Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Հունիս 25,2011 00:00

Մինչդեռ մաեստրոն կարծում էր, թե ինքը հնգյակում է

\"\"

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հունիսի 26-ին կայանալիք համերգը նվիրված է ծնունդով Զանգեզուրից, 1000 տարվա պատմություն ունեցող Օրբելյան տոհմին: Երեկոն իր ներկայությամբ կպատվի դաշնակահար, կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալ դիրիժոր, համերգին հանդես կգա նաեւ նրա եղբորորդին՝ ճանաչված արվեստագետ, ՌԴ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան կրտսերը: Համերգային ծրագրում ընդգրկված են ամերիկյան «Յեյլի» շրջանավարտների երգչախումբը (ղեկավար՝ Ջեֆրի Դումա), «Փարոս» կամերային երգչախումբը (ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգիչ Եղիշե Մանուչարյանը, ամերիկացի բարիտոն Ջոն Ռուզը եւ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Կրտսեր եւ ավագ Օրբելյաններին «Առավոտը» քանիցս անդրադարձել է տարբեր առիթներով եւ համոզված ենք, որ կարիք չկա հերթական անգամ ներկայացնելու իսկապես տաղանդավոր արվեստագետներին:
Նրանց ուղղեցինք մեզ հետաքրքրող մեկական հարց, որոնք չեն առնչվում երաժիշտների ստեղծագործական կյանքին:
Կան հայտնի օրինակներ, երբ դիրիժորը միաժամանակ հանդիսանում է մի քանի նվագախմբերի գեղարվեստական ղեկավար, ինչպես, օրինակ, Վալերի Գերգիեւը, Վլադիմիր Սպիվակովը եւ այլք: Հետաքրքրությանը, թե ժամանակին իրեն առաջարկ է եղել ղեկավարելու նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը հայտնեց, որ ինքը չի հիշում նման բան, հետո էլ հավելեց. «Եթե ստանայի առաջարկ՝ կմտածեի»:
Վերջին շրջանում ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հրապարակած՝ իր տղամարդկանց տասնյակում տեղ է գտել նաեւ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անունը: Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ կնամեծար մաեստրոն էլ իր հերթին չի՞ պատրաստվում հանդես գալ նման «ելույթով», բնականաբար՝ նշելով իր կանանց անունները: Կ. Օրբելյանը նախ զարմացավ՝ մի՞թե ինքը ոչ թե հնգյակում է, այլ տասնյակում, հետո էլ խույս տալով կոնկրետ պատասխանից, ասաց. «Բացի Ալլա Բորիսովնայից, ես բարեկամական հարաբերությունների մեջ եմ եղել ու մնում եմ Լարիսա Դոլինայի, Իրինա Պոնարովսկայայի, Իրինա Ալեգրովայի եւ այլոց հետ»: Մինչ համերգը կայացած փորձերից ելնելով, Օրբելյաններն իրենց հիացմունքն արտահայտեցին կայանալիք համերգի կազմակերպիչների եւ Էդ. Թոփչյանի ղեկավարած Ֆիլհարմոնիկ նվագախմբի հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել