Ինչպե՞ս ունենալ լավ դասագրքեր
2011-2012թթ. ուսումնական տարվա դասագրքերի մրցույթում չհաղթած դասագրքերի մասին եղած հրապարակումներում հնչում են տարբեր տեսակետներ, որոնց, որպես այդ մրցույթի հանձնաժողովի անդամ, շատ ուշադիր հետեւում եմ: Հնչած բոլոր կարծիքների մեջ կա ընդհանուր մի տեսակետ, որի հետ համաձայն եմ եւ որի մասին բարձրաձայնել եմ նաեւ հանձնաժողովում: Դա դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների ձեռագրերի բովանդակային գնահատման նպատակով վերջին երկու տարիներին ԿԳ նախարարի հրամանով առարկայական երկու տարբեր՝ 3-ական դասախոսներից եւ ուսուցիչներից կազմված հանձնաժողովների անդամների նշանակման մեխանիզմի նկատմամբ անվստահությունն է: Հասարակությանը, եւ հատկապես դասագրքի հեղինակին, չենք կարող մեղադրել այն բանի մեջ, որ ինքն ուզում է վստահ լինել, որ այն դասախոսներն ու ուսուցիչները, որոնց վստահվել է դասագրքերի մասին կարծիք գրելու շատ պատասխանատու աշխատանքը, հասարակության մեծ մասին հայտնի լինեն որպես իրենց գործի մեջ թրծված, հեղինակություն վայելող, անկողմնակալ անձինք: Տեղին է նշել, որ նախկինում վերոնշյալ նպատակով ստեղծված հանձնաժողովը եղել է ընդամենը մեկը՝ բաղկացած դասախոսներից ու ուսուցիչներից, որտեղ, բնականաբար, դասախոսների արտահայտած կարծիքի հեղինակությունը ճնշող է եղել ուսուցիչների կարծիքի նկատմամբ, իսկ այսօր մրցույթի հանձնաժողովի անդամներս առանձին-առանձին ծանոթանում ենք այդ տեսակետներին: Ես անձամբ, ուսուցիչների տված կարծիքի վրա հիմնվելով եմ այս կամ այն դասագրքի խմբաքանակին կողմ կամ դեմ արտահայտվել: Ընդ որում, դասագրքերի յուրաքանչյուր խմբաքանակ 12 չափանիշով է գնահատվել, որոնց պայմաններն են պետական ծրագրին եւ չափորոշիչին համապատասխանելը, միջառարկայական կապերը ապահովելը, արդիականությունը, բովանդակության համապատասխանությունը տարիքային խմբին եւ այլն: Դասագրքերը ստեղծվում են շատ կարճ ժամանակահատվածում եւ պատշաճ փորձաքննության չեն ենթարկվում: Հանրապետությունում գործող 50 դպրոց-կենտրոնների վրա է դրված մրցույթում հաղթած դասագրքերի մասին ուսուցիչների կարծիքները հավաքագրելու պարտականությունը, որը, եթե անգամ տեղերում պատշաճորեն իրականացվեր, ապա բոլորովին բավարար չէ դասագիրքը փորձաքննություն անցած համարելու համար: Դասագիրքը գրվում է աշակերտի համար եւ այն պետք է փորձարկվի աշակերտի կողմից դասարանում, առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում: 2009 թվականի հուլիսին ԱԺ-ում ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով դասագրքերի փորձաքննության համար սահմանված էր մեկ տարվա ժամկետ, սակայն սեպտեմբերին այն օրենքից հանվեց՝ պետբյուջեով մեկ տարով դասագրքերի փորձաքննության համար գումարներ նախատեսված չլինելու հիմնավորմամբ:
Այսօր շատ է խոսվում գիտելիքների ձեռքբերման այլընտրանքային տարբեր միջոցների մասին: Իհարկե, ապագան դրանցն է, սակայն քանի դեռ դրանք անհասանելի են հանրապետության բոլոր աշակերտների համար, ուրեմն անհրաժեշտ է ունենալ լավ դասագրքեր, այսինքն՝ լավ դասագիրք գրողներ: Այդ մշակույթը, թող իմ կողմից շատ հարգելի հեղինակները չնեղանան, մեզանում դեռ չի կայացել, որովհետեւ դեռեւս դպրոցում աշխատած տարիներին շատ լավ հիշում եմ այս տարի չհաղթած որոշ դասագրքերի վերաբերյալ նույնաբովանդակ դժգոհությունները: Այնպես որ, համամիտ լինելով նրանց որոշ տեսակետների հետ, նախարարությանն առաջարկում եմ՝ 1. դասագրքերի մրցույթը հայտարարել շատ ավելի վաղ, օրինակ՝ հուլիսին, որպեսզի հրատարակչությունները նույնպես ավելի վաղ ձեռնամուխ լինեն հեղինակների ընտրությանն ու պատվերներն ավելի շուտ տրվեն նրանց: Սա կնպաստի նաեւ այն հանգամանքին, որ դասագիրքը դպրոց կհասնի ոչ թե օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի ընթացքում, ինչպես հիմա է լինում, այլ օգոստոսի կեսերին: 2. Վերանայել՝ դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների ձեռագրերի բովանդակային գնահատման նպատակով ԿԳ նախարարի հրամանով առարկայական հանձնաժողովների ստեղծման մեխանիզմը: Այս հանձնաժողովների անդամների առջեւ դնել դասագրքերին ներկայացվող գնահատման 12 չափանիշների վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առավել համոզիչ ու անխոցելի գրախոսականներ ներկայացնելու պահանջ: 3. Դպրոց-կենտրոններում ուսուցիչների կողմից դասագրքերի վերաբերյալ կարծիքների ճշմարիտ բանկ ձեւավորելու նպատակով ստեղծել մի մեխանիզմ, որը խթանի այս շատ կարեւոր գործընթացն ու պարտավորեցնող լինի դպրոցի համար, այսինքն՝ այն անդրադառնա դպրոցի արտաքին գնահատման արդյունքի վրա:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության մշտական հանձնաժողովի եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ