Շախմատի մրցաշարում հաշմանդամ մարդիկ իրենց ուժերը փորձեցին ոչ հաշմանդամների հետ
«Բավական է կյանքի ցանկացած ոլորտում՝ տանը, սպորտում, կրթության ոլորտում, ստեղծել հավասար հնարավորություններ, եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ապացուցել, որ իրենք որեւէ մեկից չեն տարբերվում: Նրանք անպայման կարող են իրենց հնարավորությունների սահմանում, մյուսներից ոչ պակաս դրսեւորել իրենց եւ տալ ավելին, քան նրանցից սպասում են»,- երեկ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատի 2-րդ մրցաշարի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հույսի կամուրջ» հ/կ-ի «Արեւածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը:
«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունները արդեն որերորդ անգամ են նման մրցույթներ կազմակերպում, եւ կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած սպորտաձեւում մրցաշարերի հաղթողների ցուցակում շատ են լինում հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք ուժեղ մրցակիցներ են մյուսների համար: Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ մասնակիցների թիվը 20 է: Նրանց թվում էր նաեւ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որը, սակայն, մրցաշարում պարտվեց: Նրա խոսքերով՝ «Հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարը շատ ողջունելի է: Կան մարդիկ, որ լավ ճակատագիր չեն ունեցել եւ զրկված են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Եվ նման մրցաշարերով պետք է պրոպագանդել, որ կառավարությունը մտածի հավասար հնարավորություններ ստեղծելու մասին»: «Աշխարհն առանց արգելքների» հ/կ-ի նախագահ Արման Մուշեղյանը, որը նույնպես շախմատային իր գիտելիքները պետք է փորձեր մրցաշարում, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը շարժվում է սայլակի օգնությամբ եւ հենց միայն շախմատի տուն մտնելը որոշակի դժվարություններ էր ստեղծել. մուտքն աստիճաններով էր. «Հաշմանդամ մարդու համար չկան հավասար պայմաններ տրանսպորտից օգտվելու, կրթություն ստանալու, ժամանցի օբյեկտներ մտնելու համար: Եվ այսօրվա միակ հաղթանակն այն կլինի, որ այն կարծրատիպերը, որ մարդիկ ունեն հաշմանդամություն ունեցողների նկատմամբ՝ կոտրվեն: Ես ընդհանրապես կյանքում տրամադրված եմ հաղթանակի, շախմատի մրցաշարից էլ նման ակնկալիքներ ունեմ, շախմատ սիրում եմ, մանկուց եմ խաղացել ու ցանկալի է, որ հաղթեմ»:
Մրցաշարի մասնակից Արման Գրիգորյանի խոսքերով՝ «Այս տարի ես որպես կամավոր եմ մասնակցում՝ աջակցելու «Հույսի կամուրջի» իմ ընկերներին: Այս միջոցառումները մեր հաշմանդամ մարդկանց ավելի են մտերմացնում ոչ հաշմանդամների հետ»:
Նշենք, որ մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին Հարություն Հովակիմյանը, Սերոբ Ղազարյանը եւ Նորայր Շողիկյանը: Մրցույթի մասնակիցներն անհամբերությամբ սպասում էին մրցաշարի պատվավոր հյուրին՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, որն այսօր սեանս է անցկացնելու եւ հաղթողներին մրցանակներ է տալու: