Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է

Հունիս 29,2011 00:00

\"\"Վստահ է ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը

– Չնայած Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հուսավառ հայտարարություններին՝ որոշ հայ փորձագետներ, նաեւ Դուք, կանխատեսում էիք, թե Կազանում չի լինի որեւէ բեկում: Չի՞ սխալվում նա, ով այս գործընթացի վերաբերյալ չի անում լավատեսական հայտարարություններ:

– Իմ կանխատեսումը հիմնավորված էր: Դովիլի հայտարարությունից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տպագրել եմ հոդվածներ, որտեղ վերլուծվել են այդ հայտարարության բովանդակությունը եւ համեմատական զարգացումները Լ’Աքիլայի եւ Մուսկոկայի հայտարարությունների համեմատ, ինչը թույլ է տվել անել մի քանի եզրակացություն: Նախ, Դովիլում հաստատվեց, որ բանակցվող փաստաթղթում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել վերջին 3 տարվա ընթացքում: Միաժամանակ, պահպանվել են փաստաթղթի սկզբունքային թերությունները: Դրա հիմքում ինքնորոշման իրավունքն է, բայց բանակցություններին չի մասնակցում ինքնորոշվողը, ինչն անհեթեթություն է, հակամարտության պատճառը՝ կարգավիճակի հարցը, նախատեսվում է լուծել հետեւանքներին վերաբերող հարցերից հետո, հանրաքվեի դրվող հարցը չի ձեւակերպված եւ այլն: Ինչպես ցույց է տալիս, օրինակ, Կոսովոյի դեպքը, որտեղ եւս սկզբում կարգավիճակի հարցը թողնված էր վերջում՝ նման մոտեցմամբ ոչ միայն խնդիրը չի լուծվելու, այլեւ ստատուս-քվոյի խախտումը հղի է նոր բախումներով:

– Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու փոխհամաձայնության ձախողման համար: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց են մեղադրում պահանջներ ու փոփոխություններ ներկայացնելու մեջ:

– Անհաջողության պատճառն, իհարկե, բանակցային փաստաթղթի այն թերություններն են, որոնց մասին արդեն նշեցի: Դրանց առկայությունը մի քանի պատճառ ունի: Նախ, 3 միջնորդներից 2-ի՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը տարածաշրջանում խիստ հակոտնյա են, իսկ միջնորդները, բացի իրենց առաքելությունն իրականացնելուց, պաշտպանում են իրենց երկրների շահերը: Դա անելու համար պետք է բանակցվող փաստաթղթում պահպանեն անորոշություններ՝ խուսանավումների նպատակով: Միաժամանակ, ԼՂ խնդրում միջնորդները փորձառու, հայտնի դիվանագետներ չեն, ինչպես այլ դեպքերում է լինում, հետեւաբար փորձում են իրենց գործը հեշտացնելու համար այդ անորոշությունները հնարավորինս մեծ պահել: Բայց ոչ թե նրանց, այլ յուրաքանչյուր կողմի խնդիրն է իր շահերի պաշտպանությունն ու բանակցությունների արդյունավետության ապահովումը: Հենց արտգործնախարարների առաջին խնդիրն է այդ անորոշությունները վերացնելը՝ փաստերով ու միջազգային իրավունքի նորմերով ապացուցելով անորոշությունները վերացնելու անհրաժեշտությունը: Դիմացինին մեղադրելը՝ սեփական երկրի շահերը պաշտպանելու քայլերի, առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ, անհեթեթություն է: Պետք է լուրջ աշխատանք՝ ցույց տալու համար, որ մյուս կողմը բերել է առաջարկներ, որոնք հակասում են փաստերին ու միջազգային իրավունքի նորմերին: Կա փաստաթղթի նախագծի հրապարակված տարբերակը, եւ հեշտ է նկատել, որ ձեւակերպումներն ակնհայտորեն Ադրբեջանի օգտին են: Օրինակ, դրանք միայն Ադրբեջանի փախստականների մասին են, Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին, թեեւ անգամ ԼՂԻՄ-ի մեջ մտնող տարածքներ կան Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ այլն:

– Ռուսական մամուլում արտահոսքեր եղան քննարկվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ: Ըստ այդմ՝ պարզվում է, որ վերադարձվելիք 6 շրջաններին ավելացել են նաեւ Լաչինի որոշ գյուղեր: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայաստանի համար ավելի է իջել զիջումների սահմանը:

– Հայաստանի պատասխանատուները խուսափում են անգամ հրապարակված փաստաթղթի մասին հիմնավորված կարծիքներ հայտնելուց՝ բավարարվելով միայն պարզունակ քարոզչական հայտարարություններով: Այնտեղ, որտեղ չկա լուրջ աշխատանք՝ հիմնված փաստերի ու միջազգային իրավունքի նորմերի վրա, ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ որեւէ առաջարկ մերժելու կամ սեփական առաջարկ անելու համար պետք է կարողանալ դրանք հիմնավորել՝ առնվազն միջնորդներին ապացուցելու համար սեփական կարծիքի ճշմարտացիությունը: Եթե մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ապացուցել, որ ԼՂՀ անկախության ճանաչումը ոչ թե որեւէ մեկի զիջումն է լինելու, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի իրացումը, ավելի բարդ՝ այդ տարածքների հետ կապված խնդրում նրանք հաջողության ոչ մի շանս չունեն, քանի որ այն վերաբերում է ինքնորոշված ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիայի դիմաց փոխհատուցման հարցին:

– Փոխհամաձայնության չհասնելն ի՞նչ վտանգներով է հղի: Պատահակա՞ն էր արդյոք Կազանի հանդիպումից հետո՝ հունիսի 26-ին զինվորական շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած պնդումը. «Մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի ցանկացած միջոցով»:

– Իհարկե, զորահանդեսը պատահական չէր, այն ռազմատենչ հայտարարությունների «զարդարանքն» էր: Բայց կարեւորն այն էր, որ այդ կապակցությամբ մի քանի օր առաջ բացահայտվեց, որ ՌԴ-ն արդեն Բաքվին վաճառել է ՍՍ-300 համակարգ: Հարցում թերեւս պատերազմի վերսկսման վտանգի ակնարկ կա: Կարծում եմ, այդ վտանգը մեծապես ուռճացնում են նրանք, ովքեր ցանկանում են այն օգտագործել որպես փաստաթուղթը ստորագրելու լծակ: Պատերազմի վերսկսումը տեսանելի ապագայում իրական չէ, մի քանի պատճառով: Նախ, պատերազմում չեն հաղթում ռազմական բյուջեի կամ սպառազինությունների չափով: Եթե այդպես լիներ՝ պատերազմի առաջին օրն այդ թվերը կհամեմատեին, եւ ամեն ինչ կվերջանար: ԼՂ պատերազմը դա եւս մեկ անգամ ապացուցեց: Ավելի կարեւոր փաստարկ կա. վերսկսվելու դեպքում պետք է այն մի քանի օրում ավարտվի, քանի որ ազդեցիկ ուժերը կկանխեն տեւական պատերազմը տարածաշրջանում: Հաջողությունը, առավել եւս կարճատեւ պատերազմում, Ալիեւին ոչ ոք չի կարող երաշխավորել, պարտությունն ինքն է տեսել: Իսկ անհաջողության դեպքում նա ոչ միայն վերջնականորեն կկորցնի ԼՂ-ն, այլեւ իշխանությունը: Նման երկրներում չլուծված հակամարտության առկայությունն իշխանությունը պահելու, ինչպես նաեւ միլիարդավոր դոլարների հասնող, հրապարակման ոչ ենթակա ծախսերով ռազմական բյուջեն ուզած ձեւով օգտագործելու լավ հնարավորություն է:

– Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը. «Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի»: Այսինքն՝ Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն իսկ հայտարարել է, որ պատերազմի դեպքում հակառակորդը կունենա առավելությո՞ւն:

– Իսկապես, հետեւությունը խիստ ցավալի, բայց միանշանակ է: Սակայն կարծում եմ՝ դա հետեւանք է նաեւ այն լռության, որը Հայաստանում տիրում է նախադեպի կապակցությամբ: Հիշեցնեմ, որ այդպիսի ենթատեքստով առաջին հայտարարությունը ՀՀ նախագահն արել է մայիսին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում, նշելով, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՌԴ-ն ունի եւ պարտավորություն, եւ հնարավորություն արձագանքելու համար, ու դա ակնկալվում է նաեւ ՀԱՊԿ մյուս անդամներից: Մի քանի օր անց, ՀԱՊԿ-ին նվիրված համաժողովում, ավելի բաց հայտարարություն արեց պաշտպանության նախարարը, նշելով, որ 1992-94թթ. պատերազմի ընթացքում Հայաստանն ինքնուրույն լուծեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցը, սակայն այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է, եւ, հաշվի առնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մենք համարում ենք, որ իրավունք ունենք ակնկալել կազմակերպության շրջանակներում մեր դաշնակիցների արձագանքն ու աջակցությունը: Իհարկե, ՀԱՊԿ երկրներից անմիջապես հնչեցին բացասական արձագանքներ: Ցավալի է, որ երկրի նախագահին ներկայացվել է անհեռանկար ու արկածախնդիր «քաղաքականություն», ու դրա մեջ է ներքաշվել նաեւ հարգանք վայելող պաշտպանության նախարարը: Սակայն պատասխանատվությունը ոչ միայն այդ «քաղաքականությունը» մշակածներինն է, այլեւ այն «փորձագետներինը», ովքեր անցած 1 ամսվա ընթացքում լռել են: Հիշեցնեմ, որ ՀՀ նախագահի ելույթների պատրաստման ժամանակ թույլ տրված կոպիտ սխալները նշել եմ ոչ միայն հունիսի սկզբին՝ վերոհիշյալ առիթով, այլեւ 2008-ից սկսած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել