Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱ՞ՇՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունիս 29,2011 00:00

«Հայաստանում ծիրանի բերքը այս տարի չի գերազանցի 20-25 հազար տոննան»,- կանխատեսում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, չնայած ծիրանի ցածր բերքին, շարունակվում է արտահանումը. «Կարելի է արտահանել, երբ բերքի ավելցուկ է լինում, բայց այս տարի դեռ մի բան էլ պակասուրդ է»: Բերբերյանի համոզմամբ, հենց արտահանման արդյունքում էլ շուկայում ծիրանի գները բարձրացել են. «Այս գիշեր 1 կգ ծիրանի մեծածախ գինն արդեն 1 եվրո էր»: Բերքի անկումը պարոն Բերբերյանը պայմանավորեց բույսերի պաշտպանության ոչ ճիշտ ու ոչ ժամանակին կազմակերպելով. «Պետության կողմից հատկացված գումարները նպատակին չեն ծառայում: Խոստացան էժան պարարտանյութեր տրամադրել, բայց չկատարեցին իրենց խոստումը»: Նա նաեւ մտավախություն հայտնեց, որ բերքին մեծ վնաս է հասցնելու նաեւ երաշտը։ Ըստ նրա՝ դրա նախադրյալներն արդեն նկատելի են. «Եղանակը հուսադրող չէ, հատկապես կարտոֆիլագործներին խորհուրդ եմ տալիս թեթեւ ոռոգում անել՝ բույսի չորացումը կանխելու համար»: Պարոն Բերբերյանը խորհուրդ տվեց չհավատալ «Հայհիդրոմետի» կանխատեսումներին: Հիշեցնենք, որ «Հայհիդրոմետի» օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը օրեր առաջ հայտարարել էր, թե տիպիկ տարածաշրջանային ամառ է սպասվում: «Զարուհին հայտարարեց, որ ցրտահարություն էլ է լինելու, բայց եղա՞վ: Զարմանում եմ, որ հիմնական գործը թողած՝ ուրիշի գործերով է զբաղվում: Մեկ ցրտահարություն է կանխատեսում, մեկ՝ հակառակը, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք արժանահավատ չեն»,- զայրացավ Բերբերյանը։ Իսկ մսի շուկայում արձանագրված վերջին թանկացումներն էլ բանախոսը պայմանավորեց մսավաճառների հետ կապված վերջին դեպքերով, եւ ասաց, որ պետական այրերի ձեռքով մսի արհեստական թանկացում եղավ, եւ գինն այլեւս չի իջնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել