Վերականգնվող էներգիայի տեխնիկական պոտենցիալը մեծ է, արտադրությունը՝ փոքր
Հայաստանի էներգետիկ համակարգը, բնական ռեսուրսները կարող են բավարարել էներգիայի պահանջարկի մինչեւ 20%-ը: Հայաստանի վերականգնողական էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամար Բաբայանի խոսքով, միայն էլեկտրաէներգիայի 32%-ն է սեփական ռեսուրսների հաշվին Հայաստանն ապահովվում: «Միայն փոքր ՀԷԿ-ը էներգիայի արտադրության 6%-ից ավելին է կազմում: Բայց թվային տվյալները հստակ չեն այն առումով, որ այսօր ոչ ոք չի կարող հաշվել, թե, օրինակ, հանրապետությանն ինչքան ջերմային էներգիա է պետք՝ չկա վիճակագրություն»: Նրա խոսքով, վերականգնվող էներգիայի տեխնիկական պոտենցիալը Հայաստանում մեծ է ու զարգացման մեծ հեռանկար ունի. «Բայց էներգիայի արտադրման հարցում մեր վերմակի սահմաններում ենք ոտք գցում»: Տիկին Բաբայանը այն կարծիքին է, որ Հայաստանում էներգետիկ անկախությունը հաստատելու ու ներկրումը կրճատելու համար հարկավոր է զարգացնել ջերմային ու վառելիքային էներգետիկ համակարգը. «Գնալով կարեւոր է դառնում արեւային ֆոտովոլտային էներգիան՝ որպես էլեկտրական էներգիայի ստացում, եւ հատկապես երկրաջերմային էներգիան: Արդեն ժամանակն է խոսել նաեւ էլեկտրաշարժիչներով մեքենաներին խթանելու մասին»: Տիկին Բաբայանի խոսքով, վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաները մեր երկրում նոր են ու թանկ. «Ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ դրանց կիրառումը. տեխնոլոգիաները կարող են թույլ տալ այն երկրները, որոնք ստանում են պետական սուբսիդիա, կամ որոնց բնակիչները կարող են վճարել դրանց համար: Մեր երկրում այս առումով պետական օժանդակություն է հարկավոր»: Վերականգնվող էներգետիկայի մասնագետ Հայկ Եսայանն էլ հավելեց, որ չնայած վերականգնվող էներգիայի ճյուղը դասական էներգիայի համեմատ բավականին թանկ է, փոխարենը օրենսդրական առումով ավելի պաշտպանված է. «Կամաց-կամաց պետք է ընտելանանք, իսկ ոլորտում խոչընդոտներ չկան, որովհետեւ օրենսդրական դաշտը լիովին թույլ է տալիս այս ճյուղին արագ զարգանալ»: Նրա խոսքով, Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի վերականգնվող էներգետիկան, եւ մոտ ապագայում այն ծավալով կգերակշռի դասական էներգետիկային՝ եւ էապես կզիջի արժեքով. «Այն, որ հայտարարում են, թե վերականգնվող էներգիան մինչեւ 2020թ. կհնգապատկվի՝ այդքան էլ իրատեսական չէ, բայց որ մեծ առաջընթաց կգրանցվի՝ դա հաստատ է»: