Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԵԿԵԼ»

Հունիս 29,2011 00:00

Երեկ դատարանում ասաց «Հայ Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ: Դատարան էին դիմել «Հայ Ջուր» ՓԲԸ-ի «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինության 40 աշխատակիցներ, որոնք պահանջում էին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին այս տարվա ապրիլի 14-ի հրամանները անվավեր ճանաչել, վերականգնել իրենց նախկին աշխատանքում եւ աշխատողների օգտին գործատուից գանձել պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Զանգվածային կրճատման դատապարտված 40 անձանց շահերը դատարանում ներկայացնում էին փաստաբաններ Լուսինե Օհանյանն ու Տիգրան Հայրապետյանը, իսկ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչն էր ԵՊՀ դոցենտ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը: Ի դեպ, դատական նիստից հետո նա հայտնվեց դատարանի շենքի ետնամասում՝ «տղայական ռազբորկայի» մեջ. իհարկե, անհավասար իրավիճակում, քանի որ 1-ն ընդդեմ 40-ի էր:

\"\"Հայցվորի ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը ներկայացրեց հայցի առարկան, տեղեկացրեց, որ վերոհիշյալ կառույցի նպատակն է եղել բացահայտել ընկերության ստորաբաժանումների աշխատակիցների թերությունները, հայտնաբերել եւ բացահայտել ապօրինի ջրամիացումները, անսարք, վնասված ջրաչափերը, նպաստել Երեւանի ջրակորստի նվազմանը:

Հայցվոր- տնօրինությունը ուսումնասիրել է սպասարկման տարածքի 1/4-ը. որի արդյունքում արձանագրվել են 15 305 խախտումներ: Դրանցից 5210-ը վերաբերել են ապօրինի ջրամիացման խախտումներին:

\"\"Ըստ հայցվորի ներկայացուցչի, երբ աշխատակիցները փորձել են հրապարակայնացնել ստեղծված վիճակը, դիմել են անգամ «Վիոլա» ընկերության եվրոպական տնօրինությանը, ջրագողության դեմ ստեղծված տնօրինությունն իր ողջ աշխատակիցներով կրճատվել են:

Հայցվորները գրել էին. «Ամեն ինչ արվել է ստրատեգիկ հարստության՝ ջրի փոշիացման համար: Ազատ խոսքը առաջացնում է հաշվեհարդարի ցանկություն՝ կառուցվածքային փոփոխությունների տեսքով»:

Հայցվորն ավելի մտահոգիչ փաստարկ էլ բերեց. Երեւանում ջրի կորուստները կազմում է 85 տոկոս, եւ միայն 15 տոկոսի դիմաց է հավաքագրվում գումարները: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ կասկածի տակ առավ աշխատակիցների ազատման հրամանը, որն այս տարվա ապրիլի 14-ին էր կայացվել: Ըստ նրա՝ ընկերության խորհրդի 5 անդամներ արտերկրի քաղաքացիներ են եւ հրամանի ժամանակ եղել են 5 տարբեր երկրներում: Նշվեց, որ մինչ օրս ազատված աշխատակիցները չգիտեն, թե իրենք ինչի համար են ազատվել աշխատանքից:

Իր առարկությունները ներկայացրեց նաեւ Գեւորգ Պետրոսյանը, որը հաճախ էր կոնտակտի մեջ մտնում դահլիճի հետ:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «զանգվածային ազատում» տեղի չի ունեցել: Ըստ օրենքի, «զանգվածային ազատումը» այն է, երբ այն կազմում է ընդհանուր թվի 10 տոկոսը: «Երեւանջրի» պարագայում ազատվել է աշխատողների 5 տոկոսը:

Նա ասաց նաեւ, որ գործատուն օգտվել է Սահմանադրությամբ երաշխավորված դրույթից. ազատ է իր տնտեսական գործունեությունն իրականացնելու, եւ որեւէ մեկը չի կարող գործատուի իրավունքները սահմանափակել: Ինչ վերաբերում է «հեռակա» խորհրդի նիստին, որի արդյունքում հայ աշխատակիցներն են ազատվել, Գ. Պետրոսյանը նախ ակնարկեց հայցվորի կողմից հնչեցվածը՝ «Ընկերությունը կեղծիքներ է կատարել», «Զրպարտելու համար այլ ատյաններում կարող է պատասխան տալ», ապա հայտնեց, որ հեռախոսային խորհրդի նիստ է հրավիրվել, խորհրդի յուրաքանչյուր անդամ էլեկտրոնային եղանակով ծանոթացել է օրակարգին, տվել իր համաձայնությունը: Ընթացքում Գ. Պետրոսյանի նկատմամբ հնչած «ճպպոցների» համար մի քաղաքացու դուրս հրավիրեցին դահլիճից:

Հայցվոր կողմը միջնորդեց հետաձգել նիստը՝ հայցի հիմքերը փոխելու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել