Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Հունիս 28,2011 00:00

\"\"Բայց ընդդիմադիր գործչի կարծիքով, Ռուսաստանն այսուհետ եւս կպահպանի իր դոմինանտ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Անցած ուրբաթ օրը Կազանում տեղի ունեցավ ու ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների եւս մի փուլ, որի  նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:  Ու թեեւ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների, նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում կարգավորման առումով որոշակի զարգացումների ու նույնիսկ հանդիպումը «պատմական» գնահատելու սպասումներ կային, այդուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հերթական  հանդիպման արդյունքում կողմերն անգամ խնդիրը կարգավորելու վերաբերյալ դեկլարատիվ հայտարարություններ չարեցին: Նրանք միայն շնորհակալություն հայտնեցին միջնորդ երկրներին եւ վերջ:
Հանդիպման այսպիսի ավարտը շատերի համար անակնկալ էր: Այն, որ կազանյան հանդիպումից մեծ ակնկալիքներ ուներ` խոստովանեց նաեւ  Լիբերալ կուսակցության նախագահ, ընդդիմադիր գործիչ Հովհաննես Հովհաննիսյանը: Դեռ ուրբաթ օրը, կազանյան հանդիպման ավարտից եւ նախագահների հայտարարության հրապարակումից անմիջապես հետո, ԼԿ նախագահն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կազանի հանդիպմանը նախորդած իրադարձությունները` թե՛ Դովիլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների, թե՛ դրանից հետո ՄԽ համանախագահների ու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարությունները նկատի ունենալով, նաեւ լրատվամիջոցներում հայտնված` փաստաթղթի բովանդակությանն առնչվող փոքր չափաբաժնով լրատվական արտահոսքը, կարծում էի, որ դրանք փոխհամաձայնեցված են ու նպատակ ունեն  երկու հասարակություններին  նախապատրաստել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու փաստին: Կարծում եմ՝   բոլորը, այդ թվում` միջազգային կառույցներն էին սպասում, որ ստորագրվելու է շատ լուրջ փաստաթուղթ: Այն, ինչ եղավ, հերթական անգամ ցույց է տալիս, որ կամ պատմականորեն ԼՂ հարցը շատ ավելի բարդ է, քան պատկերացնում են բոլորը, այդ թվում` համանախագահող երկրների նախագահները, կամ այս միջանկյալ հանդիպումն այն պլատֆորմն է, որը պետք է բերի արագ եւ փոխադարձ համաձայնությունների»: Հով. Հովհաննիսյանն ասաց, թե դժվար է «տաք հետքերով» եզրակացություններ ու վերլուծություններ անել: Բայց պատասխանելով մեր հարցին` իսկ կարելի՞ է դրանից եզրակացնել, որ, այնուամենայնիվ,  ոչ միայն հակամարտության կողմերը, այլեւ միջնորդ երկրները ԼՂ հարցի կարգավորման սկզբունքային հարցերում տարակարծություններ ունեն, ինչն էլ թույլ չի տալիս լրջորեն զբաղվել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի ստատուս-քվոն փոփոխելով, եւ նաեւ դա է պատճառը, որ այսպիսի հայտարարություններ են ծնվում այսպիսի լուրջ հանդիպումներում, ԼԿ նախագահը կարծիք հայտնեց, թե այդպիսի անհամաձայնությունների առարկա կարող էր լինել խաղաղապահ ուժերի տեղակայումը` «քանակի, նրանց որակի եւ թե՝ ո՞ր երկրները պետք է ներգրավված լինեն այդ ուժերում»: «Դա շատ ավելի կարեւոր հարց է, քան թե ստատուս-քվոյի փոփոխության հարցը»,- եզրակացրեց Հով. Հովհաննիսյանը:
Այն, որ կազանյան հանդիպումից մեծ է լինելու միջազգային հանրության հիասթափությունը` բնական ու ակնկալելի է: Բայց արդյոք այդ հիասթափությունն ու հիմնախնդիրը կարգավորված տեսնելու ցանկությունը  կստիպե՞ն համանախագահող երկրներին մեծացնել եւ  նոր ճնշումներ գործադրել կողմերի վրա, խաղաղ լուծման նոր ու ավելի սպառնալի կոչեր հնչեցնել, թե՞ կլինի այն, ինչ եղավ 2 տարի առաջ, երբ համանախագահները հայտարարեցին, որ սառեցնում են իրենց գործունեությունը, քանի որ չեն կարողանում արդյունքի հասնել:
«Եթե նկատի ունենանք այն հայտարարությունը, որը մեկ շաբաթ առաջ արել էին Մինսկի խմբի համանախագահները, այն է` եթե կողմերը համաձայնության չգան Կազանում, ապա ՄԽ-ն իր մոտեցումների ամբողջ կոնցեպցիան կվերանայի, ապա հիմա երկու ճանապարհ կա. չի բացառվում, որ կարգավորման գործընթացը սառեցվի, որովհետեւ դիմացն ընտրություններ են` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, հետո նաեւ՝ Հայաստանում ու Ադրբեջանում: Եթե նոր առաջարկներ լինեն` կլինի հակառակը. շատ ավելի արագ կզարգանան գործընթացները, եւ, ի վերջո, միջազգային հանրության ճնշման տակ համանախագահող երկրները կփորձեն ինչ-որ քաղաքում՝ կլինի Սոչիում, Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, գնալ լուրջ առաջընթացի: Այն, որ դա կլինի ռուսական որեւէ քաղաքում` ես չեմ կասկածում, որովհետեւ սա այն տարբերակը չի, որ ռուսական կողմն սպառեց իր միջնորդական դոմինանտությունը Ղարաբաղի հարցում: Կարծում եմ, որ ռուսական կողմը դեռ կմնա դոմինանտ ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսում, եւ ռուսական որեւէ քաղաքում կնշանակվի Ղարաբաղի հակամարտության կողմերի, կամ համանախագահների հերթական հանդիպումը»-, հայտարարեց Հով. Հովհաննիսյանը:
Այն, ինչ ավելի վտանգավոր է համարում Հով. Հովհաննիսյանը, այն է, որ «եթե Կազանում կողմերի միջեւ փոխըմբռնում չի եղել, ապա պատերազմի հնարավորությունը շատ ավելի մեծ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել