս անգամ շահագործվում է մանկատան սաների անունը

Անցած շաբաթավերջին Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչներին է այցելել մի ժպտադեմ տիկին, ցույց տվել ինչ-որ հասարակական կազմակերպության անդամ լինելը ապացուցող մի վկայական, ըստ որի՝ ինքը տիկին Սիրանույշն է ու փող է հավաքում Գյումրու Ֆրիդրիխ Նանսենի անվան մանկատան համար: Բնակիչներից մեկի պատմելով, «բարեգործ» տիկինը, իր ձայնին արժանահավատ տոն տալով, առաջարկում էր օգնել մանկատան երեխաներին՝ թեկուզեւ 1000-ական դրամով: «Ուրբաթ օր էր, ցերեկ, տանը նստած էի, տիկինը եկավ, թուղթ ցույց տվեց, թե իբր հ/կ ունի ու առաջարկեց օգնել որբերին: Տիկնոջ տեսքն այնպիսին էր, որ ամենեւին չկասկածելով նրա ասածին, 1000 դրամը տվեցի, վերջինս էլ խոստացավ անուն-ազգանունս գրանցել իր ցուցակում՝ իբրեւ նվիրատու: Այնքան ժպտադեմ էր, այնքան սիրալիր, որ էդ պահին չմտածեցի վկայականը ուսումնասիրել, կարդալ հ/կ-ի անունը, տեսնել որտեղից է, ինչացու է, որ իրավունքով է հանդես գալիս ծնողազուրկ երեխաների անունից: Մանկատուն բառը լսեցի ու ձեռքս գրպանս տարա, նույնիսկ էդ տիկնոջը խնդրեցի նվիրատուների ցանկում գրել ոչ թե իմ, այլ հինգ տարեկան աղջկաս անունը, մտածեցի՝ երեխա է, թող իրեն լավ զգա ու փոքրուց սովորի նվիրատվություն անել, թող ստացվի՝ երեխան է օգնում իր հասակակցին: Տիկինը գրանցեց ու շատ շնորհակալություն հայտնելով հեռացավ», -պատմում էր մեր զրուցակիցը: Ըստ նրա, տիկինը շրջում էր թաղամասի բոլոր շենքերով. «Պատկերացրեք, միայն մեր շենքում 36 բնակարան կա, ամենաքիչը 36000 դրամ մեր շենքից տարած կլինի: Իսկ եթե հաշվի առնենք, որ մոտակայքում տասը շենք, ապա տեսեք, թե մի օրվա ընթացքում ինչ փողեր աշխատեց «բարեգործ» տիկինը»:

Խաբված բնակիչները դիմել էին մեր խմբագրություն՝ ճշտելու, թե Ֆրիդրիխ Նանսենի անվան մանկատունը արդյոք պայմանագիր կնքե՞լ է ինչ-որ հ/կ-ի հետ՝ բնակիչներից մանկատան սաների համար հանգանակություն կատարելու, «բարեգործ» տիկնոջ մասին տեղյա՞կ է Գյումրու մանկատան ղեկավարությունը: Պարզվում է՝ ոչ: Գյումրու Ֆրիդրիխ Նանսենի անվան մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը նման պայմանագիր չի կնքել ոչ մի հ/կ-ի հետ: «Մենք ոչ մի բանից տեղյակ չենք, այդ գործողությունները ինձ հետ համաձայնեցված չեն, ես ինձ թույլ էլ չեմ տա ասել, թե գումար հավաքեք մեր երեխաների համար: Եղել են առանձին բարեգործներ, որոնք նվիրատվություններ են արել մանկատան համար, բայց ոչ նման ձեւով»,- զարմացավ մանկատան տնօրենը:

Փաստորեն, Հայաստանում կան «բարեգործներ», որ իրենց հնարամտությամբ գերազանցում են գազի, ջրի կամ լույսի մարդ ներկայացող խաբեբաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել