ԱՄՆ Արեւմտյան Միչիգանի եւ Մինեսոտայի համալսարանների պրոֆեսորներ Մարլեն Բրուն եւ Ռոնալդ Մարչեսը, ովքեր Հայաստանում էին առաջին անգամ, իրենց հետ բերել էին սեփական նախաձեռնությամբ հեղինակած «Փայլ եւ շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո հայ առաքելական եկեղեցիներում» անգլերեն աշխատությունը: Դրանք հիմնականում ձեռագործ աշխատանքներ են, հատկապես ուսումնասիրել ենք մանրանկարչությունը: Ռ. Մարչեսը «Առավոտի» հետ զրույցում անկեղծանում է, որ Հայաստանի ու մեր մշակույթի մասին շատ էր լսել, նաեւ ապշած է Երեւանի գեղեցկությամբ: «Գիտեմ, որ հայերը ողբերգություններ են տեսել, բայց ձեր ոգին ապրել է»,- ասում է նա: Ստամբուլի հայկական եկեղեցիների ձեռագործ աշխատանքների մասին պատմող նկարազարդ գրքի համար նա շուրջ 10 տարի է անցկացրել Ստամբուլում եւ մանրամասնորեն ուսումնասիրել հայկական եկեղեցիները: Գիրքը, որը տպագրվել է Թուրքիայում եւ տարածվել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, այլուր, անգլերեն լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով եւ նույնքան էլ թուրքերեն: Ռ. Մարչեսն ասում է, որ ԱՄՆ-ում գիրքը հետաքրքրել է շատերին եւ այն գրախանութներում արագ է սպառվում: Հետաքրքրվեցինք, թե ամերիկացի պրոֆեսորին ինչո՞ւ է հետաքրքրել հայկական թեման եւ մասնավորապես Ստամբուլի հայկական եկեղեցիները: Պարզվեց, որ մեր զրուցակիցը 1980-90-ական թվականներին դասավանդել է Թուրքիայում, որտեղ Մուրադ անունով հայ ընկեր է ունեցել եւ հենց վերջինիս առաջարկով էլ սկսել է աշխատել: Պոլսահայ համայնքի մասին լավատեղյակ պրոֆեսորի փոխանցմամբ, Ստամբուլում 70 հազար հայ կա, սակայն այդ թիվը, ըստ նրա, նվազում է, ինչի արդյունքում աշակերտներ չունենալու պատճառով հայկական դպրոցները թուրքական այդ քաղաքում փակվում են: Ամերիկացի պրոֆեսորն ասում է, թե ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ հայկական շատ եկեղեցիներ ժամանակի ընթացքում Ստամբուլում անհետացել են. «Գործող եկեղեցիների մի մասում էլ քահանաներ չկան, պատարագ չի լինում եւ շատ արժեքավոր ձեռագործ աշխատանքներ, մանրանկարներ պահպանվել են անհատների միջոցով: Ստամբուլյան եկեղեցիներում հարուստ հավաքածու կա, որն ունի հզոր զգացմունքային էներգետիկա: Ստամբուլում գտնվող 72 եկեղեցիներից 55-ը առաքելական է, 12-ը՝ կաթոլիկ, 4-ը՝ բողոքական: Հայկական եկեղեցիների 13 %-ը Գում Գափուում եւ Սամաթիայում է, դրանք այն հիմնական թաղամասերն են, որտեղ հայերը բնակվում էին»: Ամերիկացի հեղինակները տեղեկացրին, որ «Փայլ եւ շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո հայ առաքելական եկեղեցիներում» աշխատությունը միայն սկիզբն է եւ արդեն պատրաստվում են նոր՝ «Հավատքի գանձերը» գրքի հրատարակման համար, որը Ռ. Մարչեսը ցանկություն ունի տպագրված տեսնել հաջորդ տարի: ԳԱԱ-ում հյուրընկալած հեղինակները շտապում էին գիրքը ներկայացնել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Նրանք հույս ունեն, որ գիրքը պետք է նաեւ հայ ընթերցողին ներկայացվի, որովհետեւ այն նորություն է եւ նման մասնագիտական ուսումնասիրություն առաջին անգամ է եղել: «Սա ձեր ժողովրդի ժառանգության մի մասն է, որը պետք է ուսումնասիրվի եւ պահպանվի»,- կարծում է Ռ. Մարչեսը: Արեւմտյան Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մարլեն Բրուն նշեց, որ գրքում ներկայացրել են Ստամբուլի 30 գործող եկեղեցիներից 20-ը. «Ներկայացվել է ամեն ինչ՝ սկսած թագերից, հագուստից, վարագույրներից եւ պատարագի տարբեր պարագաներից: Այս աշխատությունը ոչ միայն կարեւոր է նրանով, որ հարուստ հավաքածու է ներկայացնում, այլեւ նրանով, որ բոլոր պարագաների վրա գտել ենք մակագրություններ»: