Գուցե ներկե՞նք Կիեւյան կամուրջը
Վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների թիվն այնքան է շատացել, որ դրանց մասին լսելիս կամ կարդալիս արդեն չենք զարմանում, սովորական է դարձել:
Ըստ ոստիկանության տվյալների, Հայաստանում հատկապես անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը աճել են. մասնավորապես 2010-ին գրանցվել է ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով:
Երիտասարդները կյանքի հետ իրենց հաշիվները մաքրում են հատկապես կամրջից ցած նետվելով: Երեւանում ինքնասպանություն գործելու սիրելի վայրը կյանքից հրաժարվողների համար դարձել է Կիեւյան կամուրջը:
Ինքնասպանությունները կանխելու համար կառավարության կողմից գրեթե ոչինչ չի արվում: Օրինակ՝ Նորվեգիայում ինքնասպանությունները կանխելու համար կամուրջներից մեկը, որտեղից ամենաշատն են մարդիկ ցած նետվում, կառավարության որոշմամբ, ամբողջությամբ վարդագույն են ներկել: Արդյունքում կամրջից նետվողների թիվը 60 տոկոսով նվազել է: Հայաստանում դեռեւս ոչ մի կամուրջ վարդագույն չի ներկվել, բայց հայտնվել են ինքնասպանությունների թիվը կանխել ցանկացող մի խումբ երիտասարդներ, որոնք ներկայացնում են «Ընտրենք կյանքը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, եւ որոնց կարծիքով կամուրջ ներկելը շատ լավ միտք է, քանի որ այն ոչ միայն նվազեցնում է ինքնասպանությունների թիվը, այլեւ ուրախ տրամադրություն հաղորդում:
Օրերս նախաձեռնության անդամները Կիեւյան կամրջի տարածքում նամակներ էին տարածում եւ թռուցիկներ բաժանում անցորդներին:
Նախաձեռնության հեղինակը լուսանկարչուհի Սվետլանա Անտոնյանն է՝ նույն ինքը՝ Օկիանը: Նա քայլ առ քայլ Կիեւյան կամրջի պատերին փակցրեց մի նամակ, որը, պարզվում է, ժամանակին իրեն ինքնասպանության քայլից ետ է կանգնեցրել: Ինչպես «Առավոտին» պատմեց նախաձեռնության անդամ Լուսինե Վայաչյանը, որոշ ժամանակ առաջ Օկիանը ցանկացել է կյանքին վերջ տալ. «Նա իր էությամբ զգայուն մարդ է եւ շուտ է հիասթափվում, հոգնում: Ինքնասպանության ավելի հեշտ մեթոդներ գտնելու համար երկար փնտրտուքների մեջ է եղել ինտերնետում: Եվ պատահական գտել է մի նամակ՝ անանուն: Կարդացել է այն ու հասկացել, որ կյանքը պետք է սիրել եւ ապրել: Այդկերպ կանխվել է նրա ինքնասպանությունը: Նա հանել է այդ նամակն ու որոշել իր ետեւից տանել նաեւ երիտասարդության այն շերտին, որոնք հաճախակի գալիս- կանգնում են կամուրջների վրա եւ մտածում ինքնասպանություն գործելու մասին: Նա համոզված է, որ յուրաքանչյուր ոք՝ ով կկարդա այդ նամակը, հետ կկանգնի կյանքին վերջ տալու մտքից»:
Նամակը, որով պատվել էր ողջ Կիեւյան կամուրջը, սկսվում է հետեւյալ տողերով՝ «Իմ անծանոթ կամ ծանոթ ընկեր… այս տողերը, որոնք ինձ մի օր կյանք վերադարձրին, որոշեցի նվիրել նաեւ քեզ: Տիեզերքի կենդանի էակներից միայն մարդուն է տրված մտածելու, սիրելու, տնօրինելու, ծիծաղելու, երեւակայելու, ստեղծելու, ծրագրելու, խոսելու եւ աղոթելու ունակությունը: Հավատա, դու հրաշք ես՝ կատարյալ արարած, որն ընդունակ է տնօրինել իր սեփական ճակատագիրը: Դու կարող ես քո մտքերը դարձնել իրականություն: Եվ, ի վերջո՝ դու, ես, բոլորս կարող ենք բարելավել թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքը: Դու ունես ընտրելու ունակություն եւ հնարավորություն: Ճիշտ ընտրության դեպքում քո առջեւ կբացվեն երջանկության ու հաջողության դռները: Ընդամենը պետք է խելամիտ օգտագործել քեզ տրված կարողությունները՝ կատարելով ճիշտ ընտրություն:
Իմ անծանոթ ու ծանոթ ընկեր, արի ընտրենք կյանքը, ոչ թե մահը…»:
Ըստ Լ. Վայաչյանի, նախաձեռնության ակցիան միտված է նվազեցնել հանրապետությունում աճող ինքնասպանությունների թիվը. «Սա լավ նախաձեռնություն է, մնում է քաղաքապետարանը գիտակցի իր պատասխանատվությունն ու ընդառաջ գնա հերթական գեղեցիկ ու մարդասիրական ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությանն ու տրամադրի ռեսուրսներ եւ միջոցներ երիտասարդներին, որ իրականացնեն մարդասիրական ու հանուն կյանքի նախագիծը: Հատուկ խորհրդատվական ծառայություններ պետք է ստեղծվեն կամ գոնե մի կազմակերպություն, որը կզբաղվի միայն ինքնասպանություն գործել ցանկացող՝ հոգեբանորեն անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդկանց հետ: Այնքան անիմաստ գովազդներով են պատում քաղաքը, թող դրա փոխարեն հավաքեն մի խումբ երիտասարդների, մեծ տառերով գրեն՝ ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ, լուսանկարեն ու փակցնեն քաղաքի տարբեր անկյուններում»: