Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր լռում 1-04-ը

Հունիս 29,2011 00:00

Երբ անցած տարվա հոկտեմբերին Աբովյանի գազիֆիկացման մասնաճյուղի աշխատակիցները իմ բնակարանում նոր հաշվիչ եւ ազդանշանային սարք տեղադրեցին, զգացի գազի ծախսի կտրուկ բարձրացում: Ծանոթներիս խորհրդով, որոնք նույն ճակատագրին էին արժանացել ավելի վաղ, զանգեցի 1-04 եւ խնդրեցի ստուգել գազի արտահոսքի առկայությունը: Ամիսներն անցնում էին, բայց փոփոխություն չէր նկատվում:

Ի վերջո, կանգնելով հաշվիչի մոտ, անզեն աչքով անգամ նկատեցի, որ հաշվիչը դանդաղ աշխատում է, երբ տանը ոչ մի սարք միացված չէ: Դա հունիսի 12-ին էր, եւ անմիջապես զանգեցի 1-04: Ոչ մի պատասխան: Կրկին զանգեր եւ անօգուտ: Խորհուրդ տվեցին բջջային հեռախոսով զանգել 1-04 եւ «ՀայՌուսգազարդից» ուրիշ մի համար խնդրել կամ պարզել պատճառը: Ասացին, որ ոչ մի համար չունեն եւ ինձ օգնել, ցավոք, չեն կարող:

Հաջորդ օրը կրկին անիմաստ զանգերով փորձում էի կապ հաստատել: Հունիսի 14-ի առավոտյան դարձյալ զանգերս մնացին անպատասխան, եւ ես որոշեցի անձամբ գնալ գազի գրասենյակ՝ պարզելու պատճառը: Թե ինչո՞ւ չի պատասխանում 1-04-ը՝ աշխատակիցները հանգիստ պատճառաբանեցին անհայտ չարագործների կողմից 3 օր առաջ կատարված հեռախոսակաբելի գողությամբ: Իմ զարմանքը կրկնապատկվեց, քանի որ 3 օր շարունակ քաղաքի եւ գյուղերի բաժանորդները զրկված են եղել 1-04 զանգելու հնարավորությունից: Իսկ այդ ընթացքում հնարավոր չէ՞ր տեղական հեռուստատեսությամբ տեղեկացնել վթարի մասին եւ ժամանակավոր որեւէ հեռախոսահամար հայտնել: Իսկ եթե որեւէ լուրջ դեպք գրանցվեր՝ ինչպիսի՞ն կլինեին հետեւանքները:

Նույն օրը, ժամեր անց վերացվեց իմ հաշվիչի գազի արտահոսքը, նաեւ իմ խնդրանքով՝ հարեւանիս հաշվիչի արտահոսքը: Երեկոյան հեռախոսակապը արդեն վերականգնված էր, բայց ի՞նչ գնով:

Աբովյանի ԳԳՄ-ի տնօրեն Բ. Բաղմանյանին հասցեագրված իմ դիմումում ես պահանջել էի փոխհատուցել աշխատակիցների մեղքով իմ կրած նյութական վնասը: Հաջորդ օրը ինձ զանգեց փոխտնօրեն Սարիբեկյանը եւ հայտնեց, որ գազի ծախսի տատանումները նկատելի են միայն վերջին 3 ամիսներին եւ ինձ կփոխհատուցվի 27 խմ-ի դիմաց:

Հունիսի 22-ին ինձ այցելում է գազի գրասենյակի աշխատակիցը, որը բերում է իմ դիմումի պատասխանը: Ըստ այդ գրության, գազի ներտնային սպասարկման Աբովյանի մասնաճյուղում չեն հաստատվել իմ զանգերի գրառումները եւ անհիմն կլինի մեղադրել աշխատակիցներին անփութության մեջ, գանձելով չօգտագործված գազի վարձավճարները:

Այսպիսով, ոչ միայն իմ, այլեւ բազում բաժանորդների դժգոհությունները Աբովյանի ԳԳՄ-ի վատ աշխատանքից՝ այդպես էլ մնացին օդից առկախ եւ հավանաբար դեռ երկար կշարունակվեն նմանատիպ միջադեպերը, քանի դեռ Հայաստանի բնակիչները լուռումունջ, բարձր վարձավճարով օգտագործում են պարսկական անորակ գազը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել