Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Հունիս 28,2011 00:00

Նախքան կազանյան հանդիպումը  ՀՀ  նախագահը շատ հստակ  էր հայտարարել այն  մասին, որ Կազանում առաջընթաց կգրանցվի, եթե ադրբեջանական  կողմը  վերջին պահին ինչ-ինչ առաջարկներ չանի

Ուրբաթ օրը Կազանում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել էր. «Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»:  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար  Մամեդյարովն էլ իր հերթին է  նման մի բան հայտարարել՝ մեղադրելով Հայաստանին: Ափսոսանք հայտնելով, որ Կազանում  սկզբունքային հարցերի շուրջ  փոխզիջում ձեռք չբերվեց, Մամեդյարովն ասել է. «Պատճառն այն է, որ Հայաստանը Ադրբեջանից մեծ զիջումներ պահանջեց՝ փորձելով վնասել բանակցային գործընթացը, որը սկսվել է  յոթ տարի առաջ»:
Եվ հերթական  անգամ  խուճուճացված այս իրավիճակում մեզ այլ բան չի նում, քան  ապարդյուն փորձեր անել՝ պարզելու՝ կա՞, թե՞ չկա առաջընթաց: Ըստ ամենայնի՝ չկա, եւ ենթադրություններ անելն  արդեն  ավելի  է հեշտանում:  Մեկ-երկու տողանոց  հայտարարության   մեջ կա  մի միտք ընդամենը, որից  կառչելով կարելի  է  հեռուն գնացող  ենթադրություններ անել, ինչը եւ   կազանյան հանդիպումից  հետո հաջորդ օրն իսկ արեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը  հանդես  գալով հետեւյալ հայտարարությամբ. «Ես ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռք բերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Հուսամ, որ չլուծված խնդիրների շուրջ աշխատանքը կշարունակվի` ճանապարհ հարթելով հակամարտության կարգավորման համար»: ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, կազմակերպության գործող նախագահը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ օգնել կողմերին` Հարավային Կովկասում հակամարտություններին եւ անկայունությանը վերջ տալու գործում:
Աժուբալիսը կարեւորել է հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, ինչը, նրա խոսքով, քննարկվել է այս տարվա մարտին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ իր հանդիպումների ընթացքում. «Ես ղեկավարներին կոչ եմ անում հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով նախորդ հանդիպումների ժամանակ Աստրախանում` 2010-ի հոկտեմբերին, եւ Սոչիում` այս տարվա մարտին, այդ թվում` շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննման եւ ուժի գործադրման սպառնալիքներից զերծ մնալու վերաբերյալ»:
«Ազատության»   հետ զրույցում Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Սքոթ Շիթսը  հայտարարել է, թե. «Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը իրականում քիչ բանով էր տարբերվում նախագահների նախորդ հանդիպումներից, իսկ հանդիպման ընթացքում էլ չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել»: Լոուրենս Սքոթ Շիթսն այն կարծիքին է, որ Կազանում ընդունված  հայտարարությունը  «զուտ ֆորմալ հայտարարություն էր, բովանդակությունն  անորոշ էր, այսինքն` ասվում է, թե ինչ-որ առաջընթաց է ձեռք բերվել, սակայն չի հստակեցվում` ինչ առաջընթաց, ինչ ուղղություններով: Կասեի, որ շատ նման է նախորդ հանդիպումներին»: ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լ—ոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր ղարաբաղյան բանակցություններում 1990-ական թվականներին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է,  թե ինքը հեռու է այն մտքից, որ Կազանը ձախողում էր. «Չեմ բացառում, որ Կազանում եղել են լուրջ պայմանավորվածություններ: Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացը գնում է աննախադեպ լուրջ, եւ կարգավորման պատմության մեջ նման ակտիվություն չի եղել, երբ միջնորդները այդպես համաձայնեցված գործեն: Ես կարծում եմ, որ Կազանը ընդամենը մի հանգրվանային փուլ էր։ Ավելին՝ ես չեմ բացառում, որ Կազանում եղել են լուրջ, գուցե ոչ վերջնական պայմանավորվածություններ, բայց կողմերը դեռ պատրաստ չեն այդ ամենը հրապարակելու։ Այդ իմաստով մեզ սպասում է բավական թեժ դիվանագիտական ամառ»:

Հ. Գ. Ռուսական «Կոմերսանտ»-ը, վերլուծելով հունիսի 24-ին Կազանում կայացած ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված նախագահներ Դ. Մեդվեդ—ի, Ս. Սարգսյանի ու Ի. Ալի—ի եռակողմ հանդիպումը, գրում է, որ բանակցությունների շարունակման ձ—աչափը հարցականի տակ է դրված:
Պարբերականը, վկայակոչելով բանակցություններին մասնակցած անանուն դիվանագետներից մեկին, գրում է, թե Կազանում  անսպասելիորեն տարակարծություններ են առաջացել այն հարցերի շուրջ, որոնք համանախագահները կարծում էին փակված. «Այնտեղ կան հարցեր՝ ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ էական նշանակության, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը: Սակայն խնդիրը կայանում է նույնիսկ ոչ թե տարակարծություններում, այլ նրանում, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Իսկ այդպես չի կարելի»: Վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրը՝ «Կոմերսանտը» նշում է, որ Դ. Մեդվեդ—ն այնքան է հիասթափված կազանյան հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնելու ԼՂ հակամարտության կարգավորմանը միտված իր միջնորդական ջանքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել