Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕՐԸ

Հունիս 28,2011 00:00

Հայ բլոգերների արձագանքը Կազանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծ չստորագրելուն:

«Այսօր ես հպարտանում եմ մեր նախագահով: Թեեւ վստահ էի, որ Կազանում ոչինչ տեղի չի ունենա»,- իր բլոգում հունիսի 25-ին գրել է Dana marro-ն` նաեւ վերնագրում հարգանք արտահայտելով Սերժ Սարգսյանի հանդեպ: Zubian (Դավիթ Անտոնյան) բլոգերն ի պատասխան գրել է. «Հա, բա, փորձեր ինչ որ բան ստորագրեր»:
Ar-vest բլոգերը («Անիվ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հրաչյա Արզումանյան) հանդիպմանն այսպես է արձագանքել. «Այսօր կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը երեկ Կազանում լուրջ քայլ արեց երկրորդ ժամկետում վերընտրության ուղղությամբ: Այսօր, այժմ չեմ տեսնում լուրջ մրցակիցներ: Եթե ֆորս-մաժորներ չլինեն` երրորդ հանրապետությունը կունենա հնարավորություն վերջապես անցկացնել նախագահական ընտրություններ, որոնք մթագնված չեն լինի էքսցեսներով»:
Kornelij Glas-ը (տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյան) Կազանի հանդիպումից հետո իր բլոգում գրառումը վերնագրել է «Հիասթափված փորձագետի օրը» եւ մանրամասնել. «Այսօր ողջ օրը հայկական եւ ադրբեջանական մամուլը տարածում է արեւմտյան կիսագնդից տարբեր փորձագետների հիասթափությունները: Վայ քո, էլ բան ու գործ չունե՞ք, մենք ի՞նչ է` գոյություն ունենք, որ հիացնե՞նք այդ փորձագետներին: Ինչի՞ պիտի ես կարդամ մի ողջ նյութ (եւ այդպիսիք մի քանիսն են), թե ոնց է մի տղամարդ կամ կնիկ ոչ հայկական եւ ոչ ադրբեջանական ազգանվամբ, ու բնավ ոչ նախագահական մասնագիտությամբ` շատ հիասթափված Կազանում հանդիպմամբ: Դուք համ էլ ծավալուն հարցազրույց վերցրեք այդ էզոթերիկ-աստղագուշակից, որը վերջերս սկսել է երեւալ էկրաններին: Սա գոնե տեղին կլինի` եթե պատերազմ լինի, նրան գուցե նույնպես ճակատ տանեն, որ արկերի թռիչքը հաշվարկի այծերի փորոտիքով»: Շատ ուշագրավ է այս գրառման շուրջ ծավալված բանավեճը: Ասենք, Twitter-ի օգտատեր Armenia_im-ը գրել է. «Դե, նրանք հանդիպումից առաջ էլ էին խոսում, «կանխատեսում»: Իսկ իրականում ողջ ճշմարտությունը գիտի միայն Գագիկ Շամշյանը: Բայց ոչ մեկի չի ասում»: Սամվել Մարտիրոսյանն ի պատասխան գրել է. «Այո, կանխատեսումը նորմալ գործ է: Դա նման է նրան, որ հարցազրույց վերցնես Երեւանում ասֆալտ փռողից, ու նա հիասթափություն արտահայտի Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությունից»: Angel xiligan (Նարինե Էյրամջյանց) բլոգերն էլ հավելել է. «Հիշո՞ւմ եք, թե ոնց հարցրին Սարգսյանին` Ձեզ չի՞ թվում, որ խաղաղարարները ՀՈԳՆԵԼ ԵՆ: Ըհը, չեն ուտում, չեն խմում, սպասում են»:
Կազանում նախագահների բանակցություններին BBC-ի ռուսական ծառայության թղթակից Մարկ Գրիգորյանն իր բլոգում անդրադարձել է` առանձնացնելով Ղարաբաղի խնդրի լուծման երեք առասպելները: Առաջինն այն է, թե նախագահները չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ. «Իհարկե, ոչ: Այն կետերը, որոնց շուրջ նրանք պայմանավորվում են ու այդպես էլ չեն կարողանում պայմանավորվել` հակամարտության կարգավորման միջոցներ չեն: Նրանք, իհարկե, ձեւափոխում են հակամարտությունը, փոփոխում, բայց այդ ձեւափոխումն, ընդհանուր առմամբ, կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ»: Երկրորդ առասպելը, ըստ նրա, հետեւյալն է, թե նախագահների ստորագրած պայմանագիրը կարող է նշանակել հաշտություն. «Իհարկե, ոչ: Նախագահները չեն կարող հաշտեցնել մարդկանց: Որպեսզի դա տեղի ունենա` անհրաժեշտ են բացարձակապես այլ գործողություններ»: Եվ երրորդ առասպելը` ըստ Մարկ Գրիգորյանի, հետեւյալն է, թե կան պայմանագրի դրույթներ, որոնք ընդունելի են բոլորի համար. «Իրականում, ոչ: Այնպիսի պայմաններ, որոնց հետ կհամաձայնեին բոլորը` չկան ու չեն կարող լինել»: Gost 474 90 անունով բլոգերը (AllRabiz.com կայքի խմբագիրը) ի պատասխան նշել է, թե իրականում կան այնպիսի պայմաններ, որոնց հետ կհամաձայնեին անխտիր բոլորը, եւ վստահ է, որ ապագայում հենց դրանք էլ քննարկվելու են: Ահա մի քանիսն այդ այդ պայմաններից. «1. Ադրբեջանում այն հիմնական պատճառների վերացումը, որոնք ատելություն են ծնում ազգերի միջեւ: ա) բոլոր ազգերի հավասարություն, բ) նոր սահմանադրություն: Պետության ուղղվածությունը դեպի մշակույթի, ավանդույթների, լեզվի զարգացում եւ դեպի այդ ազգերի պահպանումը, ոչ թե նրա ձուլումը: գ) Ժողովրդավարություն. թափանցիկ ընտրություններ, խոսքի ազատություն, հասարակական վերահսկողություն, նավթի, բյուջեի թալանի եւ Ադրբեջանի բնիկ ազգերի դեմ ուղղված այլ հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացում, դ) հրաժարում պանթուրքական ֆաշիստական գաղափարախոսությունից»: Բլոգերը բոլոր կողմերի համար ընդունելի պայման է համարում նաեւ փախստականների վերադարձը, որը պետք է իրականացվի մասնավորապես վստահության մթնոլորտի ստեղծումից հետո:
Եվ վերջում մի հատված պոեմից, որով Կազանի հանդիպմանն անդրադարձել է Lobzik azikv բլոգերը (Լոբզիկ Գերդարբիրվից Ազիկով):

В Казани в городе на Волге

В древнейшем русском Татарстан

Арьмяно-рус-медведе_волки

Илхаму выдвинули план 

Мадритски принсип внем аснова

За плебесцит в замен прасент

В десяты раз с мальцишкой снова

Туфту абсудит Пирзидент

Шол пяты цас перегаворов

Илхам был в нервах как струна

Крицал, арал, чтоб хацски воры

Вернули наш прасент в страна

Сматрел арлом он на посредник

Патом сердито, словно лев,

Патом в мамент уже паследни

Сменил на милось царски гнев

Но те твердили в унисоне

“Мадридски принсип падпиши”

А это значит в нашем лоне

Не быть Шуша, а быть Шуши


Հ. Գ. Բլոգերների անունները մեջբերել ենք ըստ Kornelij Glas-ի բլոգում հայկական բլոգոսֆերայի անվանացանկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել