Ամեն հորդառատ անձրեւից հետո Երեւանի փողոցներով գետեր են հոսում, որովհետեւ անձրեւատարները հին են եւ չեն հասցնում ջրահեռացումն իրականացնել: Նման փողոցների թիվը գնալով ավելանում է:
Անձրեւատարների աշխատանքի համար պատասխանատու մարմիններն են «Երեւան ջուրն» ու Երեւանի քաղաքապետարանը: Այս մասին «Առավոտն» արդեն հրապարակում ունեցել է (10.06.2011), որտեղ նշել էինք, որ այս խնդրի առնչությամբ կներկայացնենք նաեւ «Երեւան ջուր» ընկերության պարզաբանումը: Օրերս ընկերությունից հայտնեցին, որ անձրեւատարների ընդհանուր երկարությունը, որը վարձակալության պայմանագրով պաշտոնապես հանձնված է շահագործման «Երեւան ջրին», կազմում է 237,2 կմ, սակայն ընկերությունը փաստացի շահագործում է ավելի մեծ երկարություն ունեցող անձրեւատար ցանց՝ 307,5 կմ. «Մեր վարձակալության պայմանագրի համաձայն, մենք կապիտալ շինարարություն իրականացնելու պարտավորություն չունենք: Ընկերությունը միայն պահպանում է անձրեւատարները, շահագործում դրանք ու նորոգում: Երբեմն, քաղաքապետարանի հետ համատեղ կամ աջակցությամբ, մեր կողմից վերանորոգվում կամ վերակառուցվում են անձրեւատարների որոշ հատվածներ կամ կառուցվում են նորերը, սակայն այդ աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են բացառության կարգով, հաշվի առնելով ստեղծված կացությունը եւ ընկերության ֆինանսական հնարավորությունները: Ամեն տարի գարնանն ու աշնանը, ինչպես նաեւ հորդ անձրեւներից ու հեղեղներից հետո, անձրեւատար ցանցը պարտադիր մաքրվում է կուտակված աղբից: Դրա շնորհիվ է, որ անձրեւաջրերի հեռացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում»: Ընկերությունից նաեւ հայտնում են, որ անձրեւատար համակարգերը, քաղաքի զանգվածային կառուցապատմանը զուգահեռ, չեն հզորացվել, իսկ դրանց թողունակությունը թույլ չի տալիս ապահովել հորդառատ անձրեւաջրերի ամբողջական հեռացումը: