Հանգստյան օրերին 14-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը, ու մրցաշարը հատեց հասարակածը:
Թիմերը հարաբերական հանգստի մեկնեցին՝ պահպանելով նախորդ տուրից հետո եղած դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Առաջատար «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Կապանցիները երկրորդ շրջանի վերջին խաղում հաղթեցին հենց կապանյան մարզադպրոցի սան Ալեն Համբարձումյանի կատարած դիպուկ հարվածի շնորհիվ (17-րդ րոպեին)՝ ամրապնդելով առաջատարի իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում ու դառնալով առաջին կեսի հաղթող: Ավելին, «Գանձասարի» դարպասապահն արդեն 5 խաղ անընդմեջ անառիկ է պահում իր դարպասը: Այնպես որ, զարմանալի չէ, որ գնդակների լավագույն տարբերությունը առաջնության կեսից հետո հենց կապանցիների ցուցանիշն է:
Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում հանգրվանած «Փյունիկը» եւ «Ուլիսը» առաջնության առաջին կեսը նույնպես եզրափակեցին նվազագույն՝ 1:0 հաշվով ու նույնպես հյուրընկալվելիս: Վարդան Մինասյանի սաները հանդիպման 25-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի խփած գնդակի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու այլեւս չզիջեցին մրցակցին: Ավելին, խաղավարտից 25 րոպե առաջ դաշտից հեռացվեց «Միկայի» պաշտպան Վահագն Մինասյանը, իսկ հանդիպման ավարտին միկացիները ստիպված էին հիվանդանոց ուղարկել իրենց չինացի խաղընկեր Դոնգ Ֆանգժուին, ով Կարեն Իսրայելյանի հետ բախման արդյունքում, ըստ ամենայնի, կոտրել էր այտոսկրն ու ոտքի վնասվածք ստացել:
«Ուլիսի» եւ «Իմպուլսի» միջեւ խաղը, ի տարբերություն նախորդի, անցավ առանց առանձնակի էքսցեսների: Ուլիսցի Արտյոմ Ադամյանը հանդիպման 30-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց դիլիջանցիների դարպասը՝ ապահովելով իր թիմի հաղթանակը: Այս տուրում օրինաչափություններից դուրս էր վերջին՝ «Արարատ»-«Շիրակ» խաղը: Դա 14-րդ տուրի միակ հանդիպումն էր, որում հաղթանակ տոնեցին տանտերերը եւ որում չգրանցվեց նվազագույն 1:0 հաշիվը: Մրցաշարային աղյուսակի անդունդում հայտնված «Արարատը» 2:1 հաշվով հաղթահարեց ամբիցիոզ գյումրեցիների արգելքը՝ 3 սպասված միավոր ավելացնելով իր գանձարանում:
Իսկ թե որքանո՞վ կօգնեն դրանք հաջորդիվ՝ ցույց կտա առաջնության երկրորդ կեսը: Մնում է միայն մեկ ամիս սպասել:
1 Գանձասար 14 12 29
2 Փյունիկ 14 8 27
3 Ուլիս 14 8 27
4 Միկա 14 1 18
5 Իմպուլս 14 0 18
6 Շիրակ 14 -5 13
7 Բանանց 14 -6 12
8 Արարատ 14 -18 9