Հունիսի 24-ից սկսվել է դիմորդների հայտագրման երկրորդ փուլը, որը կավարտվի հուլիսի 2-ին: Ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի, վերջին 3 օրերի ընթացքում հայտագրվել է 650 դիմորդ, այնպես որ, կառույցը լարված է աշխատում: Հիշեցնենք, որ այս փուլին հիմնականում մասնակցում են 2011-ին բանակից զորացրվածները, շրջանավարտներ՝ ԱՊՀ–ից եւ Ջավախքից, ինչպես նաեւ նրանք, ովքեր չէին հայտագրվել միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար: Պատասխանելով ՙԱռավոտի՚ հարցին, արդյո՞ք այս օրերին եղել են զվարճալի դեպքեր, Գ. Մանուկյանը պատմեց, որ ՌԴ–ից ժամանած մի դիմորդ ցանկացել է քննություն հանձնել հայերենից, բայց պայմանով, որ թեստը թարգմանվի … ռուսերեն:
Ի դեպ, բացի հայոց լեզու եւ գրականություն ու հայոց պատմություն առարկաների թեստերից, մյուս առարկաների թեստերը, դիմորդի դիմումի համաձայն, կարող են թարգմանվել:
Հավելենք, որ քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 4-ին եւ կավարտվի նույն ամսի 14-ին: