«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Կոմիտասի 62 շենքի 28-ամյա բնակիչ Դավիթ Իսպիրյանի նկատմամբ։ Այս տարվա հունիսի 24-ին, ժամը 01.30-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, պարզել էր, որ նույն օրը, ժամը 1.10-ի սահմաններում, Կիեւյան 2 շենքի դիմաց՝ «Ավանգարդ» տաքսի ծառայության հարեւանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել տնօրենի հետ, որի ժամանակ անծանոթ անձն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ա. Ղալումյանի վրա։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 8 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։ Ձեռք բերված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տնօրենի վրա կրակել էր Դավիթ Իսպիրանը։ Վերջինս հետախուզվում է ՀՀ Քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին (սպանություն), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը վնաս պատճառելով) հատկանիշներով։ Դավիթ Իսպիրյանը «Արաբկիրցի Վլադի» որդին է եւ նրանց է պատկանում «Հաղթանակ» զբոսայգում գործող «Իսպիրնոց» կոչվող խորտկարանը։