Երեկ խմբագրություն եկան «Աղասի Այվազյան» մասնավոր դպրոցի կոլեկտիվի անդամները, ովքեր բաց նամակ են հղել նաեւ ՀՀ նախագահին:
Ինչպես ձեւակերպված է նամակում, տնօրեն Գրետա Վերդիյանը հունիսի 23-ին տեղեկացել է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել այլընտրանքային 20-ամյա հեղինակության դպրոցը արտոնագրից զրկելու մասին՝ հենվելով կրթության մասին օրենսդրության մեջ համապատասխան հոդվածի բացակայության վրա. «Վաղ կրթություն» հայեցակարգը ԿԱԻ-ի կողմից գիտական ուսումնասիրության դեպքում կարող էր դառնալ ոչ միայն ազգային նվաճում տարրական կրթության համակարգում, այլեւ կարող էր համագործակցել կոռումպացված կրկնուսույցության դեմ պայքարում, քանզի ավագ դպրոցի 2 տարին՝ տասնմեկերորդ, տասներկուերորդ դասարանները կդառնան զուտ կրկնողական, այսինքն՝ կրկնուսույցային։ Մեր հայեցակարգի կենսագործունեության ընթացքում ԿԳՆ փոխել է նույնքան նախարարներ եւ, ցավոք, ոչ մեկին հայեցակարգին ծանոթանալուն չի բավականացրել ժամանակը։ Եվ, ցավոք, ժամանակ ունեցել է ներկա նախարարը՝ ստորագրելու ինովացիոն հայեցակարգ ունենալ չցանկանալու հրամանը, եթե այն, ըստ հեղինակի, «նախարարական» չէ, Արա Ավետիսյանական չէ, որը գիտի բուհերը եւ չգիտի դպրոցները։ Հարգելի պարոն նախագահ, կարելի է առաջարկել այս հայեցակարգը եվրոպական ցանկացած երկրի, եթե դուք էլ համաձայնեք, որ այսպիսի հայեցակարգային մանկավարժությունը պետք չէ մեր դպրոցական կրթության համակարգին»: Նամակի տակ 17 ստորագրություն կա: Ուսուցիչները այսօր ասուլիս են հրավիրել «Աղասի Այվազյան» հեղինակային դպրոցում՝ «ԿԳՆ-ի կողմից «Աղասի Այվազյան» այլընտրանքային դպրոցի փակումը» թեմայով: