Ջերմուկ առողջարանային քաղաքում Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը երեկ ավարտվեց Տիգրան Քոթանջյանի վստահ հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի արեց Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) հետ եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ դարձավ հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Տիգրանից կես միավոր պակաս վաստակած Կոնստանտին Շանավան (Վրաստան) եւ Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան): Վերջինների հետ իրենց անվան դիմաց նույնպես 6,5-ական միավոր գրանցած մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Լեւոն Բաբուջյանը, համապատասխանաբար, հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի հինգերորդ եւ վեցերորդ հորիզոնականներում: