Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ ԿԱԶԱՆՈՒՄ

Հունիս 28,2011 00:00

«Եթե իսկապես Հայաստանն այդ ազատ, թափանցիկ, ժողովրդավարության գնացող երկիրն է, որի մասին Ստրասբուրգում խոսեց գործող նախագահը, ապա անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իմանա, թե ինչ է պարունակում այն փաստաթուղթը, որն առանց առարկության ընդունվեց Հայաստանի կողմից՝ ըստ Հայաստանի արտգործնախարարի, եւ որը մերժվեց Ադրբեջանի կողմից: Որո՞նք էին այդ փաստաթղթի այն դրույթները, որոնք ընդունելի են Հայաստանի իշխանության համար»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 25-ին Ազատության հրապարակում հերթական քաղաքացիական հավաքի ընթացքում: Վկայակոչեց նաեւ «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում Մեվլութ Չավուշօղլուի հետեւյալ պնդումը. « Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս բերել զինուժը օկուպացված հատվածից: Սա է Թուրքայի վարչապետի խոսքը: Եվ եղել է համաձայնություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները ստորագրելիս: Եվ սա հաստատում են այլ նախարարներ, թեեւ սա չկա արձանագրություններում, քանի որ պայմանը վերաբերում է երրորդ կողմին` Ադրբեջանին: Հայաստանի ԱԳ նախարարը փորձում է ինձ մեղադրել, բայց ես հարցրել եմ ինձ հանդիպած արտգործնախարարներին, եւ բոլորը հաստատել են, որ Հայաստանն ընդունել է իր ուժերը դուրս բերել 5 շրջաններից, ոչ թե 7»: Հիշեցնելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է այս պնդումը՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Այդ փաստաթղթի հրապարակումից կիմանանք, թե իսկապես հերքվա՞ծ է այդ պնդումը, թե՞ ինչ որ ճշմարտության հատիկ կա այնտեղ»: Նաեւ հավելեց. «Երբ Ստրասբուրգում ասվում է, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն՝ ոչ որովհետեւ կան ընթացիկ բանակցություններ, այլ որովհետեւ հարգում է Ադրբեջանի, ոչ թե Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա իրենից ի՞նչ է ներկայացնում: Ժամանակն է, որ նախագահն այժմվանից հետո հաշվետու լինի սեփական ժողովրդին: Սա սովորական պահանջ է, ինչպես սովորական հարցադրում էր Զարուհի Փոստանջյանի հարցը, որը հնչեցվեց Ստրասբուրգում: Ամեն մեկը կարող է իր մեկնաբանությունը տալ, բայց այս ի՞նչ աժիոտաժ է, այս ի՞նչ սահմանափակ մտածող ժողովուրդ ենք: Մեր կուսակցության անդամները բարձացնում են ինչպես Ցեղասպանության, ԼՂՀ, այնպես էլ Հայաստանի ժողովրդավարության խնդիրները, եւ դա այդպես պետք է լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել