Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԹԱՂԵՐԻՑ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ՝ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Հունիս 29,2011 00:00

\"\"Չնայած այս գյուղի բնակիչներն էլ օր ու գիշեր մի փոր հացի համար են աշխատում

«Առավոտը զարթնում եմ, մտնում եմ գոմ, մաքրում եմ, հետո անասուններին եմ կերակրում: Գոման տյուս եմ կյամ, քյամ ճտներին կերակրում: Հետո օտելու մի պան սարքում, հայաթնիյը մաքրում, պատառ շունչ քաշում, հետո էլի գործ-մործ: Մեկ էլ հենա գիշեր ա ու քնելու ժամ ա: Հաջորդ օրը նույնը էլի»: Տիկին Սուսաննան Լեռնային Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղի բնակիչներից է:

\"\"Գյուղում գրեթե բոլոր տանտիկինների առօրյան նույնն է: Մեծ ուրախություն է լինում, երբ ամռանը երեխաներն ու թոռները Հայաստանից կամ Ռուսաստանից գալիս են հարազատ գյուղում հանգիստն անցկացնելու: Տիկին Սուսաննան թեեւ ընդամենը 59 տարեկան է, բայց տարիքով շա՜տ մեծ է երեւում. պատերազմը, հողի հետ աշխատանքն ու գյուղական հոգսերն են նրան «մեծացրել»: Երբ հարցրինք նրա տարիքը, ամաչելով պատասխանեց՝ «Հեսա 59 եմ տառնալու: Խոխեքս կյալու են, որ ծնունդս նշենք: Է՜, տարիքիցս մեծ եմ էրեւում, չէ՞»: Հետո, արդեն հպարտությամբ, տիկին Սուսաննան հրավիրեց իր քրտնաջան աշխատանքի արդյունքներից մեկը՝ ճուտիկներին տեսնելու. «Ցի՜պ-ցի՜պ-ցի՜պ: Գյուղի կյանքը կյանք չի, տանջանքը շատ ա, ուրախությունը՝ քիչ»:

\"\"Տիկնոջ ընտանիքը գյուղում օրինակելի է համարվում՝ 8 երեխա ունի: Երբ պատերազմը սկսվել է, ամբողջ ընտանիքով մնացել են գյուղում. «Բոլորն ասում էին՝ եթե Մասիսը (նրա ամուսինը- Ն. Բ.) խոխեքի հետ գյուղը լքի, մենք էլ ենք տյուս կյալու, թե մնաց՝ մենք էլ կմնանք: Հենա մենք մնացինք, համարյա լոխ մնացին ու կռվեցին ու հաղթեցին»: Տիկին Սուսաննան մեկ առ մեկ թվարկում էր գյուղացու հոգսերը, ըստ նրա, չնայած այդքան տանջվում են՝ հող մշակում, անասուն պահում, բայց այնքան եկամուտ չեն կարողանում ստանալ, որ ապրուստը հոգալուց բացի, գոնե կարողանան տան 2-րդ հարկ բարձրանալու համար աստիճաններ կառուցեն. «Ինչ աշխատում ենք՝ տալիս ենք սալյարկա առնում, որ մաշինեն ցորենը հավաքի: Է, դե եսիմ, է: Ապրում ենք, էլի»: Այդ դժվարություններով հանդերձ՝ տիկնոջ մտքի ծայրով անգամ չի անցնում հայրենի գյուղը լքել. «Բա իմ հայրենի՞քը, իմ հողը ո՞ւմը թողնեմ, թուրքերի՞ն»: Այս կարծիքին են գյուղի գրեթե բոլոր բնակիչները:

18-ամյա Արթուրը սովորում է Երեւանում եւ բուհն ավարտելուն պես վճռել է, որ վերադառնալու է հայրենի գյուղ՝ ամուսնանա, ընտանիք կազմի:

Ի տարբերություն Արթուրի, 24-ամյա Լեռնիկը կրթություն ստանալու բոլոր հույսերը կորցրել է: 16 տարեկանում լոգարանում ընկել է, ողնաշարը վնասել եւ այսօր առանց անվասայլակի չի կարողանում տեղաշարժվել: Գյուղում տեղաշարժվելու առանձնապես պայմաններ էլ չկան, տնից գրեթե դուրս չի գալիս՝ գյուղի ճանապարհներով անվասայլակով անհնար է զբոսնել: Տիկին Սուսաննայի պատմելով՝ չնայած բժիշկները հույս են տվել, որ ժամանակի ընթացքում որդին կառողջանա, հիվանդ նյարդը կվերականգնվի, բայց դրա համար բավականին թանկարժեք բուժում է պետք. «Մենք նույնիսկ հնարավորություն չունենք Լեռնիկին բաղնիք իջեցնելու համար պայմաններ ստեղծել, գրկած ենք տանում-բերում: Ընդամենը 24 հազար դրամ թոշակ է ստանում, դրանով հաշմանդամը ո՞նց կապրի: Նրա համար արվող ծախսերը շատ են: Ես չեմ էլ կարող աշխատել, քանի որ ամբողջ օրը նրա խնամքով եմ զբաղված»: Սենյակից դուրս գալու՝ Լեռնիկի միակ վայրը տան պատշգամբն է, դրանից հեռու ինքնուրույն ի վիճակի չէ տեղաշարժվել: Մայր եւ որդի երազում են գոնե մի բարերար գտնել՝ բուժման ծախսերը հոգալու համար: Լեռնիկի՝ արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոցը կարող է ինտերնետը լինել: Չնայած գյուղում կա ինտերնետ, բայց նա համակարգիչ չունի, ընտանիքն էլ ի վիճակի չէ գնել. «Ամեն օր մտածում եմ՝ մի՞թե մի հարուստ մարդ չկա, մի հատ կոմպյուտեր առնի տղուս համար: Գոնե զբաղմունք կունենա: Ինտերնետով մարդկանց հետ կշփվի»:

Եթե գյուղում բնակիչներն ամբողջ օրը զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով ու քիթ սրբելու ժամանակ չունեն, ապա Հադրութ քաղաքում մարդիկ ազատ ժամանակ շատ չունեն: Չնայած դրան, երիտասարդներն էլ դժգոհում են, որ միայն սրճարան գնալով՝ արդեն հոգնել են՝ «Գոնե քաղաքապետարանը մի բան նախաձեռնի՝ երիտասարդների ժամանակն արդյունավետ անցկացնելու ուղղությամբ, թատերական խմբակ կամ էլ փոքրիկ կինոթատրոն բացի»:

Էմմա Մարտիրոսյանն 88 թվականին է Բաքվից տեղափոխվել Հադրութ: Չի էլ հասցրել բնակարանը փոխանակել, միայն հասցրել է ընտանիքով փրկվել: Ընտանիքի 10 անդամներով բնակվում է 2 սենյականոց փոքրիկ, կիսախարխուլ տանը, որը նրան քաղաքային իշխանություններն են տվել: Սենյակները խոնավ են ու մութ, մի փոքրիկ պատուհանից հազիվ թեթեւ լույս է ընկնում, կերակուրը պատրաստում են վառարանի վրա, մեկ մահճակալի վրա 2, երբեմն էլ 3 հոգով են քնում. «Արդեն 20 տարի այսպես ենք ապրում: Մարդկային նորմալ պայմաններ չկան: Չնայած մեզ նոր տուն են տվել, բայց չենք կարող տեղափոխվել, մենակ 4 պատ ա, ջուր չկա, խոհանոց չկա, կամաց-կամաց սարքում ենք մեր ուժերով: Էն էլ էնքան քիչ փող ենք աշխատում, որ չգիտեմ քանի տարուց կկարողանանք նոր տուն տեղափոխվել: Բայց մեկ ա, հույսներս չենք կտրում: Մենակ թե խաղաղություն լինի, մարդիկ առանց կռիվ ապրեն՝ սաղ իրա տեղը կընկնի»:

Առհասարակ ղարաբացիների համար այսօր ամենագլխավորը խաղաղությունն է, ինչպես իրենք են ասում՝ «մինակ կռիվ չըլի, լոխ լավ կըլի»:

Հադրութում զրուցեցինք պատերազմի մի քանի մասնակիցների հետ: Նրանց խոսքերով՝ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ուշի ուշով հետեւում են, թե Արցախի հարցն ինչ փուլում է: Էրիկը պատմում է, որ նոր էր վերադարձել բանակից, երբ ադրբեջանցիները Հադրութից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա էին. «Մենք բոլորս էլ մի մարդու պես առանց կասկածելու գնացինք պատերազմ: Էսօր որ ասում են՝ գրաված տարածքները հետ պիտի տանք, ասեմ՝ դրանք ոչ թե գրաված, այլ ազատագրված տարածքներ են: Խոսում են փոխզիջումների մասին, մենք հետ տալու հող չունենք, կարող ա թեթեւակի զիջումներ անենք, բայց մերոնք դրա տեղը պիտի հասնեն Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Այ, էդ ժամանակ հանգիստ կապրենք, գործերներս էլ լավ կլինի»: Մեր այն հացին, թե ինչպե՞ս են վերաբերվում միջազգային կառույցների այն պայմաններին, որ Ղարաբաղի տարածք պետք է մուտք գործեն խաղաղապահ զորքերը, մեր զրուցակիցները վրդովված ասացին. «Խի, էդ Ղարաբաղի բանակին ի՞նչ ա էղել, որ խաղաղապահ զորքեր բերեն: Մենք մեր հողերն ու սահմանները ինքներս էլ լավ կպահենք: Եթե մի բան էլ որոշեն, պիտի Ղարաբաղի ժողովրդի հետ քննարկեն, ռեֆերենդում անեն, տեսնեն՝ համաձա՞յն ենք իրենց պայմաններին, թե՞ ոչ»:

Հ. Գ. Ղարաբաղ այցը կազմակերպվել էր հայաստանյան «Ինտերնյուզի» եւ վրացական «Go Group Media»-ի «Կովկասյան խաչմերուկ՝ Հարավային Կովկասում ինտերակտիվ երկխոսության ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել