ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնյոթերորդ
ՉԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԵՐ
Այնուհետեւ, որպես բանաստեղծ Ալեքսանդր Մեժիրովի կենսագրության հավելում, ավելացված է.
1988 թվականի ձմռանը Մեժիրովն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ տուժածին օգնություն չցուցաբերելով՝ փախել է դեպքի վայրից: Տուժածը՝ մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովը, մահացել է:
Էս ամենը՝ մի մարդու մասին, ով Գորկու ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում սովորողներիս համար բարեկրթության, բարոյականության, խելքի ու տաղանդի չափանիշ ու մարմնացում էր, եւ չնայած հասկանում եմ, որ ինտերնետից էս արտագրությունս առանձնակի դաժանություն է, հասկանում եմ նաեւ, որ էս արածս հեչ բան է էն ամենի համեմատ, որ ճակատագիրն Ալեքսան Պետրովիչի հանդեպ է հանդես բերել, եւ չնայած սառնասրտորեն ու առանձնակի դաժանությամբ Մեժիրովի մասին էս ամենն ինտերնետից արտագրեցի, հիմա նույնիսկ մտովի չեմ համարձակվում մտնել Ալեքսան Պետրովիչի էդ վերջին քսանմեկ տարիների վիճակների ու հոգեվիճակների մեջ, եւ հիմա, ահա, Մեժիրովի տարատեսակ եւ միշտ մեղմ ու միշտ բարի ժպիտները, մեղմ խոսքն ու չափազանց մեղմ կակազելն աչքերիս ու ականջներիս առաջ են, եւ չնայած պատկերացնելու բան չի, նմանապես աչքիս առաջ է ութսունութի էդ ահավոր ձմռանը մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովին վրաերթի ենթարկած Ալեքսանդր Պետրովիչը, եւ չնայած էս պատկերացրածս էլ է առանձնակի դաժանություն, այդուհանդերձ, առավել դաժան պիտի լինես, որպեսզի ինտերնետից էս հանկարծակի իմացածդ մոռացության մատնես ու հետին թվով չփորձես մտնել Ալեքսան Պետրովիչի կյանքի էդ վերջին քսանմեկ տարիների վիճակների ու հոգեվիճակների մեջ, եւ հետին թվով Ալեքսան Պետրովիչի կյանքի էդ վերջին քսանմեկ տարիների վիճակների ու հոգեվիճակների մեջ մտնելով՝ կամաց-կամաց սկսում եմ ամենաահավորը հասկանալ, եւ Մեժիրովին ահագին ճանաչելով եւ ամենաահավորը հասկանալով՝ հիմա պիտի փորձեմ ձեզ էլ հասկացնել էդ ամենաահավորը, այն է՝ հազար ինը հարյուր ութսունութի էդ դաժանաբարո ձմռանից սկսած՝ Ալեքսան Պետրովիչն իր իսկ մահն է երազելով փափագել ու փափագելով երազել, բայց ճակատագիրը Պետրովիչի հանդեպ դաժանությունը շարունակելով ու չդադարեցնելով՝ քսանմեկ տարի շարունակ Պետրովիչին ամեն օր սպանել է՝ քսանմեկ տարի՝ ամեն օր ու ամեն ժամ մահից հեռացնելով ու մահից վանելով, բայց ճակատագրից ու բոլորից դաժանն, այնուամենայնիվ, էս ինտերնետ կոչվածն է, համաձայն որի՝ Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովն իր զոհին՝ մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովին ձնակույտով ծածկել ու նոր է փախել, եւ սա արդեն վերջն էր. այսինքն, Մեժիրովի կյանքն ու գործունեությունն ինտերնետ կոչվածն էդ կերպ էր եզրափակել, եւ հիմա Մեժիրովի ու մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովի էդ համատեղ ողբերգության մասին մտածելով՝ հասկանում եմ, որ վատ բան եմ անում՝ Մեժիրովի մասին ինտերնետի գրածն էսպես տարածելով, բայց նաեւ հասկանում եմ, որ, ի տարբերություն ինտերնետի գրածի, իմ գրածն ընդամենը հատուկենտ մարդիկ են կարդալու, մինչդեռ Մեժիրովի վերաբերյալ էդ բաներն արդեն միլիոնավոր մարդիկ են ինտերնետում կարդացել, եւ ինտերնետի գրածն անհամեմատ անսիրտ ու անմարդկային է, որովհետեւ ինտերնետը Մեժիրովի ու մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովի էդ համատեղ ողբերգության մասին միանգամայն սառնասրտորեն տեղեկացնելով՝ չի էլ փորձում Պետրովիչի վիճակների ու հոգեվիճակների մեջ ներթափանցել, մինչդեռ ձեր խոնարհ ծառան էս պահին ոչ միայն Մեժիրովի մասին է սրտի կսկիծով մտածում, այլեւ՝ մոսկովյան արտիստ Գրեբենշչիկովի եւ էդ ձախորդ արտիստի մերձավորների ու հարազատների մասին, որոնք, բնականաբար, Մեժիրովին ինձանից տարբեր են վերաբերվում, եւ մոսկովյան արտիստ Գրեբենշչիկովի չար բախտի մասին մտածելով՝ հիմա հանկարծ հիշեցի, որ ուրիշ Գրեբենշչիկով էլ կա՝ երգիչ, երգահան ու բանաստեղծ Բորիս Գրեբենշչիկովը, ումից բանաստեղծ եղածս ժամանակ ահագին տողեր եմ վարպետորեն թռցրել, եւ հիմա մանրից հետը քվիտ եմ լինում՝ իմ բստրած տողերն իրեն վերագրելով. արդեն մի քանի ամիս է՝ իր բանաստեղծությունների թարգմանությունն ինձ է հանձնարարվել, եւ ագահաբար ու միամտորեն էդ գործն ստանձնելով՝ ահա մի քանի ամիս է՝ չեմ կարողանում գլուխ հանել, եւ միայն երեկ հասկացա, որ ոչ թե պիտի իր գրածները թարգմանեմ, այլ պիտի իր երգերը լսելով՝ միանգամայն նորերը բստրեմ, եւ երեկ մի քանի հատ հաջողությամբ արդեն բստրել եմ, եւ ամենահետաքրքիրն էն է, որ էս կենդանի Գրեբենշչիկովի երգերն առաջին անգամ Մեժիրովի ամառանոցում եմ լսել, բայց մյուս՝ մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովի մասին բացարձակապես անտեղյակ եմ. այսինքն, էս տուժած Գրեբենշչիկովը չտուժած Գրեբենշչիկովի չափ հանրահայտ չի, ճիշտ է, բայց Մեժիրովին ճանաչելով՝ համոզված եմ, որ ինքը նույն ողբերգությունը կապրեր, եթե տուժածը ոչ միայն արտիստ չլիներ, այլեւ երթեւեկության կանոնները խախտած մի հարբած բոմժ լիներ եւ միանգամայն այլ ազգանուն ունենար, ու էդ հանգամանքը միայն ինտերնետի համար էր էական լինելու, այլ ոչ թե՝ Մեժիրովի, բայց էս բանն իմանալով ու հասկանալով՝ հընթացս նաեւ մտածում եմ, որ Ալեքսան Պետրովիչը չափազանց մեծ շրջապատի տեր եւ չափազանց արվեստասեր անձնավորություն լինելով՝ իր զոհին հաստատ ճանաչելիս կլիներ, եւ չնայած զոհի տարիքն ու այլ մանրամասներ ինտերնետում նշված չեն, միանգամայն հնարավոր է, որ Պետրովիչն ու իր զոհն իրար անձամբ ճանաչելիս լինեին, որովհետեւ Պետրովիչի շրջապատում ամեն տարիքի ու ամեն մասնագիտության մարդիկ կային՝ մեր հայրենակից բիլիարդիստ Մալիշից սկսած եւ Զինովի Գերտով վերջացրած, եւ շատ հնարավոր է՝ իմ կողմից չճանաչված էդ Յուրի Գրեբենշչիկովն էլ Ալեքսան Պետրովիչի շրջապատից լիներ, եւ եթե տուժածն Ալեքսան Պետրովիչին անձամբ ճանաչելու բախտն ունեցած չլիներ էլ, միեւնույն է, Պետրովիչն իր զոհին թեկուզ մթնով մոտիկից տեսնելով՝ անմիջապես ճանաչելու էր. այսինքն, Պետրովիչն իր զոհին անմիջապես ճանաչելով՝ տագնապահար ու անկախ իրենից սկսել է իր զոհին ձնով ծածկել՝ ինքն էլ չիմանալով ու չհասկանալով՝ ինչու, ճիշտ այնպես, ինչպես հիմա ես եմ առանց հասկանալու՝ հիվանդագին երեւակայությունս ավելի ու ավելի բորբոքում, մինչդեռ առողջ բանականությունը պահանջում է էդ բանը չանել, մանավանդ որ՝ էդ բանն անելու համար էս օրն ու էս պահն ամենաանհարմարն են, քանի որ հիմա երկու հազար իննի դեկտեմբերի երեսունմեկն է՝ անցնող տարվա ամենավերջին առավոտը, եւ առողջ բանականությունն ինձնից պահանջում է հին տարին լավ տրամադրությամբ ավարտել եւ նորը նույնքան լավ տրամադրությամբ սկսել, եւ հիմա առողջ բանականությանս ենթարկվելով՝ ճգնում եմ լավ տրամադրությամբ տոգորվել, եւ հիմա արդեն միանգամայն այլ տրամաբանությամբ տոգորված՝ մերոնց խնդրում եմ, որ նորից ինտերնետ մտնեն՝ էս անգամ արդեն մոսկովյան բանաստեղծ ու անձամբ իմ բանաստեղծությունների թարգմանիչ Օլեգ Նիկոլաեւիչ Շեստինսկու կապակցությամբ, ում բանաստեղծություններին ու մանավանդ թարգմանություններին հատկապես Մեժիրովը լուրջ չէր վերաբերվում, եւ հիմա, երբ Շեստինսկու կապակցությամբ ինտերնետ մտել ու դուրս ենք եկել, արդեն գիտեմ, որ Օլեգ Նիկոլաեւիչն էլ էս տարվա հուլիսի վեցին է էս երկրային անախորժություններին ու անհեթեթություններին հրաժեշտ տվել, բայց, բարեբախտաբար, Օլեգ Նիկոլաեւիչի կյանքի ու մահվան հանգամանքների վերաբերյալ ինտերնետում որեւէ արտառոց բան չկար, եւ, ի տարբերություն Ալեքսան Պետրովիչի, Օլեգ Նիկոլաեւիչի առումով միանգամայն հանգիստ եմ, մանավանդ որ՝ Ալեքսան Պետրովիչի պես ինքն էլ էր ութսունն անց, եւ հիմա, երբ հերթական անգամ գրեցի Ալեքսան Պետրովիչ, հիշեցի, որ մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան էր Ալեքսանդր Մեժիրովին Ալեքսան Պետրովիչ ասում, եւ հիմա էս առթիվ Բրիկսինա Տանյային հիշելով՝ մերոնց խնդրում եմ, որ մի հատ էլ Տանյայի հաշվով ինտերնետ մտնենք, եւ արդեն մտել ու դուրս ենք եկել, եւ, փառք Աստծո, էս կյանքում տեսածս ամենաբոյով բանաստեղծուհին ապրում է ու կա. ավելին. Տանյան Վոլգոգրադի գրողների միության բաժանմունքը ղեկավարելով՝ շարունակում է ստեղծագործել ու հրատարակվել, եւ ամենաուշադիր ընթերցողներս հավանաբար հիշում են, որ էս Տանյան, ամեն ինչից բացի, նաեւ վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկի երկրորդ թե երրորդ կինն էր, ու հենց էս Տանյայի պատճառով էր հանկարծակի հարստացած իմ համադասարանցի Գագոն անհարմար վիճակի մեջ հայտնվել, եւ չնայած ինտերնետում մեր Տանյայի ու էդ Պավլիկի առնչությունների մասին որեւէ բան չկա, ես Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորից արդեն լսել եմ, որ Գագոյի ընկեր էդ Պավլիկն արդեն մեր Տանյային էլ է թողել, բայց ես մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյային ահագին ճանաչելով՝ հակված եմ մտածել, որ, ընդհակառակը, Տանյա՛ն էդ Պավլիկին թողած կլինի, որովհետեւ Տանյան մորից որբ լինելով ու չափազանց ծանր կյանք ապրելով՝ իր հպարտությունն ու ինքնասիրությունը սրբորեն էր պահում ու պահպանում, եւ իրեն ահագին ճանաչելով՝ համոզված եմ, որ իրեն անհնար է առնել՝ մանավանդ փողով, ու էս բարձրագույն նոտայի վրա էլ ուզում եմ ավարտել էս անցնող երկու հազար ինն ու հույս հայտնել, որ գալիք տարին բոլորիս համար հաջող կլինի՝ կյանքի, մահվան, հպարտության եւ մնացած բոլոր առումներով:
Հիմա ողջ աշխարհում ու աշխարհի մեր էս հատվածում երրորդ հազարամյակի տասներորդ թվականն է, ու ես վերստին արթնանալով՝ վերստին կպել եմ էս դեռեւս չգրված թղթերին, որովհետեւ, ասում են, տարին ինչպես սկսես, էդպես էլ կշարունակես. այսինքն, եթե էս նորը գրելով սկսեմ, ողջ տարին գրելու իմաստով բեղուն ու բեղմնավոր կլինի՝ ինչպես որ նախորդներն են եղել, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ հատկապես էս նոր տարին գրելու իմաստով բեղուն ու բեղմնավոր լինի, որովհետեւ, ինչպես երեւի հասկացաք, այսուհետ ինտերնետն ինձ էլ է իմ բուն գործից կտրելու ու շեղելու՝ ինչպես որ շատերին է բուն գործից կտրել ու շեղել, բայց հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ, հասկանում եմ, որ ինտերնետն ինձ, ի տարբերություն շատերի, ոչ միայն բուն գործից չշեղեց, այլեւ ահագին նյութ տվեց Տանյայի, Շեստինսկու ու մանավանդ Մեժիրովի վերաբերյալ, բայց էսքանն ինձ լրիվ հերիք է, ու եթե խնդրեն էլ՝ այլեւս ինտերնետ չեմ մտնի, որովհետեւ նախ Ֆալյանի եւ հետո Լեւոն Դանիելյանի ու մյուսների կապակցությամբ ինտերնետ սողոսկելով՝ առանձնապես նոր բան չիմացա, եւ ինտերնետ սողոսկելով՝ ընդամենը Շեստինսկու ու Մեժիրովի վերաբերյալ էական նորություններ իմացա, եւ հիմա արդեն մտածում եմ, որ շատ ավելի լավ կլիներ՝ եթե ինտերնետ չսողոսկեի եւ Շեստինսկուն ու մանավանդ Մեժիրովին վերաբերող էդ նորությունները չիմանայի, իսկ ինչ վերաբերում է մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյային, ես իր մասին էս պահին ավելի շատ բան գիտեմ, քան՝ ինտերնետը. ես Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորից արդեն լսել եմ ու գիտեմ, որ Պավլիկն արդեն Տանյային էլ է թողել, իսկ ավելի ստույգ՝ ես էս պահի դրությամբ Բրիկսինա Տանյայի մասին ավելին գիտեմ, քան նույնիսկ՝ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորը, որովհետեւ Բրիկսինա Տանյայի հետ Մոսկվայում երկու տարի սովորելով եւ երկու տարի իր հետ նույն հանրակացարանում ապրելով՝ իրեն ահագին ճանաչում եմ ու համոզված եմ, որ ավելի շուտ մեր Տանյան Պավլիկին թողած կլինի, քան՝ հակառակը, եւ հիմա նորից իմ ու ինտերնետի էս նոր առնչությունների մեջ խորանալով՝ արդեն մտածում եմ, որ ինտերնետն ինձ իմ բուն նյութից շեղելով ու կտրելով՝ հիմա արդեն հիմնավորապես է նպաստում, որպեսզի բուն նյութիս վերադառնամ, որովհետեւ էսքան ինտերնետ մտնելով ու ինտերնետից դուրս գալով՝ վերջնականապես համոզվեցի, որ էսքան հիշելով ու էսքան գրելով՝ հիմնականում հիշում ու գրում եմ էնպիսի բաներ, որոնք ինտերնետն ի վիճակի չի իմանալ. այսինքն, ցանկության դեպքում ինձնից կարող եք ստանալ էն ամենը՝ որ ինտերնետից ի վիճակի չեք ստանալ, եւ հիմա որ ավելի եմ խորանում իմ ու ինտերնետի էս սկսված առնչությունների մեջ, սկսում եմ հասկանալ նաեւ, որ էդ առնչություններից, էս պահի դրությամբ, ավելի շահել եմ, քան՝ տուժել. այսինքն. իմ ու ինտերնետի էս սկսված առնչություններից ընդհանրապես որեւէ մեկը չի տուժել՝ ներառյալ Շեստինսկին եւ նույնիսկ Մեժիրովը, որովհետեւ իրենց պատահած դժբախտությունն իրենց պատահել է նախքան իմ ու ինտերնետի էս առնչությունների սկսվելը, իսկ ինչ վերաբերում է վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկի եւ մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյայի բաժանությանը, էդ մասին ընդհանրապես ինտերնետում որեւէ տեղեկություն չկա, եւ եթե վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկի հերթական բաժանությունն իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյայի համար դժբախտ դեպք համարենք, էդ դժբախտությունն էլ է իմ ու ինտերնետի էս աննախադեպ առնչություններից առաջ պատահել, որովհետեւ իրենց բաժանության մասին ամիսներ առաջ եմ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորից իմացել, եւ չնայած Գեւորը համոզված է, որ Պավլիկն է մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյային թողել, ես ավելի քան վստահ եմ, որ իրականում ճիշտ հակառակն է տեղի ունեցել. այսինքն, իրականում ոչ թե Պավլիկն է Տանյային թողել, այլ Տանյան ինքն է լքել Տերյանի դպրոցի մեր հանկարծակի հարստացած դասընկերոջ մեծահարուստ ընկերոջը՝ վոլգոգրադցի Պավլիկին, որը Տերյանի դպրոցի մեր հանկարծակի հարստացած համադասարանցի Գագոյի ասելով՝ Վոլգոգրադի եւ նույնիսկ համայն Ռուսիո մասշտաբով է հեղինակություն, մինչդեռ, իմ համեստ կարծիքով, էդ նույն Պավլիկն էդ նույն Բրիկսինա Տանյայի համար չէր կարող հեղինակություն լինել, որովհետեւ, իմ իմանալով, Բրիկսինա Տանյայի համար աշխարհի երեսին ընդամենը մի հեղինակություն գոյություն ուներ՝ Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովը, եւ հիմա էդ հիշելով ու էդ մասին մտածելով՝ պատկերացնում եմ՝ ինչպիսի ողբերգություն է ապրել Տանյան Մեժիրովի դժբախտության ու ողբերգության կապակցությամբ, որովհետեւ Բրիկսինա Տանյայի համար Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովը ոչ միայն բացարձակ հեղինակություն էր, այլեւ՝ բացարձակ սրբություն, եւ հիմա Մեժիրովի ողբերգությունից կարկամած ու շիվարած Տանյային պատկերացնելով՝ արդեն ի վիճակի չեմ շարունակել էդ ուղղությամբ ընթացող մտորումներս ու պատկերացումներս, մանավանդ որ՝ արդեն մտքերս ու պատկերացումներս միանգամայն այլ ուղղությամբ ուղղորդելու հրաշալի առիթ ունեմ, ու էդ առիթը Բրիկսինա Տանյան է, որովհետեւ Բրիկսինա Տանյային վերստին հիշելով ու անդրադառնալով՝ վերստին հիշեցի, որ հանկարծակի հարստացած մեր համադասարանցի Գագոն Պավլիկի դաչայում չափազանց անհարմար վիճակի մեջ էր հայտնվել Պավլիկի հերթական կնոջ ու մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյայի առաջ, եւ էս գրածներս ուշադիր կարդացողները երեւի կհիշեն, որ պատճառը բջջային հեռախոս չունենալս էր, իսկ առավել ուշադիր կարդացողները հաստատ կհիշեն, որ Գագոն երկու հազար յոթի սեպտեմբերի սկզբներին ինձ ու Տերյանի դպրոցի իմ համադասարանցիներ Սաքոյին, Դերոյին ու Գեւորին իրար գլխի հավաքելով՝ «Բելաջիոյում» շատ բարձր մակարդակով պատիվ տվեց, եւ չնայած իրենց հետ Տերյանի դպրոցում ընդամենը երեք տարի էի սովորել, Գեւորի կամեցողության շնորհիվ էդ օրը ձեր խոնարհ ծառան էլ էր հրավիրված, եւ ամենաուշադիր ընթերցողներս հավանաբար կհիշեն նաեւ, որ սրանից շատ առաջ «Բելաջիոյի» մեր էդ հանդիպումն ամենայն մանրամասնությամբ նկարագրելով՝ հանկարծակի ու հանիրավի կիսատ թողեցի, ընդ որում՝ ամենահետաքրքիր տեղում ընդհատեցի ու կիսատ թողեցի, եւ ահա ինտերնետում Բրիկսինա Տանյային հանդիպելով՝ հիմա հասկանում եմ, որ պարտավոր եմ վերադառնալ եւ կիսատ թողածս տեղից շարունակել, մանավանդ որ՝ էդ պատմության ավարտն անհամեմատ հետաքրքիր է, քան՝ «Բելաջիոյի» մեր էդ տեւական ու ձանձրալի ուտուշխմուշը, որը չնայած հոգեբանական չափազանց բարդ պայմաններում ընթացավ, այդուհանդերձ, միանգամայն բարի ու խաղաղ ավարտ ունեցավ, եւ երբ արդեն վեր էինք կենում, Գագոն բոլորիս առաջ հանդիսավոր խոստացավ, որ Վոլգոգրադից ինձ լավագույն բջջային հեռախոսը կուղարկի, եւ տղերքն ու ես միանգամայն համոզված էինք, որ Գագոն հենց էնպես՝ օդի մեջ չի խոսում, որովհետեւ տղերքն ու ես հասկանում էինք, որ բջջային հեռախոս չունենալուս պատճառով Գագոն մի անգամ քաշվելով՝ թույլ չի տա, որ իր համար էդ չափազանց անհարմար իրավիճակը եւս մի անգամ կրկնվի, եւ որպեսզի անուշադիր ընթերցողներս էլ հարցի էությունը հիշեն, հիշեցնեմ, որ Վոլգոգրադում հանկարծակի հարստացած Տերյանի դպրոցի մեր համադասարանցի Գագոն վոլգոգրադցի օլիգարխ Պավլիկի ամառանոցում Պավլիկի հերթական կնոջ՝ Գորկու ինստիտուտի իմ համակուրսեցի բանաստեղծուհի Բրիկսինա Տանյայի հետ սեղանի շուրջ ծանոթանալով ու առերեսվելով՝ Տանյայի մոտ գլուխ էր գովել թե՝ Շեկոյան Արմենն իր մոտիկ ընկերն է, եւ երբ Տանյան խնդրել էր, որ բջջայինով ինձ միանա, որպեսզի հետս երկու բառ փոխանակի, Գագոն անակնկալի գալով՝ սփրթնել ու, փաստորեն, խայտառակ էր եղել, որովհետեւ էդ պահին ոչ Գագոյի եւ ոչ էլ Տանյայի մտքով չէր կարող անցնել, որ բջջային չունեմ, եւ որպեսզի նման խայտառակություն իր կյանքում երբեւէ չկրկնվի, Գագոն «Բելաջիո» ռեստորանում վճռականորեն ու հանդիսավորապես խոստացավ, որ հենց հասնի Վոլգոգրադ, էնտեղից փոստով ինձ լավագույն ու թանկանոց մի բջջային հեռախոս կուղարկի, եւ վերջում, հիշում եմ, բոլորս գոհ էինք «Բելաջիոյի» մեր էդ հանդիպումից, եւ չնայած էդ օրվա սկզբում Գագոն ու Դերոն իրար ահագին կպան, եւ չնայած էդ օրը Գագոն մի քանի անգամ էլ Սաքոյին նեղացրեց, վերջում բոլորս էլ ուրախ ու գոհ էինք, եւ երբ առաջարկեցի խմել էդ օրվա կենացը, բոլորս էլ սիրով էդ կենացը խմեցինք, եւ Դերոյի ու Սաքոյի մեջ էլ տհաճ որեւէ նստվածք չէր մնացել, որովհետեւ Սաքոն, Դերոն ու բոլորս վերջնականապես էինք հասկացել, որ Վոլգոգրադում հանկարծակի ու անսպասելի հարստացած մեր համադասարանցի Գագոն մեր իմացած ու մեր ճանաչած նույն Գագոն է, եւ, փաստորեն, փողն ու հարստությունն իրեն առանձնապես ավելի չէին փչացրել, եւ Գագոն էլ էդ մի քանի ժամվա ընթացքում հնարավորինս հասկացավ, որ կարիքն ու չունեւորությունն էլ մեզ ու հատկապես Դերոյին առանձնապես չէին խեղճացրել. այսինքն, ոչ մեկս էլ առանձնապես չէինք փոխվել եւ եթե որոշ չափով փոխվել էինք էլ՝ ընդամենը արտաքինից, եւ, հիշում եմ, վերջում արդեն ազատ ու անկաշկանդ հանաքներ էինք անում եւ մեկս մյուսիս հանաքներից արդեն չէինք նեղվում ու չէինք նեղանում, եւ չնայած իրենց հետ ընդամենը երեք տարի էի սովորել, իրենք ինձ համար միանգամայն հարազատ էին, եւ որ Գագոն հատկապես ի՛մ հանաքներից չէր նեղանում, դրա պատճառն էլ երեւի էն էր, որ Գագոն «Բելաջիոյի» մեր էդ հանդիպումից ընդամենը մի քանի ամիս առաջ Վոլգոգրադի եւ համայն Ռուսիո մասշտաբներով մեծահարուստ Պավլիկի հերթական կնոջից՝ Բրիկսինա Տանյայից իմ հասցեին ահագին ջերմ խոսքեր էր լսել, եւ Բրիկսինա Տանյայից իմ հասցեին գերազանց գնահատականներ լսելով՝ իր աչքում ինձ ահագին բարձրացրել ու իր հոգում ինձ ահագին տեղ էր հատկացրել, եւ բջջային չունենալս էլ իր համար ոչ թե չունեւորության նշան էր, այլ՝ օրիգինալության, բայցեւ, բջջային չունենալս օրիգինալություն համարելով, «Բելաջիոյի» էդ սեղանի շուրջ մի քանի անգամ տղամարդավարի ու հանդիսավորապես հայտարարեց, որ հենց հասնի Վոլգոգրադ՝ էնտեղից ինձ ամենաթանկարժեք բջջայինն է ուղարկելու, եւ ես ու տղերքը չէինք էլ կասկածում, որ կուղարկի՝ ոչ միայն էն պատճառով, որ Գագոն ինձնից հասցես հարցրեց եւ իր բջջայինի մեջ հասցես գրեց, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ բջջային չունենալուս պատճառով ինքը Վոլգոգրադի ու համայն Ռուսիո մասշտաբներով մեծահարուստ Պավլիկի շրջապատում խայտառակ էր եղել, եւ երբ անձեռոցիկի վրա Տանյային մի քանի բառ գրեցի ու տվի Գագոյին, որ առիթի դեպքում Տանյային փոխանցի, Գագոն գրածս կարդաց ու հարցրեց՝ «յանի էս ի՞նչ ես գրել» եւ ես ժպտալով ասացի՝ «Տանյան կհասկանա», եւ Դերոն անձեռոցիկը Գագոյից վերցնելով՝ կարդաց ու ասաց՝ «ըստեղ չհասկանալու ի՞նչ կա», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու ասաց՝ «գրել ա՝ ռադ զա ծիբյա» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ինչի՞ համար ես ռադ», եւ Դերոն իմ փոխարեն բացատրեց ու ասաց՝ «Արմոն ուրախ ա, որ էդ բոյովը Պավլիկի պես հարուստ մարդ ա առել», եւ Գագոն կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ա՞ բացատրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համարյա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «Դերոն որ հասկացավ, Տանյան կհասկանա ու կհասկանա», եւ Գագոն անձեռոցիկը ծալելով ու գրպանը դնելով ասաց՝ «հեչ պարզ չի՝ մեկ էլ երբ էդ բոյովին ռաստ կգամ», եւ ես ժպտալով ասացի՝ «վռազ չի. երբ որ ռաստ գաս՝ էդ վախտ էլ կտաս» եւ ժպտալով ավելացրի՝ «որ կարդա՝ շատ կուրախանա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ պարզ չի՝ դրանք ինչից են ուրախանում ու ինչից են տխրում»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ