«Նոր ԶԼՄ-ներ, նոր մարտահրավերներ, առաջավոր փորձը նոր դարաշրջանում»: Թեմայի շուրջ հայ եւ արտասահմանցի լրագրողների գիտելիքները նույնն են, այլ հարց է՝ որ երկրում որքան են յուրացվել նոր մեդիայի հմտությունները: Այս հարցն էին երեկ Կովկասի ինստիտուտում քննարկում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի լրագրողները: Կովկասի ինստիտուտի եւ լրագրողների համար վաշինգտոնյան Միջազգային կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը՝ լրագրողների փորձի փոխանակման հայ-թուրքական-ամերիկյան նախագծի շրջանակներում եզրափակիչ միջոցառումն էր: «Ինտերնյուս Արմենիա» կազմակերպությունից Գեղամ Վարդանյանը ներկայացրեց Հայաստանում օնլայն լրագրության փորձը եւ մարտահրավերները՝ նշելով, որ մեզ մոտ իսկական մուլտիմեդիան համարյա բացակայում է, ավանդական լրատվամիջոցները, որոնք ունեն կայքէջ, բոլորովին մուլտիմեդիա չեն համարվում. դրանց օնլայն տարբերակը ոչնչով չի տարբերվում տպագրից կամ հեռարձակվողից: Հիմա լսարանը փոխվել է, պահանջները՝ նույնպես: «Ուզում են տեքստը պարզ լինի, տեսանելի, հղումներով, իրադարձությանն անմիջական մասնակցություն ունենան,- ասում է Գեղամ Վարդանյանը եւ նշում,-իսկ տեքստը միայն նյութի ցեմենտն է»: Լսարանի պահանջն էլ բավարարելու համար անհրաժեշտ են լրագրողներ, ովքեր ի վիճակի կլինեն կատարել մի քանի գործողություն՝ նկարել, ձայնագրել, մոնտաժել եւ այլն, որն ամենեւին չի նշանակում, թե լրագրողը մի նյութը գրելիս պետք է կատարի բոլոր գործողությունները միասին, պետք է հասկանա՝ որն է առավել պետք այդ նյութին:
Հայ առաջատար բլոգեր եւ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, խոսելով հայաստանյան քաղաքացիական լրագրության եւ բլոգինգի մասին, նշեց, որ բլոգերությունը, որը բուռն «զարգացում ապրեց» 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո, երբ տեղեկատվական բլոկադա էր ստեղծվել, հիմա արդեն թուլացել է: Փոխարենը մեծացել է սոցիալական ցանցերի դերը՝ Facebook, odnoklassniki… Facebook-ը մեծ դերակատարում ունի քաղաքական դաշտում: «Այստեղ քաղաքապետը պատասխանում է քաղաքացիներին, եւ լրագրողը դա կարող է օգտագործել իր նյութում»- ասում է Սամվել Մարտիրոսյանը, ով կարծում է՝ սոցիալական ցանցերի դերը Հայաստանում գերագնահատված է: Ամերիկյան լրագրողները նույնպես հանդես եկան իրենց տեսական գիտելիքներով, որոնք հիմնված էին գործնական մեծ փորձի վրա: