Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիեւում մեկնարկել է Տիմոշենկոյի գործով դատավարությունը

Հունիս 25,2011 00:00

\"\"Կիեւի շրջանային դատարանը ուրբաթ օրը սկսել է քննել երկրի նախկին վարչապետ եւ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի գործը: Հիշեցնենք, որ վերջինս իր դեմ առաջադրված մեղադրանքները համարել է դատաստան, կեղծիք եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից կազմակերպված անձնական հետապնդում:
2010թ. նախագահական ընտրություններում Տիմոշենկոյի կրած պարտությունից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյի նկատմամբ երեք քրգործ էր հարուցել՝ նրան մեղադրելով վարչապետ եղած ժամանակ պետական միջոցները անարդյունավետորեն վատնելու, «շտապօգնության» մեքենաներ գնելու հարցում մեքենայություններ անելու եւ 2009թ.-ին Ռուսաստանի հետ «գազային» պայմանագիր կնքելով՝ երկրի շահերը վնասելու մեղադրանքներով:
Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ առավոտից դատարանի մոտ էին հավաքվել Տիմոշենկոյի հազարավոր համակիրներ, որոնք եկել էին ոչ միայն Կիեւից, այլեւ մարզերից՝ վանկարկելով իրենց առաջնորդին աջակցության կարգախոսներ:
Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն դատարանի մոտ հայտարարել է, թե դատավարությունը չի կարող ազնիվ լինել. «Դա դատավարության ծաղր է, եւ մենք այդ դատարանից ոչ մի լավ բան չենք ակնկալում»:
Reuters-ի մատուցմամբ, այս դատավարությունը կարող է դառնալ Յանուկովիչի նախագահության ժամանակահատվածում ամենաաղմկահարույց քաղաքական պրոցեսը: Արեւմուտքում Յանուկովիչին արդեն մեղադրել են «ընտրովի արդարադատություն» իրականացնելու եւ ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ այսօր էլ բանտարկված են Տիմոշենկոյի մի քանի զինակիցներ, այդ թվում՝ ՆԳ նախկին նախարարը, «Նեվթոգազի» նախկին ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել