Լիբիացի ապստամբները շփումներ են հաստատել Տրիպոլիում ընդհատակյա հակակառավարական ուժերի հետ: BBC-ին այդ մասին հայտնի է դարձել Բենգազիում տեղակայված ապստամբների կառավարության՝ Ազգային անցումային խորհրդի աղբյուրներից: Ըստ այդմ, կողմերը բանակցություններ են վարում Մուամմար Քադդաֆիի ռեժիմը տապալելու նախապատրաստական գործողությունների շուրջ:
Շփումը հաստատվել է արբանյակային հեռախոսակապով եւ Skype համակարգչային ծրագրի միջոցով: Իբրեւ այդ նախապատրաստության սկիզբ՝ ապստամբները փորձում են պարզել, թե ինչպես են ազդել Տրիպոլիում իրավիճակի վրա ՆԱՏՕ-ի օդային հարվածները: Ապստամբները փորձում են նաեւ Տրիպոլիում ընդհատակյա այդ ուժին ներգրավել Քադդաֆիի տապալման ռազմավարական ծրագրի մշակման գործում եւ համակարգել իրենց գործողությունները նրանց հետո, ովքեր համարձակություն կունենան դուրս գալ փողոցներ եւ, ամենակարեւորը՝ ինչպես անել, որ հնարավոր լինի ծրագիրն իրականացնել առանց արյունահեղության:
Այլ աղբյուրներ հաղորդում են, թե Մուամմար Քադաֆֆին լքելու է Լիբիան առավելագույնը երկու-երեք շաբաթ անց: Նման հայտարարություն է արել Լիբիայի արտաքին գործերի նախարար, ՄԱԿ-ում Տրիպոլիի նախկին մշտական ներկայացուցիչ, այսօր ընդդիմության կողմն անցած Աբդուռահման Մոհամմեդ Շալգամը: Նա ասել է, թե Լիբիայի առաջնորդը բանակցություններ է վարում բարեկամ երկրների հետ՝ երկիրը լքելու ու միաժամանակ իր կուտակած կապիտալը պահելու, ինչպես նաեւ Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնելուց խույս տալու համար:
Դիվանագետը չի բացառել, որ Քադաֆֆին կարող է բանակցություններ վարել Բելառուսի հետ: